Խորհուրդներ սկսնակ արշավականներին
Արշավներն ակտիվ հանգստի լավագույն տարբերակներից մեկն են: Դրանց կարող են մասնակցել թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները: Արշավների միջոցով մենք հնարավորություն ենք ստանում բացահայտել նոր վայրեր, վայելել բնությունն ու տարբեր լեռներից բացվող տեսարանները:
Արշավների ժամանակ մենք հաճելին համատեղում ենք օգտակարի հետ, քանի որ արշավներն իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Սակայն պետք է միշտ հիշել, որ արշավներին հարկավոր է պատրաստվել՝ ուշադրություն դարձնելով հատկապես գույքին և հանդերձանքին: Այս հոդվածում ներկայացրել ենք մի շարք օգտակար խորհուրդներ, որոնք արշավները կդարձնեն ավելի հարմարավետ և հաճելի:
Խմբային արշավներ
Առաջին անգամ արշավ գնալիս՝ համոզված եղեք, որ ընտրել եք փորձառու ուղեկցորդի կամ արշավային կազմակերպության: Սկզբնական շրջանում նախընտրելի են խմբային արշավները: Այդպես արշավը կանցնի ավելի ապահով և ուրախ:
Խմբային արշավներն ունեն մի շարք առավելություններ: Փորձառու արշավականների հետ շփումը օգտակար կլինի և կնպաստի, որպեսզի չզգաք առաջին արշավի բարդությունները: Բացի այդ, նրանց խորհուրդները կօգնեն ավելի հեշտ ընդգրկվել արշավային կյանք:
Ֆիզիկական պատրաստվածություն
Արշավներն ակտիվ հանգստի մի մասն են կազմում: Եվ ինչպես ցանակացած ակտիվ հանգստի, այնպես էլ արշավների դեպքում, անհրաժեշտ է որոշակի Ֆիզիկական պատրաստվածություն: Եթե ֆիզիկական ակտիվ կյանք չեք վարում, ապա սկզբնական շրջանում կարող եք կատարել թեթև կարդիո վարժություններ: Լավագույն սկիզբը կարող է դառնալ առավոտյան վազքը կամ օրվա ընթացքում երկար քայլքը: Սա միաժամանակ կնպաստի նաև մարմնի մկանների զարգացմանը:
Իսկ եթե չեք կարող հաճախ մարզվել, ապա կարող եք սկսել ավելի կարճ և հեշտ արշավային ուղություններից: Սակայն պետք է հիշել, որ այս դեպքում էլ դժվարությունները անխուսափելի կլինեն: Օրգանիզմի համար սա ծանրաբեռնվածություն է: Սակայն միանգամից վախենալ կամ հիասթափվել պետք չէ: Պարզապես վստահ եղեք, որ պատրաստ եք հաղթահարել որոշ դժվարություններ և գտնվել ձեր համար ոչ սովորական պայմաններում:
Ուսումնասիրեք
Շատ կարևոր է վստահել այն ուղեկցորդին կամ կազմակերպությանը, ում հետ պատրաստվում եք արշավի գնալ: Նրանք մանրամասներ կներկայացնեն ձեր ընտրած ուղության վերաբերյալ և դուք արդեն նախօրոք տեղեկացված կպատրաստվեք արշավին:
Սակայն կարևոր է նաև ինքնուրույն ուսումնասիրել: Քանի որ շատ հաճախ սեփական փոքրիկ ուսումնասիրությունը կարող է ավելի շատ օգնել, քան ցանկացած այլ տարբերակով ստացված խորհուրդները: Ուսումնասիրեք ուղղությունը, եղանակային պայմանները: Ուշադրություն դարձրեք արշավային գույքին և հանդերձանքին:
Արշավային գույք և հանդերձանք
Արշավների գնալիս՝ մյուս կարևոր նախապայմանը, հագուստի ճիշտ ընտրությունն է: Քանի որ եղանակը կարող է լինել անկանխատեսելի, ցանկալի է հագնվել շերտերով: Այսպես ավելի հեշտ կլինի հարմարվել եղանակային փոփոխություններին: Միշտ պետք է ունենալ փոխնորդ հագուստ՝ անկախ նրանից, թե տարվա որ եղանակին եք արշավ գնում: Արշավային գույքի և հանդերձանքի մասին ունենք առանձին հոդվածներ, որտեղ մանրամասն ներկայացված են արշավային հագուստի նրբությունները:
Սկսնակ արշավականներին հաճախ վախեցնում է «արշավային գույք և հանդերձանք» արտահայտությունը: Իրականում ամեն բան ավելի պարզ է, քան թվում է: Արշավային հանդերձանք կարող եք ձեռք բերել այն ժամանակ, երբ արշավները կդառնան ձեր կյանքի անբաժան մասը: Իսկ սկզբնական շրջանում կարող եք ընտրել հարմարավետ, սպորտային և շարժումը չկաշկանդող հագուստ:
Չնայած առաջին անգամ կարելի է գնալ առանց հատուկ արշավային հագուստի, սակայն խորհուրդ ենք տալիս ձեռք բերել առնվազն արշավային կոշիկներ: Շատերին կարող է թվալ, որ սովորական սպորտային կոշիկները կարող են փոխարինել արշավային կոշիկներին: Բայց արշավների ընթացքում մենք անցնում ենք դժվարանցանելի, քարքարոտ արահետներով, և արշավային կոշիկներն այդ ճանապարհները դարձնում են առավել անցանելի:
Ի տարբերություն սպորտային կոշիկների, արշավային կոշիկներն ունեն բավականին հաստ և պինդ տակացուներ, ինչի շնորհիվ քայլելիս մենք չենք զգում ամեն քար ու անհարթություն: Առավել ճիշտ արշավային կոշիկ ընտրելու համար կարող եք կարդալ այս հոդվածը:
Ուսապարկ
Ուսապարկը երկրորդ կարևոր և պարտադիր գույքն է: Եվ եթե սկզբնական շրջանում արշավային հագուստ ունենալն անհրաժեշտություն չէ , ապա ուսապարկը՝ պարտադիր է: Մեկօրյա արշավների դեպքում կարող եք նախապատվությունը տալ 25-35 լ տարողունակությամբ ուսապարկերին:
Շատ սկսնակ արշավականները հիմնականում թույլ են տալիս մեկ ընդհանուր սխալ. վերցնում են ամեն ինչ, նույնիսկ իրեր, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն: Իրականում առաջին անհրաժեշտության են իրեր են համարվում անձրևապաշտպան թիկնոցը, դեղատուփը, տաք հագուստը, գլխարկը, արևապաշտպան քսուկը և առնվազն 1,5լ ջուրը: Այս հոդվածում առավել մանրամասն կարող եք կարդալ, թե ինչ վերցնել մեկօրյա արշավ գնալիս:
Անշուշտ ամեն բան փոխվում է, երբ խոսում ենք գիշերակացով արշավների մասին: Այս դեպքում սկսած ուսապարկի չափսերից և վերջացրած անհրաժեշտ իրերով՝ ամեն բան այլ է: Սակայն անհանգստանալ պետք չէ, այդ մասին ևս մանրամասնորեն ներկայացրել ենք մեր՝ «Ինչպե՞ս պատրաստվել գիշերակացով արշավներին» հոդվածում:
Սնունդ
Սնունդն ու ջրի պաշարը ևս կարևոր կետերց է: Եթե նույնիսկ առօրյա կյանքում մենք այդքան էլ ճիշտ չենք սնվում կամ խմում բավականաչափ ջուր, ապա արշավների ընթաքում պարտադիր պետք է հետևել ճիշտ սննդին և ջրի քանակին: Շատ կարևոր է, որպեսզի սնունդը լինի թեթև և միաժամանակ էներգիա պարունակող: Հակառակ դեպքում, սնունդը դժվար կդարձնի նույնիսկ ամենաթեթև երթուղին:
Արշավային սնունդը պետք է պարունակի ավելի շատ ածխաջրեր և սպիտակուցներ: Կարող եք վերցնել սենդվիչներ, չորամրգեր, ընդեղեն, թարմ միրգ, բանջարեղեն, սպիտակուց պարունակող սալիկներ: Այդ մասին ավելի հանգամանորեն ներկայացրել ենք մեր այս հոդվածում:
Ջրի դեպքում ամեն բան ավելի պարզ է: Բնության մեջ օրգանիզմն ավելի շուտ է ջրազրկվում, ինչն էլ կարող է հանգեցնել արևահարման և մի շարք այլ խնդիրների: Այդ ամենից խուսափելու համար պարտադիր պետք է ունենալ առնվազն 1,5 լ ջուր: Գիշերակացով արշավների դեպքում՝ ավելի շատ: Վերջինիս դեպքում պարտադիր է իմանալ, թե ինչպես կարելի է գտնել ջրի այլընտրանքային աղբյուրներ:
Սիրեք բնությունը
Եթե կարդացիք այս հոդվածը՝ արդեն նշանակում է, որ սիրում եք բնությունը: Ուստի ուսապարկում չենք մոռանում փոքրիկ տեղ հատկացնել աղբի տոպրակի համար, որպեսզի ոչինիչ չթողնենք մեզանից հետո և չաղտոտենք բնությունը: Պետք չէ մտածել, որ «սա իմ աղբը չէ, չեմ հավաքելու»: Եթե ցանկանում ենք ունենալ մաքուր բնություն, կրթված արշավական հասարակություն, պետք է օրինակ ծառայել մյուսների համար:
Արշավը՝ լինելով ակտիվ հանգստի տեսակ, պահանջում է համապատասխան պատրաստվածություն և կամքի ուժ: Ցանկության դեպքում և ժամանակի ընթացքում՝ հետևելով մեր խորհուրդներին, ցանկացած արշավ կդառնա անմոռանալի և հիշողություններով լի:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: