Սառցալի լեռ
Զանգեզուրի լեռների հյուսիսային հատվածը կոչվում է Ամուլսարի լեռներ, որի ամենաբարձր գագաթն է հանդիսանում Սառցալի լեռը։
Բարձրությունը՝ 3434 մ
Կոորդինատները՝ 39.905228, 45.788367
Սառցալի լեռնագագաթը գտնվում է Վայոց ձորի և Արցախի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների հյուսիսային մասում, Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք։ Սառցալիի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Արփա գետի ձախ՝ Կենգերի վտակը, իսկ հարավարևմտյան լանջին է գտնվում Յոթնաղբյուրը։ Լեռան լանջերը ծածկված են քարակույտերով, ալպյան մարգագետիններով և թփուտներով։ Գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Հյուսիսարևելյան լանջերին են գտնվում բազմաթիվ գեղատեսիլ լճեր։
Սառցալիի ժայռապատկերներ
Սառցալի լեռան ստորոտին գտնվում են բազմաթիվ ժայռապատկերներ։
Հազարամյակներ առաջ մարդիկ իրենց դրոշմն են թողել մուգ, արևահար մակերես ունեցող քարերի վրա։ Սև քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Հրաչուհի Այվազյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: