Կողմնորոշում տեղանքում առանց GPS
Արշավի յուրաքանչյուր մասնակցի անհրաժեշտ է տիրապետել ճիշտ կողմնորոշվելու հմտություններին, աստիճանաբար ձեռք բերել որոշակի փորձ այս ասպարեզում: Ձեզ ենք ներկայացնում այն միջոցները, որոնք կօգնեն կատարել ճիշտ կողմնորոշում տեղանքում առանց GPS : Այդպիսի միջոցներից են կողմնացույցը, ժամացույցը, ու անգամ բնությունն ինքն է մարդկանց հուշում՝ ինչպես գտնել ճիշտ ճանապարհը:
Արևն ու ժամացույցը՝ կողմնացույցի փոխարեն
Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:
Գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում
Նման դեպքերում մեզ օգնության կարող են հասնել նաև գիշերային լուսատուները: Արդեն ուշ ժամերին՝ մթնելուն պես, երկրի կողմերը կարելի է որոշել բևեռային աստղի և լուսնի օգնությամբ: Երկնքում գտնելով յոթ աստղերից բաղկացած Մեծ Արջի համաստեղությունը՝ շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը մտովի երկարացնենք շերեփի լայն բացվածքի ուղղությամբ և այդ ուղիղ գիծը շարունակենք, հաշվելով երկու աստղերի միջև ընկած տարածությունը հինգ անգամ: Կտեսնենք, որ երևակայական գիծը այդ կետում հանդիպում է մի պայծառ աստղի, որն էլ ամենափայլուն աստղն է տվյալ հատվածում: Բացի այս, Փոքր Արջի «բռնակի» վերջին աստղն է: Նրա միջոցով կարելի է որոշել հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս՝ բևեռային աստղի աջ կողմը կլինի արևելք, ձախը՝ արևմուտք, ծոծրակի կողմը՝ հարավ:
Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ
Բնության մեջ մեզ հանդիպող առարկաները ևս կարող են հեշտացնել մեր առջև դրված խնդիրը՝ ինչպես կատարել ճիշտ կողմնորոշում տեղանքում առանց GPS: Ճիշտ է, այս մեթոդը քիչ կիրառելի է, ոչ այնքան հավաստի լինելու պատճառով, բայց կարելի է օգտվել նաև այս կողմնորոշիչներից: Դրանք հետևյալներն են՝
- միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը
- կտրված ծառի կոճղի վրա կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում անպայման խիստ են լինում,
- մամուռը և քարաքոսը աճում են ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում՝ խուսափելով արևի ճառագայթներից
- գարնանը ձյան շերտը շատ շուտ հալվում է՝ հարավային կողմում և սարալանջին առաջացնելով շերտավոր մասեր
- հատապտուղները և մրգերը ավելի շատ հարավային կողմից են գունավորվում
- մրջնանոցների թմբի երկար լանջը նայում է դեպի հարավ
- եկեղեցիներով հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, իմանալով, որ խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան, որ արևի ժամացույցները սովորաբար գտնվում են եկեղեցու հարավային պատի վրա, իսկ եթե եկեղեցու գագաթին խաչ կա, ապա նրա թևերը ուղղված են արևելքից արևմուտք:
Կողմնորոշումը կողմնացույցով
Ինչ վերաբերում է կողմնորոշմանը կողմնացույցի միջոցով, ապա կարելի է ասել, որ այս գործիքն օգնում է ճշգրտորեն որոշել հորիզոնի կողմերը ցանկացած դիրքից: Գոյություն ունեն աշակերտական, ծովային, երկրաբանական, ռազմական մի շարք կողմնացույցեր: Մեծամասամբ բոլոր տեսակի կողմնացույցերն էլ կազմված են տուփից, թվատախտակից, նշանառության հարմարանքից, մագնիսական սլաքից, ասեղից և արգելակից:
Հորիզոնի կողմերը որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական վիճակում՝ ափի մեջ կամ հարթառարկայի վրա, և արգելակը բացելով, սպասել մինչև սլաքի շարժումը հանդարտվի: Ապա տուփը պետք է պտտել այնքան ժամանակ, մինչև սլաքի հյուսիսային ծայրը համընկնի հյուսիսի 360 աստիճան ցուցիչի հետ: Հյուսիսային կողմը գտնելուց հետո արդեն հեշտ է գտնել մյուս կողմերը:
Կողմնացույցի անխափան աշխատանքը պայմանավորված է հետևյալ գործոններով.
- երեկոյան ժամերին մագնիսական սլաքը ավելի պայծառ երևալու համար անհրաժեշտ է 10-15 րոպե այն պահել ուժեղ լույսի տակ
- ամպրոպների ժամանակ մագնիսականությամբ հարուստ լեռների վրա կողմնացույցը կաշխատի որոշակի խախտումներով, ինչը կարելի է նկատել Արագածի գագաթը բարձրանալիս
- աշխատանքի պահին կողմնացույցը պետք է հեռու լինի մետաղյա իրերից և էլեկտրական բարձր լարման հոսանքի սյուներից
- աշխատանքն ավարտելուն պես պետք է սեղմել կողմնացույցի արգելակը:
Ազիմուտ
Տուրիստ-ճանապարհորդին անշուշտ պետք է ճիշտ պատկերացում կազմել իր շարժման ուղղության մասին: Շարժման ուղղությունը դեպի տվյալ առարկաները կամ կողմնորոշիչները արտահայտվում է ազիմուտով: Ազիմուտ է կոչվում հորիզոնական հարթության վրա կազմված այն անկյունը, որը գտնվում է միջօրեականի և շարժման ուղղության միջև: Ազիմուտները չափվում են աստիճաններով. 0-360 աստիճան: 90 աստիճան անկյունը ցույց է տալիս արևելյան կողմը, 180 աստիճանը անկյունը՝ հարավայինը, 270 աստիճան անկյունը՝ արևմտյանը, 0 կամ 360 աստճան անկյունը՝ հյուսիսայինը: Որևէ առարկայի ազիմուտը որոշելու համար պետք է դեմքով կանգնել դեպի տվյալ կողմնորոշիչը, որից հետո պետք է այնպես բռնել կողմնացույցը, որ սլաքի հյուսիսային ծայրը համընկնի թվատախտակի վրա դրված հյուսիսի ցուցիչի հետ: Չխախտելով կողմնորոշման հորիզոնական դիրքը՝ կողմնացույցը բարձրացնել մինչև աչքի բարձրությունը ու պտտել նրա նշանառության հարմարանքը այնքան, մինչև նշանառության ակոսից երևա ասեղը, որն էլ ուղղված է լինում դեպի կողմնորոշիչը: Ասեղի մոտ՝ թվատախտակի վրա կկարդաք տվյալ առարկայի անկյունը՝ ազիմուտը:
Շարժման ընթացքում հարկավոր է կողմնացույցը պահել ձեռքում և ամեն 50-100 քայլից հետո ստուգել ուղղության ճշտությունը, որպեսզի տեսադաշտից չկորչի կողմնորոշված առարկան: Վատ տեսանելիության պայմաններում, խիտ անտառների դժվարանցանելի հատվածներում անհրաժեշտ է, որ մասնակիցներից մեկը ուղղորդի մնացածին, որպեսզի նրանց ընդունելով իբրև «կողմնորոշիչներ», հեշտ լինի միաժամանակ ստուգել շարժման ուղղությունը:
Կողմնորոշումը քարտեզի միջոցով
Վերջապես, ճանապարհորդի համար առաջնային նախապայման է կարողանալ օգտվել քարտեզից և կողմնորոշվել դրանով: Նա պետք է ունենա որոշակի գիտելիքներ, ծանոթ լինի պայմանանշաններին, որոշի մասշտաբները և ռելեֆի ձևերը: Այս գիտելիքները հնարավորություն կտան հեշտությամբ իրականացնել կողմնորոշում տեղանքում առանց GPS – ի:
Քարտեզը կարելի է կողմնորոշել՝
- հորիզոնի կողմերով կամ երկնային լուսատուներով
- տեղանքի առարկաներով
- ռելեֆի բնորոշ գծերով
- կողմնացույցով
Քարտեզը կարելի է կողմնորոշել նաև ըստ տեղանքի, այն է՝ քարտեզի հորիզոնական կողմերը բերել այնպիսի դիրքի, որ համընկնի տեղանքի համապատասխան ուղղությունների հետ, որին հետևում է գտնել արշավի մասնակիցների տեղը քարտեզի վրա՝ այնտեղ նշված առարկաների օգնությամբ: Մասնակցի տեղը գտնելուց հետո դժվար չէ այնուհետև օգտվել տեղագրական քարտեզից, գտնել ցանկացած կողմնորոշիչը, շարժվել համապատասխան ուղղությամբ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: