Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Հասանի-Ջուր գետակի ձորում՝ Վարագավան գյուղի մոտակայքում: Տեղակայված է բարձր ժայռի վրա և շրջապատված է անտառածածկ լեռներով: Մեզ հասած արձանագրությունների համաձայն, վանական համալիրը 12-րդ դարի կառույց է՝ 1193թ. լինելով Կյուրիկյան-Բագրատունիների վանքն ու պանթեոնը:
Անվան ծագում
Նոր Վարագավանք անվանումը վանական համալիրը ստացել է ավելի ուշ՝ 13-րդ դարում: Ի սկզբանե վանական համալիրը կոչել են Անապատ: Եվ այդ անունով է համալիրը հիշատակվում վիմական աղբյուրներում, ինչպես նաև պատմագիրներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Վարդապետի աշխատություններում:
Ի տարբերություն վիմական և պատմական աղբյուրների, նոր գրականության մեջ ի հայտ է գալիս «Վարագա» անունը: Այն ուղղակիորեն կապված է եղել Վասպուրականի Վարագա վանքից Անապատ փոխադրած մասունքների հետ՝ Սբ. Խարափայտի կտորը (Սբ. Նշան): 1213թ. Վարագա վանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը՝ մոնղոլների հարձակումներից և վանքն ավերելուց հետո, ստիպված է լինում լքել վանքը և մասունքները հասցնել Անապատ:
Ըստ նրա հիշատակություննեերի, մասունքներն Անապատ բերելուց հետո, Անապատ վանական համալիրն անվանափոխում են և կոչում «Նոր Վարագ»: Այստեից էլ ձևավորվում է վանական համալիրի մերօրյա անվանումը՝ Նոր Վարագավանք: Վանական համալիրը հայտնի է եղել նաև «Վարագա Սբ. Նշան», «Ուխտն Վարագ», «Վարագա վանք» անուններով:
Ճարտարապետություն
Վարագավանք վանական համալիրի գլխավոր հուշարձանախումբը բաղկացած է անապատից, Աստվածածին կաթողիկե եկեղեցուց և ժամատնից: Գրեթե բոլոր շինությունները կառուցված են դեղնակապտավուն բաց երանգի ֆելզիտ քարից:
Անապատ
Անապատի հատվածն ընդգրկում է վանական համալիրի հարավային մասը և բաղկացած է գավթից, տապանատնից, եկեղեցուց և մատուռից: Գավիթը գրավում է Անապատի քառակուսի տարածության հարավային մասը, եղել է թաղապատ: Կանգուն են միայն արևելյան, արևմտյան և հյուսիսային պատերը, տանիքն ամբողջությամբ ավերված է: Գավթի հյուսիսից գտնվում է տապանատունը:
Եկեղեցին տեղակայված է արևելյան հատվածում, թաղապատ է: Ճարտարապետական հորինվածքի շնորհիվ ունի երկու բեմ, որը եզակի է հայկական եկեղեցաշինության մեջ: Նմանատիպ ճարտարապետական լուծում ունեն նաև Շատիվանքի Սբ. Սիոն և Սանահինի Սբ. Հակոբ եկեղեցիները: Չնայած եկեղեցին ունի մոտավորապես 3 մ լայնություն, սակայն մուտքը ձևավորված է փոքրիկ կիսասյուներով և քանդակներով, իսկ պատերի մեջ նկատելի են ամրեցված խաչքարեր:
Անապատը և տապանատունը կառուցումը սկսվել է Վասակ Ա-ի որդի՝ իշխան Դավիթ Կյուրրիկյան-Բագրատունու օրոք՝ 1193թ., և տևել մինևչ 1198թ.:
Աստվածածին կաթողիկե եկեղեցի
Անապատի հյուսիսային կողմին կից գտնվում է Աստվածածին եկեղեցին, որը 13-րդ դարի բնորոշ, կենտրոնական գմբեթակիր՝ բարձր սլացիկ գմբեթով կառույց է: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հարավային դուռը բացվում է Անապատի գավթի մեջ, իսկ արևմտյանը՝ ժամատան: Այն համեմաատած Վարագավանք վանական համալիրի մյուս կառույցների հետ, առավել լավ է պահպանված:
Աստվածածին եկեղեցու արտաքին զարդարանքը զուսպ է՝ կենտրոնացած արևմտյան կողմում: Արևմտյան մուտքը եզերված է լայն մոզաիկ շրջանակով: Այն պարունակում է երկրաչափական ձևեր ունեցող զարդանախշեր, կենդանապատկերներ, որոնք կերտվել են մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերից: Մուտքի նման զարդարանքը ճարտարապետական իր հորինվածքով հիշեցնում է Մշկավանքի մուտքը:
Մուտքի երկու կողմերում կան խաչքարեր, որոնց արձանագրություններից մեկում նշված «ԹԱԱՐԻՆ» անունը ուսումնասիրողներ Կ. Ղաֆադարյանը, Հ. Աճառյանը բացատրում են որպես «Թաար» անձանվամբ, և կարծում, որ խաչքարերի հեղինակն է: Իսկ ահա Ս. Ավագյանը կարծում է, որ այն Թամար անձանվան կրճատ տարբերակն է:
Աստվածածին կաթողիկե եկեղեցին կառուցվել է Վասակ Բ Կյուրիկյան-Բագրատունու օրոք և հովանավորությամբ, նախաձեռնողը Հովհաննես վարդապետն էր: Կառուցումը սկսվել է 1224թ. և ավարտվել 1237թ: Սակայն անհայտ պատճառներով եկեղեցին անվանակոչվել և օծվել է միայն 1240թ.:
Ժամատուն
Ժամատունը կառուցվել է Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում: Ժամատան արևելյան կողմում վերնոնշյալ՝ Աստվածածին եկեղեցու զարդարված դուռն է, իսկ ժամատան հիմնական մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այժմ ժամատնից մնացել են միայն պատերը, սակայն սյուներից և կամարներից կարելի է ենթադրել, որ այն եղել է ճարտարապետական գեղեցիկ կառույց:
Այլ կառույցներ
Բացի նկարագրված հիմնական հուշարձանախմբից, վանական համալիրի շուրջը տարածված է եղել միաբանության բնակատեղին: Հյուսիսային կողմում գտնվում է գերեզմանատան և մի մատուռի ավերակներ, վանական համալիրից 100 մ դեպի հարավ՝ ձորակում, ևս գտնվում է մի մատուռ՝ կիսավեր վիճակում:
Վանական համալիրն ամբողջութմաբ շրջապատված է եղել պարսպով:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Գ. Սարգսյանի «Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը» և Հ. Քարտաշյանի «Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը» գրքերից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: