Օձունի տաճար
Օձունի տաճարը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղում: Տեղակայված է գյուղի կենտրոնում՝ լինելով գլխավոր խորհրդանիշն ու հուշարձանը: Հայտնի է նաև որպես Օձունի եկեղեցի, Սբ. Աստվածածին, Սբ. Նշան, Սբ. Հովհաննես, Խաչգոնդ կամ Խաչգունդ անուններով:
Անվան ծագում
Օձուն անվան հետ կապված կա երկու հիմնական բացատրություն՝ մեկը կապված լեզվական փոփոխությունների, մյուսը՝ կենդանիների պաշտամունքի հետ: Քանզի լեզվական փոփոխությունները շատերիս համար առավել տրամաբանական և հիմնովին են թվում, սկսենք հենց այդ տարբերակից: Կա կարծիք, որ «օձուն» բառը «օծել» բառի փոփոխված տարբերակն է, և որ վանքն իր անունը ստացել է հենց «օծել» իմաստով: Ըստ ավանդույթի, Թովմաս առաքյալը գալով Օձուն՝ օծել է բազմաթիվ հոգևորականների և գյուղն ու եկեղեցին սկսել էլ այդպես կոչել:
Սակայն մյուս վարկածի համաձայն «օձուն» բառը կապված է հեթանոսական ժամանակներից պահպանված կենդանիների պաշտամունքի հետ: Գուցե առաջին հայացքից կարող է թվալ, որ հայկական եկեղեցին հնարավոր չէր կոչել հեթանոսական պաշտամունքի պատվին, սակայն չպետք է մոռանալ, որ եկեղեցին այդպես են անվանել գյուղի անունով, իսկ ահա գյուղի, բնակավայրի դեպքում նման դեպքեր շատ են հանդիպում: Մասնավորապես օձի, վիշապի պաշտամունքը շատ տարածված է եղել Հայաստանում և կան բազմաթիվ բնակավայրեր, որոն կոչել են այդ պաշտամունքի պատվին՝ Օձասար, Օձտեղ գյուղ, Օձ քաղաք:
Խաչգունդ եկեղեցի
Ինչ վերաբերում է վանական համալիրի՝ Խաչգոնդ կամ Խաչգունդ անվանումներին, ապա դա կապված է համալիրի տարածքոււմ 13-րդ դարում թաղված քահանաներից մեկի հետ: 1261թ. Խաչգունդ անունով մի քահանա է ապրել Օձուն վանական համալիրում և այնտեղ մի խաչքար է կանգնեցրել՝ այդպիսով հիշատակվելով պատմության մեջ: Բացի այդ, քահանա Խաչգունդը թաղվել է վանական համալիրում՝ 1291թ., իսկ նրա պատվին Օձուն համալիրում կանգնեցրել են արձանագրակիր, քանդակազարդ խաչքար:
Ի դեպ, խաչգունդ անունը շատ տարածված է եղել 13-րդ դարում և խորհրդանշում է հաղթանակ:
Պատմություն
Ըստ ավանդության, Օձուն եկեղեցու մասին հիշատակվում է դեռևս 1-ին դարում, երբ Թովմաս առաքյալը օծեց մի շարք քահանաների և եպիսկոպոսների: Իսկ ավանդությունից զատ՝ պատմական վկայությունները սկսվում են 4-րդ դարից: Ըստ որի, ներկայիս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ 4-րդ դարում Տրդատ արքայի և Գր. Լուսավորչի կառուցած եկեղեցու հիման վրա:
4-րդ դարում կառուցված եկեղեցին եղել է միանավ բազիլիկ եկեղեցի, որը 5-րդ դարում վերակառուցվել է եռանավ բազիլիկ եկեղեցու և ունեցել է կղմինդրե ծածկասալեր: Արդեն 6-րդ դարում, եկեղեցին համալրվում է գմբեթով, գմբեթակիր սյուներվ և կամարակապերով: 8-րդ դարում արդեն Հովհան Օձնեցու նախաձեռնությամբ ծածկասալերը վերակառուցվում են քարից:
Ճարտարապետություն
Օձունի եկեղեցին ուղղանկյուն հատակագծով կառույց է՝ երկհարկ ավանդատներով, որոնք գտնվում են կիսաշրջանաձև խորանի շուրջը: Եկեղեցին կառուցված է բազալտից և բաց շագանագակագույն ֆելզիտ քարից: Արտաքին սրահի շնորհիվ եկեղեցին ստանում է առավել մեծ և շքեղ տեսք՝ երեք կողմերից եզերվելով աղոթասրահի հետ, որը կրկնակի կամարներով բաժանվում է երեք նավերի:
Ինչ վերաբերում է եկեղեցու հարդարանքին և զարդաքանդակներին, դրանք մեծապես բնորոշ են վաղ քրիստոնեական ոճին և հորինվածքին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: