info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լեռները՝ որպես Հայաստանի այցեքարտ

լեռնային տուրիզմը Հայաստանում

Մհեր Ավետիսյան

«Սար գնալը վարակի նման բան է»

Ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում

Հարցազրույց Armenian Geographic-ի հետ համագործակցող ուղեկցորդ Մհեր Ավետիսյանի հետ:

-Քանի՞ տարի եք տուրիզմի ոլորտում աշխատում ու այդ տարիների ընթացքում ի՞նչ դինամիկա եք նկատում ընդհանրապես տուրիզմի ուղղությունների և տարածման ու կատարելագործման առումով: Եւ, մասնավորապես, ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում:

-Արդեն 6-րդ տարին է, ինչ լեռնային տուրիզմի բնագավառում եմ աշխատում, բայց ես փոքր տարիքից եմ սարեր գնում, դա իմ հոբբին է եղել: Կարող եմ ասել, որ սարերը միշտ դատարկ են եղել, այս ամառային սեզոնին շատ հազվադեպ երևույթ էր, որ մարդ տեսնեինք սարերում կամ մարդիկ վրաններ խփեին: Բայց վերջին 2-3 տարիների ընթացքում ոչ միայն արտասահմանցիները, նաև տեղացիները շատ են զբաղվում արշավներով: Տեղական արշավական կազմակերպությունների թիվը մեծանում է, նաև ավելի մեծ խմբեր են տանում արշավների, դրան զուգահեռ՝ Հայաստանում բացահայտվում են նաև նոր ուղղություններ, չլսված անուններ, կորած վայրեր, ու շատ արագ է զանրգանում այս բնագավառը:

-Ինչո՞վ եք պայմանավորում դա:

-Առաջին հերթին կապված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ: Օրինակ, ArmGeo-ն կամ մյուս կազմակերպություններից ինչ-որ տեղեր են գնացել ու նկար են հրապարկել սոցիալական ցանցերում, մարդիկ հետաքրքրվում են՝ որտե՞ղ է դա գտնվում, ու դա վարակի նման տարածվում է: Բացի դրանից՝ այդ տեղանքները մարդու աչքին այնքան էլ սովոր չեն, մենք առօրյայում մեր աչքին հասանելի հատվածներ ենք տեսնում, ու մեկ էլ մարդիկ տեսնում են մի նկար, որը լրիվ այլ անկյուն է, այլ գույներ են, ու դա մարդուն ձգում է, ինքն էլ է ուզում տեսնել:

Մհեր Ավետիսյան

-Այսինքն՝  նորագույն տեխնոլոգիաներն են նպաստե՞լ, որ ոլորտը զարգանա:

-Իհարկե, որովհետև, օրինակ, 30 տարի առաջ, մարդը կարող էր հեռվից սար տեսնել, դա իրեն հերիքեր, բայց երբ ինքն իրեն անհասանելի դիրքերից լուսանկարներ է տեսնում, իրեն դա է ձգում: Սար գնալը վարակի նման բան է, ես չեմ ճանաչում մեկին, որ մի անգամ գնացել է ու չի շարունակել պարբերաբար գնալ:

-Կարո՞ղ ենք ասել, որ լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած է:

Լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած չէ, բայց զարգանում է ու զարգացող է, ու իրականում շատ արագ է զարգանում, որովհետև մենք ունենք այդ ռեսուրսը: Մենք ունենք մեծ պոտենցիալ նույնիսկ ձմեռային լեռնային տուրիզմի համար, որը գրեթե զարգացած չի ու նոր է սկսել զարգանալ: Հայաստանում ձմեռային լեռնային տուրիզմի համար ֆանտաստիկ լավ պոտենցիալ ունենք:

-Ի՞նչ նրբություններ կան, որ մարդը պետք է իմանա Հայաստանում արշավներին մասնակցելուց առաջ:

-Նախ, մենակ գնալ չի կարելի, պետք է խմբով գնալ, իսկ եթե մարդն անփորձ է, պետք է կազմակերպված խմբերի հետ գնա, որ փորձ ձեռք բերի: Նույնիսկ մեր՝ գիդերիս մոտ հոբբի է եղել, մարդիկ են զբաղվում այս գործով, ում մոտ ժամանակին սա հոբբի էր ու հետո դարձել է գործ: Այսինքն՝ այդ փորձը կարևոր է: Օրինակ, կայծակը մեծ վտանգ է Հայաստանի լեռնային գոտիներում: Հայկական բարձրավանդակը հրաբխային լեռներ են ու մեր հրաբխային գագաթների վրա եղանակը կարող է շատ արագ փոխվել: Բարձր լեռնային գոտիներում մինչև հուլիս շատ դժվար է հասկանալը՝ եղանակը ոնց է լինելու հաջորդ օրը: Կայծակը հիմնականում գագաթներին է խփում, պետք է այնպես հաշվարկես ժամանակը, որ հասցնես շուտ իջնել ներքև, մետաղական բաներ չունենաս մոտդ, հեռախոսդ անջատված լինի և այլն:

Մհեր Ավետիսյան

-Ովքե՞ր են այստեղ հիմնականում արշաների մասնակցում:

-Տեղացիներից սկսել են զբաղվել ավելի երիտասարդ տարիքի մարդիկ: Քիչ չեն նաև մեծերը, նկատի ունեմ՝ 40-ն անց մարդիկ: Նման վիճակագրություն չկա, բայց ինչքանով ես եմ հասկացել, մեր խմբերին միանում են հիմնականում օֆիսային աշխատանք իրականացնող մարդիկ, ովքեր ամբողջ օրը սենյակում նստած են իրենց համակարգչի դիմաց ու իրենց շաբաթ-կիրակին նախընտրում են այդպես անցկացնել:

Իսկ ո՞ր երկրներից են Հայաստան գալիս ու մասնակցում արշավների:

-Ես հենց դրսի տուրիստների հետ եմ աշխատում: Եթե ընդհանրապես Հայաստանում տուրիզմի մասին խոսենք, կան հիմնական երկրներ, որտեղից գալիս են Հայաստան, բայց դա չի վերաբերվում լեռնային տուրիզմին, որովհետև մարդիկ կան, որ գալիս են Հայաստան հենց արշավելու համար, ու կարող են գալ այնպիսի երկրներից, որտեղից առաձնակի հոսք չկա դեպի Հայաստան: Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա, դրանք այն հիմնական երկրներն են, որտեղից մեծ հոսք կա արշավների առումով, Սկանդինավներից՝ ավելի քիչ: Իսկ, օրինակ, Արարատի վերելքներին կազմակերպվող արշավներին խմբերում մեծամասնություն են կազմում հայերը, բայց արտասահմանցիներ ևս միանում են:

– Լեռնային տուրիզմը Հայաստանում ի՞նչ ուղղություններ ունի, որոնք հետաքրքիր են արշավային տուրերի տեսանկյունից:

-Հիմնական ուղղություն ասելը հարաբերական է, որովհետև Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է ընդհանարպես արշավների տեսանկյունից: Մեր երկիրը փոքր է, բայց ունենք շատ ցածր ու բարձր տեղեր, ու շատ կարճ ժամանակահատվածում կարելի է  ինչ-որ ճանապարհ հաղթահարել: Սեզոնից կախված՝ ուղղությունը փոխվում է:

Մհեր Ավետիսյան

-Այսինքն՝ Հայաստանում բոլոր սեզոններին արշավներ են իրականացվո՞ւմ:

-Մենք բոլոր սեզոններին ունենք արշավներ: Թյուր կարծիք կա Հայաստանում ձմեռային արշավների վերաբերյալ: Այնպես չէ, որ ձմեռը գալիս է, արջի քուն ենք ընկնում, արշավների չենք գնում: Իրականում ձմեռային ուղղություններն ավելի շատ են, քան, օրինակ, օգոստոսին:

Ամեն դեպքում, մի քանի ուղղություն կնշե՞ք՝ որոնք տուրիստների համար հետաքրքիր կարող են լինել:

-Մենք նայում ենք՝ տուրիստն ինչքան ժամանակ ունի ու ինչքան ժամանակ է պատրաստ ծախսել ճանապարհի վրա: Որպես Երևանին մոտ, հասանելի ուղղություններ՝ մենք առաջարկում ենք Հատիս, Արայի լեռ, Գեղամա լեռնաշղթա, Արագած, իսկ երկար օրեր ունենալու դեպքում՝ արդեն Լոռիում և Տավուշում հազարավոր ուղղություններ կան: Կան ուղղություններ, որոնք մի քիչ ավելի շատ ծանրաբեռնված են, օրինակ, Լաստիվեր կամ Պարզ լճից Գոշ, և կան հազարավոր ուղղություններ, որոնք անհայտ են, ու, կարծես, այդ հատվածը թաքնված Հայաստանը լինի:

Ո՞ւմ խորհուրդ կտաք մասնակցել արշավների և ո՞ւմ խորհուրդ չեք տա մասնակցել:

-Խորհուրդ կտամ մասնակցել բոլորին, որովհետև կան շատ թեթևից մինչև շատ բարդ ուղղություններ: Բարձր լեռնային արշավներին խորհուրդ չեմ տա մասնակցել միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանք, ովքեր ունեն ճնշման հետ խնդիրներ, սիրտ-անոթային հիվանդություններ, ծանր քաշի հետ կապված խնդիրներ կարող են անցնել միայն թեթև արահետներ:

Մհեր Ավետիսյան

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք, որ պատահել է ձեր տուրերի ժամանակ:

-Ամեն արշավի ժամանակ հետաքրքիր դեպքեր շատ են լինում, որովհետև հավաքվում են լրիվ տարբեր մարդիկ՝ զարգացած ու տարբեր աշխարհայացքներով: Մի անգամ Արագածի խառնարանում դեպք եղավ: Փոքր խումբ էր, տեղացիների հետ էինք ու մասնակիցները երիտասարդ էին ու անփորձ, ու վրաններից մեկը տեխնիկական խնդիրների պատճառով՝ լավ չէր փակվում, ես այդ պահին իմ վրանն էի հավաքում: Տեսնելով, որ չեն կարողանում փակել վրանը, երիտասարդները որոշեցին այդպես բաց վիճակում վերցնել վրանը ձեռքներին ու քայլել: Արագածի խառնարանից մինչև մեքենայի մոտ բավականին երկար ճանապարհ է, կարելի է ասել՝ կես օր կտևի, որ հասնեն, իսկ նրանք որոշեցին բաց վրանը ձեռքներին այդպես քայլել: Արշավականի համար դա շատ ծիծաղելի պատմություն է, որովհետև այդ քամու մեջ, բարձր լեռնային գոտում բացած վրանը ձեռքներին քայլելը շատ դժվար կլիներ: Ես ուղղակի հավաքեցի վրանն ու դրեցի ուսապարկում, ասացի՝ դե, քայլեք:

-Արշավներն ի՞նչ ազդեցություն են ունենում մարդու վրա:

-Սեղանների մոտ կենաց խմելու, թուրքական, բայց անունը հայկական դրած երգեր լսելու փոխարեն՝ հայրենասիրությունը պետք է սկսել արշավներից: Մեր մշակութային ունեցվածքի զգալի մեծամասնությունը ոտքով հասանելի տեղերում են, մարդիկ գաղափար չունեն վիշապաքարերի, ժայռապատկերներ մասին, գաղափար  չունեն ինչ-որ լքված կամ շատ վաղ ժամանակվա մատուռների մասին: Արշավելը նաև հայրենասիրություն է: Բնությունը գնահատողն աղբ չի թափի գետնին, այսինքն՝ դա դաստիարակություն է, ապրելակերպ է: Ընդհանրապես ես խորհուրդ կտամ, որ փոքր երեխաներն էլ ինչ-որ խմբերով հետաքրքիր արշավների գնան, որովհետև այդպես կսկսեն սիրել իրենց երկիրը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում