info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Իջել եմ Արարատից ու ասել՝ «մինչ տեսություն»

Արարատվածներ / Ռիմա Սարգսյան

Արարատվածներ / Ռիմա Սարգսյան

Թե փորձեմ բոլոր տարիների նկարներս փորփրել, երևի Արարատը լինի իմ կողմից ամենաշատ նկարված օբյեկտը՝ ամեն նկարում տարբեր, բայց միշտ գրավիչ։ Արարատի վերելքի գաղափարը ծնվեց 2019 թվականին՝ Հայաստանում մի քանի արշավների մասնակցությունից ոգեշնչված։ Հինգ տարի անց` 2024 թվականի օգոստոսի 16-ին հայտնվեցի գագաթին։ Իրականում դժվար էր պատկերացնել վերելքը, դա էլ իր հերթին վախեր էր առաջ բերում, ուժերի հանդեպ թերահավատություն։ Չնայած տարբեր հանգամանքների բերումով անընդհատ հետաձգվում էր վերելքը, բայց հենց այս վախն էր գլխավոր պատճառներից մեկը։

Արարատվածներ / Ռիմա Սարգսյան

Արարատը՝ որպես համեստ ծերունի

Արշավի սկզբից՝ ամեն հաջորդ քայլի հետ, ճանապարհն ավելի պարզ էր թվում, նպատակն ավելի հասանելի, իսկ ես՝ ավելի վստահ, որ կարող եմ։

 

Վերջերս Արարատը սկսել էի ասոցացնել համեստ ծերուկի հետ, որը մարդամեջ է դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ ինքն է ուզում։ Հետաքրքիր է, որ մեր վերելքի ժամին էլ էր այդպես, ծերուկը համեստություն էր անում, և այդ պատճառով գագաթից բաց տեսարան չունեցանք։

«Քամի՜, տար ինձ վերև, գրկի՜ր դու ինձ, արև»

Գրեթե ողջ վերելքն ակնկալածիցս ավելի թեթև է անցել։ Ամենամեծ դժվարությունը երևի թե թթվածնի պակասն էր, երբ գագաթ հասնելուն շատ քիչ էր մնացել։ Զարմանալի էր, սակայն, ամեն բարդության մասին մոռանում ես գագաթ հասնելուն պես, ու կարծես նոր շնչառություն է բացվում մոտդ։ Դժվար է մտապահել, թե ինչ մտքեր են օգնել դժվարություններն հաղթահարել։ Ինձ համար շատ մեդիտատիվ էր վերջնական վերելքը, ողջ էներգիաս ու մտքերս կենտրոնացած էին հաջորդ քայլն անելու վրա։

Բարձրանալիս որևէ երգ չկար մտքումս։ Իջնելուց հետո «Եղանակ» խմբի «Սառը արև» երգն եմ շատ լսել, երբ սիրտս նորից վերև էր ուզում․ «Քամի՜, տար ինձ վերև, գրկի՜ր դու ինձ, արև»: 

Ազատության զգացումը միշտ հետս է սարերում

Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ շնչահատ բառով… կես կատակ, կես լուրջ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա՝ ազատ։ Ազատության զգացումը միշտ հետս է սարերում։ Ինքս ինձ ավելի մոտ եմ զգում ու իմ Արարատված «ես»-ն արդեն միշտ ինձ հետ է։ 

Չեմ կարողանա էմոցիաներով նկարագրել, թե ինչ եմ զգացել Արարատում։ Հույզերը շատ էին, ու նման զգացողությունների համախմբում մինչ այդ չէի ունեցել։ Ամենավառ հիշողությունն Արարատի գագաթ հասնելու պահն էր, նստելը, շունչը հետ բերելը, ու գիտակցելը՝ ես կամ, այստեղ եմ, և այս պահն իմն է։

Ամեն ինչ ճիշտ տեղում էր, ճիշտ ժամանակին

Կդժվարանամ բնության տարրերով նկարագրել Արարատը, բայց մի բան հստակ է՝ վերելքս ճիշտ ժամանակին էր, միանշանակ արժեր այսքան սպասել, հետաձգել, ու վերջնական որոշումը կայացնել՝ հենց արշավից երկու շաբաթ առաջ։ Ես վախենում էի կիսատության զգացումով հետ գալ Արարատից. կարծես կիսատ ես մինչ էդտեղ հասնելը, բայց կիսատ ես նաև դրանից հետո։

Արարատվածներ / Ռիմա Սարգսյան

Նպատակս ուղղակի մեկ անգամ Արարատ բարձրանալն էր, սակայն հենց գագաթին հասնելու առաջին վայրկյաններին զգացի, որ պետք է նորից գամ, կիսատն ամբողջության զգացումով փոխարինած իջել եմ ու Արարատին ասել «մինչ տեսություն»։ 

Կյանքս լցվեց 5165-ով։

Ռիմա Սարգսյան

Առաջիկա արշավներ