info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավի՛ր ու նկարի՛ր / Լեռնային լուսանկարչություն

Լեռնային լուսանկարչություն

Լեռնային լուսանկարչություն

Լեռներում և առհասարակ բնության մեջ մարդու զգացողություններն այնքան ուժեղ են լինում, որ երբեմն որևէ լուսանկար կամ տեսանյութ չի կարողանում փոխանցել այդ ամենը։ Իհարկե, դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանով եք դուք տիրապետում լեռնային լուսանկարչություն կոչվող ուղղության հմտություններին և առանձնահատկություններին։ Շատ հաճախ մենք որևէ տարբերություն չենք տեսնում լուսանկարչության ուղղությունների և ճյուղերի միջև, ու տպավորություն է, որ եթե նկարել գիտես, ցանկացած իրավիճակում կարող ես գեղեցիկ նկարներ ստանալ։ Սակայն, իրականությունը լրիվ այլ է, պարզապես որովհետև նկարների ստեղծման ընթացքում շատ մեծ նշանակություն ունի միջավայրը, որտեղ տեղի են ունենում լուսանկարահանումները։

Ներկայացնում ենք մի քանի հանգամանք, որ պետք է հաշվի առնել լեռներում  լուսանկարներ անելիս։

Վերելք Դրախտիսար լեռ / Արշավներ Հայաստանում

Լուսավորությունը և գույները

Բնության մեջ լուսավորությունն ու գույներն ավելի ուժեղ են, քան՝ քաղաքում, որտեղ տարբեր բարձրության կամ գույների շինությունները ստվերներ ու գունային միախառնումներ են առաջացնում։ Քաղաքում բնականից բացի՝ արհեստական ու խառը երանգներն ամենուր են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նաև բնական գույների ուժգնության վրա։ Այնինչ, երբ արշավում եք, ձեր աչքը տեսնում է այնպիսի գույներ, որոնք առօրյա քաղաքային կյանքում չեք տեսնի։ Եթե դուք լեռներում չեք եղել ու առաջին անգամ այնտեղ պետք է լուսանկարներ անեք, ձեզ համար շատ անսովոր կլինի աշխատել նման լուսավորության ու գույների պայմաններում։ Իհարկե, արդյունքում լուսանկարներն ավելի լավն են լինելու, քան՝ քաղաքում արվածները, սակայն հնարավոր է՝ դրանք ամբողջությամբ չփոխանցեն այն, ինչ ձեր աչքն է տեսել։ Դրա համար շատ կարևոր է այս հանգամանքը հաշվի առնել ու ուսումնասիրել լեռների ու բնության լուսավորության առանձնահատկությունները։

Վերելք Ծռասար ;եռ

Հագուստը

Բնության մեջ մարդը ճոխությունների կարիք չունի։ Տոնական կամ շատ շիկ հագուստը լեռների ֆոնին այնքան էլ գեղեցիկ չեն նայվում։ Եթե դուք արշավների եք մասնակցում, հասկանալի է, որ նման հագուստ պարզապես չեք էլ կարող հագնել, սակայն երբեմն մարդիկ հենց լուսանկարներ անելու համար են գնում լեռներ, ու պետք է հաշվի առնել, որ բնության մեջ պետք է հնարավորինս բնականին մոտ գույներով հանդերձանք կրել։ Մուգ գույնի հագուստը նույնպես այնքան էլ գեղեցիկ չի նայվում բնության ֆոնին։ Պայծառ ու լուսավոր գույներն այն են, ինչը ձեզ ներդաշնակ է դարձնում այդ բնական լուսավորության ու գույների ներքո։

Կենացսար լեռ

Թեման

Բնության մեջ արված լուսանկարների թեման հենց բնությունն է։ Անգամ եթե դուք նկարվում եք բնության մեջ, պետք է հասկանաք, որ այդ լուսանկարը լինելու է բնության մասին։ Ընդհանրպես, լեռներում և անտառներում մարդն ավելի քիչ եսակենտրոն է դառնում, ու դա նաև բնության անսահման գեղեցկությունն ու մեծությունը տեսնելուց է։ Այսինքն՝ դուք ինչքան էլ գեղեցիկ ու յուրահատուկ լինեք, մի սպասեք, որ ավելին եք լինելու, քան բնությունն է․ դուք կարող եք պարզապես ձգտել ներդաշնակ լինել նրա հետ։

Կալասար լեռ – Վայոց Ձոր – Armenian Geographic – ArmGeo

Լեռնային լուսանկաչությունը Հայաստանում

Լեռնագնացությունը վերջին տարիներին շատ մեծ տարածում է գտել Հայաստանում։ Մեզ հետ զրույցում Armenian Geographic-ի հետ համագործակցող լեռնային ուղեկցորդ Մհեր Ավետիսյանն ասել էր, որ լեռնային տուրիզմի զարգացմանը նպաստել են նորագույն տեխնոլոգիաներ։ Նա նշում էր, որ լեռներում լուսանկարները շատ մեծ տպավորություն են թողնում մարդկանց վրա, ու դրանցով ոգեշնչված՝ մարդիկ գնում են սարեր՝ այդ նույն տեսարանները տեսնելու ու վայելելու համար։ Սա խոսում է նաև այն մասին, որ լեռնային լուսանկարչություն ուղղությունը մեր երկրում նույնպես պոտենցիալ ունի զարգանալու։ Armenian Geographic-ը կազմակերպում է լեռնային լուսանկարչության վորքշոփեր, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են լուսանկարչության սկզբունքներին և, մասնավորապես, լեռներում նկարելու առաձնահատկություններին։ Նմանատիպ նախաձեռնությունները կարծես հաճելիի և օգտակարի մեկտեղում լինեն, քանի որ դուք հա՛մ գտնվում եք գեղեցիկ բնության մեջ, հա՛մ էլ սովորում այդ գեղեցկությունն անմահացնելու հմտությունները։

Լուսանկարչական վորքշոփ / ArmGeo

Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի հսկայական պոտենցիալ ինչպես լեռնային տուրիզմի, այնպես էլ լեռնային լուսանկարչության զարգացման համար։ Այս լեռնային երկրում լուսանկարները ստացվում են աննկարագրելի գեղեցիկ ու խոսուն։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում