Աստղաշենի գաղտնիքները
Աստղաշեն գյուղը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում։ Գյուղը հայտնի է իր աստղակերպ բրածոներով, որոնք հայտանբերվել են այդ տարածաշրջանում անցկացվող ուսումնասիրությունների արդյունքում։
Միլիոնավոր տարիներ առաջ այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը: Ժամանակի ընթացքում՝ երկրակեղևի բարձրացման արդյունքում օվկիանոսը սկսել է հետ քաշվել և գոյացել են ցամաքային տարածքներ։ Օվկիանոսի հսկա բնակիչները ջրային տարածքի փոքրացման հետևանքով սկսել են հարմարվել նոր պայմաններին և, հետևաբար, փոքրացել են։
Հետագայում այդ կենդանիների բրածո մնացորդները կուտակվել են և ծածկվել ցամաքային նստվածքներով։
Աստղաշենի հայտնի «աստղերը» ամենևին էլ ծովաստղեր չեն, ինչպես շատերն են կարծում․ փոքրիկ բրածոները ծովաշուշաններ են եղել, որոնք ոչ մի կապ չունեն բույսի հետ։ Սրանք փոքրիկ կենդանիներ են, որոնք միայն արտաքինից են նման ջրաշուշան բույսին։
Աստղակերպ բրածոներից բացի այստեղ հնարավոր է գտնել շատ այլ բրածոներ՝ նումուլիտներ, գաստրոպոդներ (փորոտանիներ), ամոնիտներ (գլխոտանիներ), խեցիներ, կան նաև կլոր քարացուկներ՝ տեսքով նման ծովային ոզնիների, որոնք ապրել են մոտավորապես 150 մլն տարի առաջ։
Աստղաշենի աստղերի հետ կապված տեղի բնակիչները մի գեղեցիկ առասպել ունեն, որտեղ ասվում է, որ հորդառատ անձրևից առաջացած հեղեղից հետո գետինը լցված է լինում աստղերով՝ ասես անձրևի հետ դրանք երկնքից թափվում են երկրի վրա։
Աստղաշեն կատարած մեր այցի ընթացքում փորձեցինք մի քանի բրածո գտնել, սակայն պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ։ Ժամանակի ընթացքում մարդիկ սրբել-տարել են այն, ինչ կարողացել են գտնել և այժմ այդ տարածքում դժվարությամբ է հնարավոր որևէ նմուշ գտնել։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում