Սիփան լեռը գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Բարձրությունը 4058 մետր է: Նախկինում բարձրությունը նշվում էր 4434, որը սխալ տվյալ է: Լեռան կատարային մասում կան էքստրուզիվ կոներ, լանջերը ծածկված են մարգագետիններով:
Լեռանն իր վեհության համար գերմանացի աշխարհագրագետ Մորից Վագներն (1813-1887թթ.) անվանել է «Հպարտ լեռ»: Վագներից դեռ շատ առաջ Թովվմա Արծրունին գրել է. «Բարձրագագաթ է, ձյունապատ ու սպիտակափառ և նման է զորավոր նախարարների մեջ զվարճացող, վայելուչ մազերով փառահեղ թագավորի, որն առջևում տեսնում է կապուտակ ու ծիրանագույն դաշտի նմանվող ծովը»:
Նեխ Մասիք
Սիփանը հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:
Էրիդա
Արարատյան թագավորության արձանագրություններում լեռն անվանվել է Էրիդա: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանն այդ տեղանունը ստուգաբանում է հայերեն երդ արմատով, երդիկ, տուն, տնվոր իմաստով:
Սիփանը Հայկի խորհրդանիշ
Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»:
Սիփանն արվեստում
Սիփան սարը իր գեղեցկությամբ գրավել է նաև հայ նկարիչների ուշադրությունը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը: Թերլեմեզյանը ռեալիստական բնապատկերը հագեցրել է հայրենի եզերքի հանդեպ անսահման ջերմ սիրո շնչով:
Վերելք Սիփան լեռ
Մեր վերելքը սկսեցինք 2017 թ.-ի օգոստոսի 8-ին, ժամը 5-ին: Վրանային ճամբարից մինչև գագաթ վերելքը տևեց 9 ժամ: Հարաբերական բարձրությունը 1500 մետր:
Դժվար էր, բայց հաղթահարելի: Սիփանից բացվող տեսարաններն անմոռանալի կերպով դաջվում են հիշողության մեջ ու հաճախ վերհիշելու և մտորելու առիթ դառնում:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Էդուարդ Ստեփանյանի և Տիգրան Շահբազյանի
Հայկական լեռնաշխարհի մասին այլ նյութեր
Միացեք մեր առաջիկա արշավներին