Շեկաղբյուր լեռ
Շեկաղբյուր լեռը գտնվում է Լոռու մարզում՝ Արդվի և Հովնանաձոր գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2061 մետր է։ Հանդիսանում է Վիրահայոց լեռների բարձր գագաթներից։
Օձի պորտ
Շեկաղբյուր լեռան երթուղին անցնում է «Օձի պորտ» բնական հուշարձանի կողքով, որը գտնվում է Արդվի գյուղական համայնքի արևելյան հատվածում։ Հուշարձանը 2008 թվականին ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ժայռի մեջ առանձնացող հսկա քարե օձ, որի միջնամասից սառնորակ ջուր է հոսում՝ փոքրիկ աղբյուր գոյացնելով։
Ըստ ավանդության գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին էր կրթում կաթողիկոս Հովհան Օձնեցին: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է զարհուրելի վիշապը և նրա արձակած ձայներից շրջակայքը պապանձվում է: Մի կին կովկիթն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Հովհանն իր աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և հայտնվում է վիշապի երախում: Հաջորդ աշակերտին է ուղարկում, նա էլ չի վերադառնում: Այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժին են դառնում: Հովհանը դպրոցից դուրս է գալիս փնտրելու իր աշակերտներին: Տեսնում է ահռելի վիշապին, որը պատրաստվում էր ընդունել հաջորդ զոհին: Հովհան Օձնեցին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածն իսկույն կատարվում է և վիշապը քարանում է։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի
Արշավներ Հայաստանում