Օխտը եղցի
Օխտը եղցի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա (Պտրեցիք, Բադարա) գյուղի անտառածածկ բլրի թեք լանջին: Այն տեղակայված է Պտրեցիք գետի աջ ափին՝ համանուն գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք:
Պտրեցիք գյուղում հաշվառված է ավելի քան 150 պատմամշակութային հուշարձան, որոնցից առաջին և խոշոր հնավայրը համարվում է Օխտը եղցի վանքը: Վանքի տեղանքն ունի հրվանդանի ձև, որտեղ կանգուն են կիսավեր կամ հիմնահատակ քանդված 13 պաշտամունքային և աշխարհիկ շենքեր, որոնցից յոթը եղել են եկեղեցիներ։
Հուշարձանախումբ
Օխտը եղցի նշանակում է յոթը եկեղեցի՝ ունենալով շատ պարզ բացատրություն: Սակայն պետք է նշել, որ մեզ հայտնի Օխտը եղցի անվանումը պատմական անունը չէ, այլ ժողովրդական: Այս եզրահանգմանն ուսումնասիրողները հանգել են՝ հաշվի առնելով այն փաստը, որ վանքի տարածքում գտնված թվով 12 արձանաագրություններից և ոչ մեկում չենք հանդիպում համալիրի իրական անվանը:
Հուշարձանախումբը կամ վանական համալիրը կազմված է թվով յոթը եկեղեցիներից և վեց աշխարհիկ կառույցներից:
Գլխավոր եկեղեցուն հյուսիսային հատվածից կից գտնվում է դամբարանը: Որպես գավիթ հավանաբար ծառայել է համալիրի հարավ-արևելքում գտնվող ուղղանկյուն հատակագծով շինությունը: Գավիթի մուտքն արևմուտքից է: Նմանատիպ շինություն կա նաև համալիրի հարավ-արևմուտքում, մուտքը՝ արևելյան կողմից, սակայն անհայտ է մնում շենքի դերը համալիրի կազմում:
Եվս չորս շինությունների ավերակների հետքեր կան համալիրից 6-7 մետր հեռավորության վրա, որտեղ արդեն տեղակայված են գերեզմանոցները: Այնտեղ նկատելի են ևս երկու շենքերի ավերակներ:
Խաչքարեր
Օխտը եղցի տեղավայրում հայտնաբերվել են թվով 44 խաչքարեր: Հ. Պետրոսյանն իր «Խաչքար» գրքում անդրադառնալով արցախյան խաչքարերին և նրանց առանձնահատկություններին՝ նշում է, որ 12-13-րդ դարերում խաչքարային արվեստում մեծ տարածում է ստանում աշխարհիկ կյանքի պատկերումը, որը տիպիկ չէր քրիստոնեական գաղափարախոսությանը:
Իհարկե նմանատիպ խաչքարերի հանդիպում ենք նաև Հայաստանում՝ Կողբում, Իմիրզեկում, Նորավանքում, սակայն արցախյան այդ ոճի խաչքարերն անհամեմատ ավելի շատ են՝ գերազանցելով 5 տասնյակը:
Ընտանեկան պատկերաքանդակով խաչքարը
Օխտը եղցիի հյուսիսային կողմում գտնվել է խաչքար, որը թվագրվում է 1158թ.: Այն կերտված է սպիտակ տուֆից, ունի 1.1մ բարձրություն և 65սմ լայնություն: Խաչքարի արձանագրության համաձայն պատկերված է Սմպատ իշխանը, իր կինը և նրանց հանգուցյալ որդին՝ Դավթոնը: Այս խաչքարը «ընտանեկան տեսարաններ» պատկերաքանդակի տիպիկ օրինակ է: Հայրը մի ձեռքով բռնել է որդու ձեռքը, իսկ մյուսը սեղմել է կրծքին:
Մոր մի ձեռքը ևս դրված է կրծքին, իսկ ահա մյուսը՝ որդու մեջքին: Որդու ձեռքում նկատում են գավաթ, սակայն դա ոչ թե գնարբուքի խորհրդանիշ է, այլ կրում է «կենաց բաժակի» իմաստը: Համարվում է, որ այդ բաժակից ըմպողը, ով պատկերված է խաչքարում, հենց հանգուցյալն է: Այս պատկերումը նույնպես հաճախ հանդիպում ենք Արցախի տարածքում գտնվող մի շարք եկեղեցիների խաչքարերում:
