Մթնասարի լեռներ
Ձմռան վերջին արշավը որոշեցինք կազմակերպել վրանային գիշերակացով: Նպատատակետը Մթնասարի լեռներում գտնվող Մահկանաբերդն էր:
Արշավը սկսեցինք Աչաջուր գյուղից: Գիշերակացը նախատեսված էր անցկացնել 1620 մետր բարձրության վրա գտնվող տնակի շրջակայքում, որտեղ ձմռան ամիսներին մարդ չի լինում: Մեր արշավից մի քանի օր առաջ ձյուն էր եկել և ճանապարհը դարձրել դժվարանցանելի: Դժվարությունը կայանում էր նրանում, որ եղանակը տաք էր և ձյան հաստ շերտը ինտենսիվ հալվում էր: Ճանապարհին մեծ առու էր գոյացել: Արշավախմբի մեծ մասի կոշիկները թրջվել էին:
Գիշերակաց ձյան վրա
Գիշերն, իհարկե, ջերմ անցավ մեծ խարույկի շուրջ: Նստած կոշիկ էինք չորացնում: Սա մեզ համար մեծ փորձ էր, քանի որ առաջին անգամ էինք ձյան վրա վրաններ խփում: Այսպիսի պայմաններում ամեն մարդ հասկանում է իր հանդերձանքի, քնապարկի ու վրանի ուժեղ և թույլ կողմերը, և մյուս անգամ ավելի լավ պատրաստվում:
Վաղ առավոտյան շարունակեցինք ճանապարհը դեպի Մահկանաբերդ: Մի քանի կիլոմետր քայլելուց հետո հասանք այն վայրին, որտեղից պետք է իջնեինք ձորակը և բարձրանայինք բլրի գագաթին գտնվող բերդը: Սակայն տեղում որոշում կայացվեց չգնալ, քանի որ լանջի թեքությունը մեծ էր, ձյան շերտը հաստ, հետևաբար՝ վտանգավոր:
Մահկանաբերդ չհասանք, այն տեսանք միայն հեռվից, սակայն երկու անմոռանալի օր անցկացրինք Մթնասարի լեռներում և ձմռանը վրանում քնելու փորձ ձեռք բերեցինք:
Մթնասարի լեռներ / աշխարհագրություն
Լեռներ Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հս-արլ. ճյուղավորությունն է: Ձգվում է Պաղակն լեռնագագաթից մինչև Ադրբեջանի տարածք: Երկարությունը` 38 կմ: Բարձր գագաթներից են Խատուտիկ լեռը՝ 1964 մ, Պայտաթափը՝ 1979 մ, Ճիլիսը՝ 1916 մ, Արածո լեռը՝ 1868 մ: Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում Քարահան գետի մի շարք վտակներ, հարավահայաց լանջերից՝ Աղստևի մի քանի վտակներ:
Մահկանաբերդ / Բերդքար
Բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավազանում, Ոսկեպարի վտակ Խնձորուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում: Հիմնվել է XII դ.։ XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։ Մահկանաբերդի պարիսպները համեմատաբար լավ են պահպանված, բայց հուշարձանը ճարտարապետական առումով ուսումնասիրված չէ։ Այժմ կոչվում է Բերդքար։
Լուսանկարները՝ Ծովինար Հակոբյանի և Սիփան Գրիգորյանի