2019թ-ի հուլիսի 1-ին տեղի ունեցավ Տիգրան Վարագի «Հայաստանի լեռները» գրքի շնորհանդեսը:
«Հայաստանի լեռները» գիրքը իր տեսակի մեջ բացառիկ երկլեզու գիրք է, որը Հայաստանի լեռները ճանաչելի է դարձնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Ամբողջ աշխարհում լեռնագնացությամբ հետաքրքրվող մարդիկ կարող են ծանթոթանալ Հայաստանի լեռներին, և Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ լեռնագնացության ամենապահանջված ուղղություններից մեկը:
Գրքի գաղափարը կյանքի կոչվեց CNF- ի ֆինանսավորմամբ:
Գրքի հիմքում «Մերն է» խորագրով նախագծն է և մի խումբ արկածախնդիր երիտասարդներ, որոնց հետաքրքրության ու անվերջ բացահայտելու ցանկության շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:
«Մերն է» խորագրով նախագիծը
Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր ու տեսարժան գագաթները բարձրանալու գաղափարը Հայկական աշխարհագրական նախագծի մոտ ծնվել է դեռևս 2013-ին: Բոլոր լեռնային վերելքները եղել են խմբային, և ցանկացած լեռնագնաց ու բնության սիրահար հնարավորություն է ունեցել մասնակցելու արշավներին:
Ծրագիրը հնարավորություն տվեց բացահայտելու նոր բարձունքներ, ծանոթանալու բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին: Ծրագրի շրջանակներում հաղթահարվել և ուսումնասիրվել են այնպիսի լեռներ, որոնց մասին գրական աղբյուրներում գրեթե տեղեկություն չկար: Նախագծի ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ լեռներ, որոնցից 46 լեռնաշղթաների 64 գագաթները ներառվել են գրքում: Եվ իհարկե բոլոր երթուղիները ներկայացված են Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) վիկիլոքյան ( www.wikiloc.com ) էջում:
«Հայաստանի Լեռները» գիրքը
Գրքի նպատակը ոչ միայն լեռների, նրանց աշխարհագրական դիրքի և երկրաբանական առանձնահատկությունների մասին օգտակար տեղեկատվություն տրամադրելն է, այլ Հայաստանում լեռնագնացության ու աշխարհագրական տուրիզմի զարգացումը խթանելը:
Գիրքը նախատեսված է Հայաստանի լեռնային լանդշաֆտների աշխարհագրությամբ ու զբոսաշրջությամբ հետաքրքրվողների և ընթերցողների համար:
«Հայաստանի լեռները» պատկերազարդ գրքի շնորհիվ դուք կզգաք մեր լեռների հմայքն ու գրավչությունը, լեռնագնացության շունչն ու խմբային ոգին: Արշավների ժամանակ կատարված լուսանկարներն արտահայտում են մարդու դերը բնության մեջ և միաժամանակ ցույց տալիս նրա փոքրությունն ահռելի լեռների ֆոնին:
«Հայաստանի լեռները» գիրքը արշավականի աչքերով մեզ ցույց է տալիս այն ամենն, ինչ ամեն օր մեր կողքին է :
Գրքի 250 էջերն իրենց մեջ ամփոփում են Հայաստանի լեռներն իրենց ամբողջ հմայքով և գրավչությամբ: Գիրքը բաղկացած է 3 գլուխներից ՝
- Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը
- Հրաբխային լեռնազանգվածների և սարավանդների մարզը
- Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը
Սակայն «Մերն է» նախագիծը չի սահմանափակվում Հայաստանի սահմաններով, այն նպատաակ ունի տարածվել Հայաստանի սահմաններից դուրս՝ հաղթահարելու այն բարձունքները, որոնք մերն են: Հաջորդ պատկերազարդ գիրքը նվիրված է լինելու Հայկական Լեռնաշխարհին: Գիրքը կներկայացնի մեզ հայտնի և անհաս թվացող լեռներն իրենց ամբողջական գրավչությամբ:
Լուսանկարները ՝ Հրաչուհի Այվազյանի և Անի Բաղդասարյանի
Մեր Գործունեությունը