info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ուխտասարի անվան առեղծվածը

Ուխտասար

Ուխտասար

Ուխտասա՞ր, թե Ուղտասար։

Քանի որ շատ անգամ լինում են բանավեճեր անվան շուրջ, ուզում եմ իմ վերլուծությունն անել:

Անվան ծագումը

Մարդիկ կան, որ սարը կապում են կենդանու հետ և պնդում, որ ճիշտն Ուղտասարն է, մյուսները պնդում են, որ ուղտ կենդանին անվան հետ որևէ կապ չունի, տարածքը եղել է ուխտատեղի այդ պատճառով էլ անվանել են Ուխտասար:

Առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել: Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ), որի ափին ժայռապատկերներն են, գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճից արևմուտք գտնվում է այսպես կոչված Ուղտասարը, այն սարը, որը նման է ուղտի սապատների: Լճից դեպի արևելք գտնվում է Ծղուկը, որին նույնպես Ուխտասար են ասում: Ըստ էության այստեղ ճիշտ ու սխալ չկա, քանի որ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել, բայց դժվար է մութ սենյակում փնտրել սև կատվին, մանավանդ որ կատուն սենյակում չի:

Ուխտասարի լիճ

Ուխտասար հնավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում: Հայտնաբերվել է 1968 թվականին: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:

«Ուխտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ»։ -Վիքիպեդիա 

Ուխտասարի ժայռապատկերները

Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված են այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Բեզոարյան այծերի վարքի մեջ վաղ ժամանակներից նկատվել է շատ հետաքրքիր բան՝ կայծակի և ամպրոպի ժամանակ, երբ կենդանիների մեջ խուճապ է առաջանում, հոտի առաջնորդը բարձրանում է ամենաբարձր ժայռի վրա, պարզում եղջյուրներն ու քարանում՝ դառնալով բնական շանթարգել։

Ուխտասարի ժայռապատկերներ

Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է գալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանիշ և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար իծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։

Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն։

Ուխտասարի ժայռապատկերներ

Ծղուկ լեռ (3581 մ)

Հանգած հրաբխային լեռնազանգված Սյունիքի բարձրավանդակում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից: Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ:

Տեսարան Ծղուկ լեռան գագաթից

Ծղուկի գագաթից դեպի հյուսիս բացվում է հիանալի տեսարան դեպի Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր կետը՝ Թրասարը (3594 մ): Դեպի հյուսիս-արևելք երևում է սեղանասարը և մի գեղեցիկ լիճ: Սեղանասարն ունի հատած կոնի տեսք:

Դեպի հարավ-արևելք ամպերի մեջ նշմարվում են Մեծ և Փոքր Իշխանասարերը:

Դեպի հարավ՝ Զանգեզուրի լեռնաշղթան իր ճյուղավորումներով:

 

Հոդվածի հեղինակ՝ Տիգրան Վարագ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին