info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Օկոնավանք․ Տավուշ

Օկոնավանք եկեղեցի

Օկոնավանք եկեղեցի

Օկոնավանք եկեղեցի կամ Օկոնախաչ գտնվում է Տավուշի մարզում՝ Խաչաղբյուրի կիրճի վերին մասում։ Եկեղեցին տեղակայված է Ենոքավան գյուղի մոտակայքում՝ Օկոն կոչվող գյուղատեղիում։

Օկոն գյուղատեղի

Օկոն գյուղատեղին հիշատակվում է միջնադարից մինչև 20-րդ դար։ Այն հիմնականում հանդիսացել է որպես ձմեռանոց, որտեղ տեղացիները պահում էին իրենց խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, ինչը տարածված էր հատկապես Տավուշի, Լոռվա և Սյունիքի մարզերում։ Քանի որ այլ մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, գյուղացիները ձմեռանոցներում պահում էին միայն խոշոր եղջերավոր կենդանիների։

Օկոն ձմեռանոցը ժամանակի ընթացքում դարձավ նաև գյուղատեղի, որտեղ տեղացիները մնում էին ամբողջ տարին։ Այդ ամենը պայմանավորված էր նրանով, որ ժամանակի ընթացքում բնակիչները սկսեցին զբաղվել նաև երկրագործական աշխատանքներով՝ այլևս կարիք չունենալով լքել ձմեռանոցի տարածքը։  

Օկոն երբեմնի գյուղատեղիի մասին են փաստում նաև Օկոնավանքի տարածքում հայտանբերված տապանաքարերը, որոնք թվագրվում են 19-20-րդ դարեր։

Օկոնավանք

Եկեղեցու մասին տեղեկություններ շատ քիչ են, հայտնի է միայն եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1863թ․։ Այն եռանավ բազիլիկատիպ շինություն է՝ զույգ ավանդատներով։ Ավանդատները զարդարված են հեծյալների պատկերմամբ զարդաքանդակներով։ Հետաքրքրական է, որ հեծյալներ պատկերող խաչքարերը հիմնականում հանդիպում են Արցախում՝ պայմանավորված լինելով այն հանգամանքով, որ Արցախը հայտնի է եղել որպես «ղարաբաղյան ձիու հայրենիք»։ Նմանատիպ խաչքարեր կարելի է հանդիպել Օխտը Եղցի վանքում։ Սակայն թե ինչպես կարելի է բացատրել Օկոնավանքում նմանատիպ խաչքարերի առկայությունը՝ անհայտ է։ 

Վանքի դիմաց կա տեղադրված թևավոր խաչ՝ թվագրված 12-13-րդ դարեր, որի մասին տեղեկություններ ևս չկան։

Օկոնավանքի երթուղին հատկապես գեղեցիկ է աշնանը, որն անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով:

 

Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