Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է
-Ի՞նչը ստիպեց Արարատն անհաս երազանքից դարձնել նպատակ:
-Մտքեր կան, որ նույնիսկ երազանք դառնալու համար շատ համարձակ են: Ինձ համար այդ մտքերից էր հենց Արարատ բարձրանալը:
Հիշում եմ՝ ինչքան տպավորված ու զարմացած էի, երբ փոքր տարիքում առաջին անգամ կարդացի Աբովյանի վերելքի մասին: Մեծերին հարցրի՝ հնարավո՞ր է Արարատի գագաթ բարձրանալ: Ինձ պատասխանեցին, որ չի կարելի, արգելված է, ու Աբովյանն այն քչերից է, որ արգելքին հակառակ բարձրացել է: Դրանից հետո կարծում էի, որ միայն ընտրյալներին է ի զորու բարձրանալ այդ գագաթը: Ինչ իմանայի, թե ապագան ինչքան հետաքրքիր անակնկալներ է պատրաստել:
Տարիներ հետո, երբ վարակվեցի լեռնագնացությամբ, ու սարեր բարձրանալը դարձավ իմ կենսաղբյուրը, շարունակում էի անթաքույց ակնածանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր Արարատ են բարձրացել. Դեռ չէի համարձակվում ինձ այդ շարքում դասել: Դեռ վախենում էի երազել… Ժամանակ էր պետք երազանքիս խմորվելու, հասունանալու ու ծնվելու համար:
-Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
-Այն պահից սկսած, երբ որոշումն ընդունեցի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ կարող եմ, այլևս ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կհասնեմ: Այնքան պարզ էր այդ գիտակցումը, բնական և օրինաչափ: Ուղղակի նպատակն արդեն շոշափելի էր: Դու իրեն տեսնում ես, ինքն օր ու բարձրություն ունի և կորդինատները պարզ են: Ուղղակի սկսում ես օր օրի մոտենալ և ժամանակի և տարածության մեջ:
-Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
-Վերջին տարիների վերելքներին ուշի ուշով հետևել եմ: Գիտեի՝ ինչ եմ տեսնելու, ինչքան եմ բարձրանալու, ինչ բարդություն ու արահետներ եմ հաղթահարելու, ում եմ տեսնելու և ում հետ բարձրանալու:
Ամեն մանրուք ժամ առ ժամ պլանավորված էր: Նույնիսկ մտքումս մանրամասն մոդելավորել էի գագաթի նկարները, գույները, ֆոնը, ֆեյսբուքյան ստատուսը:
-Ինչպիսի՞ն էր այն իրականում:
-Երբ ինձ հարցնում են՝ բա՞րդ էր արդյոք Արարատ բարձրանալը, ես միանշանակ պատասխանում եմ. «հեշտ չէր»:
Իհարկե հետաքրքիր չէր լինի, եթե ամենը լիներ իմ պատկերացումներին համապատասխան: Վերելքին եղան և՛ տրավմաներ և՛ ինքնազգացողության վատթարացում, օդի պակաս, սաստիկ, անհավանական քամի, քիչ նկարներ, տեխնիկայի «դավաճանություն», ձեռնոցի կորուստ ու էմոցիաներ, շատ-շատ էմոցիաներ…
-Ինչի՞ մասին էիր մտածում, երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
-Ոչինչ չէի մտածում, բոլոր զգայարաններս բթացած էին, մտքերս՝ քարացած: Ամբողջ ուշադրությունս կենտրոնացած էր շնչելու ու քայլելու վրա: Բայց երբ հասա գագաթ, ու հասկացա, որ վերջ, ես գագաթին եմ, բոլոր խմորված էմոցիաներս, ապրումներս, ֆիզիկական լարվածությունս իրենց զգացնել տվեցին: Ոչ մի լեռան գագաթին այդքան էմոցիոնալ չեմ եղել, ինչքան Արարատի գագաթին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հոգեբանության մեջ մի բառ՝ «կատարսիս»: Դա երբ էմոցիաներդ դատարկվում են, երբ մաքրվում ես ու գտնում ես հավասարակշռությունդ, երբ ազատվում ես տագնապներից ու լարվածությունից, ու… պատրաստվում ես թռիչքին… Թերևս հենց այդ բառով կնկարագրեմ ինձ Արարատի բարձունքին:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն վայրկյանն ու սանտիմետրը վայելել եմ ու հիշում եմ կադր առ կադր: Տպավորված պահերը շատ են, հիշում եմ վերջին վերելքի տաք թեյը, գլխավոր վերելքի գիշերը իմ ու Լիանայի վրանային “համերգը”, գիշերվա լարված ու կիսալուռ նախաճաշը, կատվիկները կապելիս միմյանց օգնելը, իրար ոգևորելով բարձրանալը, վայրէջքին Յուսուֆի տաք ապուրն ու ձմերուկը…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Նախքան Արարատն ունեի էն նայիվ միտքը, որ կյանքս փոխվելու է, շուրջս այլ ելևէջներ ու երանգներ են կայծկլտալու, բայց… ամեն ինչ նույնն է Արարատից հետո, առօրյաս, աշխատանքս, մարդիկ. կյանքս չփոխվեց… փոխվեցի ես: Պարզվեց՝ ես ոչ միայն Արարատ բարձրացա, այլև բարձրացա իմ վախերից, տագնապներից ու կասկածներից վեր. դա իմ ներքին վերելքն էր: Արարատից հետո ես եմ փոխվում, ես միանշանակ ուրիշ եմ, ես արարատված եմ:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է, ցանկացած վայրկյան, ակնթարթ, երբ տեսնում եմ կամ մտածում եմ Արարատի մասին, ժպտում եմ, դա արդեն ռեֆլեքս է, անկառավարելի ու հաճելի: Արդեն բոլորը գիտեն՝ եթե ուզում են տրամադրությունս բարձրացնել՝ ուղղակի հարցնում են Արարատի վերելքի մասին:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Միայն հայացքով ու հուշերի մեջ: Սովորություն չունեմ իմ սիրելի լեռներ երկրորդ անգամ բարձրանալու: Արարատը պիտի կիսաերազանք մնա, միշտ կասկածես՝ եղե՞լ ես այնտեղ, թե երազ էր…
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացեք, երբ պատրաստ կլինեք 5165°-ով փոխվելու, երբ Արարատը ձեզ համար ուղղակի բարձր, մոդայիկ ու «հայկական» սար չի լինի, երբ կքնեք ու կարթնանաք Արարատի մտքով, երբ այնքան կկարևորեք վերելքը, որ ձեր առօրյան կկազմակերպեք Արարատի տրամադրությանը համապատասխան: Իսկ գիտե՞ք երբ եք հասկանում, որ ժամանակն է, երբ անկախ զբաղվածությանը, անկախ տրամադրությանը տեղից վեր եք կենում, մոտենում պատուհանին, որ մի ակնթարթ տեսնեք իրեն, երբ հասկանում եք, որ եթե հենց այս ամառ Արարատ չբարձրանաք, կիսատ ու անավարտ կմնաք, երբ կնայեք Արարատին ու անտանելի կարոտ կզգաք: Գնացեք, երբ Արարատի կանչը կլսեք…
Նաիրա Հարությունյան