Բաժակից ըմպելու գաղափարն ուղղակիորեն կապված է մահը հաղթահարելու միջնադարյան աշխարհընկալման հետ: Ըստ որի «հավերժ խնջույք» և«հավերժ կռիվ» մոտեցումները միմյանց հետ փոխկապակցված, միմյանց տրամաբանական շարունակությունն են համարվել:
Քանզի միջնադարում արքայական խնջույքի սեղանի մոտ ունեցած դիրքով էր որոշվում տվյալ մարդու դերն ու իշխանությունը: Իսկ այդ կարևորությանը կարող էին արժանանալ միայն կռվի դաշտում իրենց լավագույնս դրսևորելու դեպքում:
Կռվում լավագույնս դրսևորվելուց և արքայի սեղանի շուրջ որոշակի դիրք ունենալուց հետո, տրամաբանական շարունակությունը՝ խնջույքների մասնակցությունն ու հաջորդող գինարբուքն էր: Իսկ գինին նույնիսկ քրիստոնեական ուսումնքում համարվում էր աստվածային խմիչք, որը վերածվում էր աստվածային արյան:
Ուստի որքան գինարբուքը մեծ էր և անկառավարելի, որքան շատ էին կարողանում խմել գինի, այնքան դա վկայում էր աստվածային ուժեր ձեռքբերելու և կատարելության հասնելու մասին: Իսկ վերջիններս համարվում էին մահը հաղթահարելու լավագույն միջոցը: Իսկ այս մտածողության վկայություն է համարվում, մինչ օրս, հայերի մեջ պահպանված «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ասացվածքը:
Ռազմական ուժ պատկերող խաչքարեր
Բացի այդ համալիրի հարավարևելյան ծայրամասի եկեղեցու ճակատի երկայնքով շարված են խաչքարեր՝ հեծյալների պատկերաքանդակներով, զարդախմբի նրբին, հյուսկեն ցանցով պատված: Նմանատիպ պատկերաքանդակներով խաչքարեր կրկին առավելապես հանդիպում ենք Արցախում: Նմանօրինակ խաչքարի վառ օրինակ է 1233թվականի Գրիգոր Խաղբակյան (Պռոշյան) իշխանի ղանթարը, որի ստորին մասում պատկերված է զինված ու զրահապատված մեծ իշխանը՝ ձիու վրա։
Նմանատիպ խաչքարերում հիմանականում պատկերված են լինում հեծյալներ, առավել քիչ դեպքերում՝ հետիոտներ: Սակայն երկու դեպքում էլ ռազմիկները ներկայացվում են լիովին սպառազինված՝ ռազմական գույք հանդերձանքով: Առավելապես մանրամասն են կերտված ձիերը՝ պայմանավորված լինելով այն հանգամանքով, որ Արցախը հայտնի է եղել որպես «ղարաբաղյան ձիու հայրենիք»: Հարկ է նշել, որ արցախյան ձիերի մասին կան մի շարք պահպանված արձանագրություններ՝ վկայելով այդ ձիերի կարևորության մասին:
Ձիերից զատ պատկերաքանդակներում ուշադրության են արժանանում նաև զենքերն ու գլխարկները: Քանի որ ձիերի հետ միասին համարվում էին անձի դիրքն արտահայտող կարևոր հատկանիշներ:
Ի դեպ 12-13-րդ դարերի խաչքարային արվեստում պատկերաքանդակներն ու արձանագրություններն արվել են խաչքարի ստորին հատվածում՝ խաչային հորինվածքից դուրս: Դրանք հիմնականում վերգերեզմանային կոթողներ են: Իսկ ստորին հատվածում տեղակայված լինելը բացատրվում է այն ընկալմամբ, որ ներքևը խորհրդանշել է անցյալը, մահը: Եվ քանի որ առկա է նաև խաչի՝ որպես միջնորդի գործառույթը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ դրանք ոչ միայն հետմահու կոթողներն էին, այլ նաև նպատակ ունեին ներկայացնելու տվյալ մարդու անցած կյանքը՝ դառնալով հանգուցյալի «կյանքի մատյան»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: