Մշկավանք
Մշկավանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղի հարավային մասում՝ անտառածածկ բլրի վրա: 2014թ.-ից այն ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում:
Պատմություն
Մշկավանք վանական համալիրի մասին մեզ հասած տեղեկությունները հիմնված են սուղ հիշատակությունների և արձանագրությունների վրա: Մշկավանքի մասին ուսումնասիրողներին հայտնի միակ վկայությունը պատկանում է հայ պատմագիր Վարդան Արևելցուն, ով առավել հայտնի է Վարդան Գանձակեցի անունով: Ըստ նրա Մշկավանքը կանգուն է մնացել մինչև 1220թ.՝ քանդվելով 1220-1221թթ.-ի երկրաշարժից:
Արձանագրություններ
Մշկավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու և գավթի արձանագրությունների ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Եվ չնայած արձանագրությունները բավականին շատ են, սակայն դրանցից միայն չորսն են պարունակում հստակ տարեթվեր: Ցավոք, նշված արձանագրություններից և ոչ մեկում նշված չէ կառուցման հստակ տարեթիվը: Սբ. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ կա մի պահպանված նվիրատվական արձանագրություն, որի փաստմամբ՝ եկեղեցու վերանորոգումն ավարտել են 1246-1247թթ.:
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը կառուցել են եկեղեցուց ավելի ուշ՝ երկրաշարժից հետո՝ եկեղեցու վերակառուցման ժամանակ: Այս մասին է փաստում գավթի հարավային պատի վրա պահպանված արձանագրությունը, ըստ որի գավթի կառուցումն ավարտել են 1253թ.:
Իրականում վերոնշյալ 50 արձանագրություններից շատերը հենց նվիրատվական բնույթ ունեն՝ ընդգրկելով 1247-1652թթ. ընկած ժամանակահատվածը:
Ճարտարապետություն
Մշկավանքի հիմանդրման մասին լռում են թե՛ պատմագիրները, թե՛ արձանագրությունները: Սակայն ամբողջացնելով արձանագրությունների հիմնական ժամանակահատվածը՝ 13-17դարեր, և պատմագիր Վարդան Արևելցու հիշատակությունը՝ 1219թ., ուսումնասիրողները կարծում են, որ Մշկավանքը 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին պատկանող հոգևոր կենտրոն է:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Մշկավանք վանական համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից և մատուռից: Բացի այդ, վանքի հիմնական հուշարձանախմբից մի փոքր հեռավորության վրա են գտնվում գերեզմանաքարերը: Սբ. Աստվածածին եկեղեցին արտաքինից զուսպ է և հասարակ: Ունի քառակուսի սրահ՝ կիսաշրջանաձև թաղածածկ հատվածով և նեղ, երկհարկանի խորաններով:
Թաղածածկ հատվածից՝ աբսիդից, դեպի վերին խորաններ տանող մուտքը ձգվում է եռաշերտ աստիճաններով: Ներսից եկեղեցու բոլոր անկյունները զարդարված են կիսասյուներով, ինչպես որ աբսիդի կիսաշրջանի հատվածն է զարդարված եռանիստ կիսասյուներով:
Պատկերաքանդակներ
Բեմի պատուհանն ամփոփված է ոչ այնքան լայն շրջանակով՝ եռաշարք շղթաներով: Պատուհանի վերին հատվածում վեր է բարձրանում քառաթև որմնաքանդակ խաչ, որի թևերի հատվածում պատկերված են օղակներ: Իսկ խաչի և պատուհանի միջև գտնվող շղթան կազմված է հինգ հնգաթև աստղերից: Սակայն այս փոքրիկ քանդակային լուծման մեջ առավել հետաքրքիր է խաչի վերևում տեղադրված ցլի գլխի պատկերաքանդակը:
Կենդանիների պատկերումը բնորոշ է եղել հայկական եկեղեցաշինությանը՝ որոշ դեպքերում կապված լինելով հեթանոսական ժամանակներից մարդկանց մեջ պահպանված կենդանիների պաշտամունքով, իսկ մյուս դեպքում՝ խորհրդանշելով այս կամ այն նախարարական տունը: Ցլի պատկերաքանդակներ հատկապես հանդիպում են Հայաստանի հյուսիսում՝ մեծամասամբ մեկնաբանվելով որպես ամրության, հզորության խորհրդանիշ:
Գավիթ
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթն իր ճարտարապետական հորինվածքով շատ նման է Հաղպատի վանքի մեծ գավթին՝ պարզապես ունենենալով անհամեմատ փոքր չափսեր: Գավթի արևմտյան մուտքը զարդարված է երկակի կամարներով միմյանց միացող երկու զույգ կիսասյուներով:
Գավթի արտաքին զարդարանքում շատ են հանդիպում վերդիր զարդանախշեր, որը բնորոշ է եղել միջնադարյան հայկական ճարտարապետությանը: Արևմտյան ճակատը զարդարված է վերդիր դեղին քարից կերտված խաչերով և ութանկյուն վերջավորություն ունեցող աստղերով:
Մահարձաններ
Գավթի շուրջ կան գերեզմանաքարեր, որոնց տապանաքարերը հիմնականում ընկղմված են հողի մեջ: Բացի այդ, գավթում հանդիպում են նաև երեք մահարձաններ: Արևելյան պատի մեջ կա մի խորշ, որտեղ տեղադրվել է մի մահարձան՝ թվագրված 1291թ.: Այն զարդարված է սրբապատկերներով և երկրաչափական զարդանախշերով: Մյուս մահարձանը թվագրված է 1652թ., և կրում է նաև Ավետիք անունը: Իսկ ահա երրորդ մահարձանը չի պարունակում որևէ արձանագրություն:
Մշկավանք վանական համալիրը վերանորոգվել է 1955-1960-ականներին՝ ճարտարապետներ Հովհաննես Հակոբյանի և Ալ. Թամանյանի որդի՝ Յուրի Թամանյանի նախագծով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: