Սանդուխտասարում տոն է
«Սանդուխտասար լեռ տանող ճանապարհին ես գրեթե ամբողջությամբ հաղթահարեցի վախս…»,- ասում է Հասմիկ Զաքարյանը, որը մասնակցել է Armenian Geographic-ի կազմակերպած դեպի Սանդուխտասար արշավին:
Սանդուխտասար լեռը Վարդենիսի լեռների բարձրությամբ երրորդ գագաթն է, որն ունի 3454 մ բարձրություն: Մեր 40 մասնակցից բաղկացած խումբը երկօրյա արշավ իրականացրեց դեպի Սանդուխտասար լեռ և գիշերեց Մեծ Ալ լճի ափին: Նման կազմով այս արշավն իրականություն դարձավ երկար տարիների մեր աշխատանքների արդյունքում ձևավորված կայուն թիմի ու խմբի շնորհիվ: Այս ուղևորությունը նշանավորվեց նաև մի քանի առիթով, որ մենք նշեցինք Սանդուխտասար լեռ կազմակերպված արշավին: Մենք նախ տոնեցինք մեր արշավականներ Գևորգ Հարոյանի, Ֆելիքս Քոչարյանի և Հասմիկ Զաքարյանի ծննդյան տարեդարձները: Բացի այդ՝ լրանում էր նաև նախորդ տարի Արարատի գագաթ բարձրացած մեր խմբերից մեկի 1 տարին, որը նույնպես Սանդուխտասարում նշեցինք:
Ծնունդը Սանդուխտասարում
Հոբելյարներից Հասմիկ Զաքարյանի համար սա նաև առաջին վրանային արշավն էր: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ այս տարի դեռ ոչինչ չէր պլանավորել ծննդյան համար, երբ իր ընկերուհին՝ Աստղիկը, զանգահարեց ու ասաց, որ այլ բան չպլանավորի, քանի որ իրեն գիշերակացով արշավի է տանում՝ որպես ծնունդի նվեր ու անջատեց հեռախոսը. «Անգամ չասաց, թե ուր ենք գնում, բայց ֆեյսբուքից հասկացա, քանի որ նա հավատարիմ արմջեոական է, իսկ այդ օրերին հենց Ալ լճերի ու Սանդուխտասարի երկօրյա արշավն էր լինելու: Այդ մասում չէի եղել ու քանի որ սիրում եմ Հայաստանը բացահայտել, սիրով ենթարկվեցի»:
Հասմիկը նշում է, որ ինքը նախկինում ծնունդը սարերում նշելու փորձ ևս ունեցել է. «Երկու տարի առաջ ծնունդս նշել էի Հատիսի գագաթին: Այդ վերելքը խորհրդանշական էր: 14 տարի առաջ ընտանեկան բացօթյա հավաքույթի ժամանակ մի քանի հոգով մասամբ բարձրացել էիք Հատիսը ու ստիպված հետ իջել, քանի որ մեզ սպասում էին ներքևում: Երեսուն ամյակիս որոշեցի, որ բոլոր կիսատ թողած գործերս պետք է ավարտին հասցնեմ ու սկսեցի Հատիսի վերելքից: Բացի այդ, տարիներ առաջվա այդ կիսատ վերելքը նպաստել էր, որ սարերի ու վերևից բացվող տեսարանների հանդեպ թուլություն ունենամ: Այդ պատճառով սարերում ծնունդ նշելն իսկապես նվեր է»:
Վերելքը Հասմիկի համար միջին բարդության էր, քանի որ, ասում է, երկու տարի սար չէր բարձրացել, միայն քայլարշավների էր մասնակցել. «Իսկ այս ամիսներին որքան էլ փորձել էի տանը մարզվել, միևնույն է, պասիվությունը գերակշռել էր: Գագաթին հարթ տեղ չկար նստելու և սնվելու համար, ամբողջը մեծ քարեր էին, բայց դա չխանգարեց, նույնիսկ ամեն մեկը մի քարի վրա պարում էր: Եթե մարդն ուզում է ուրախանալ ու վայելել, ոչինչ չի կարող խանգարել: Ներքև իջնելիս նաև ժայռապատկերներ գտանք: Դրանից էլ էինք շատ ուրախացել»:
Առաջին վրանային արշավը
Հասմիկը պատմում է, որ մինչ այդ երկօրյա արշավների ժամանակ միշտ գիշերել էր գյուղացիների տներում՝ հարմարավետ անկողիններում. «Վրանային գիշերակացը միշտ գրավում էր, բայց չէի համարձակվում, որովհետև վախենում էի մրսել: Այս անգամ փախուստի տեղ չկար, վրանից բացի այլ տեղ չկար քնելու, բայց նաև աշխատեցի մաքսիմալ հարմարավետ դարձնել առաջին փորձառությունը: Ինձ հետ վերցրեցի երկու քնապարկ, կարիմատ, տաք հագուստներ, ձմեռային գլխարկ, ծածկոցներ: Նույնիսկ փչվող ներքնակ էի ուզում գնել, բայց որոշեցի նախ առանց դրա փորձել: Կարելի է ասել՝ 90% ով չեզոքացվել էին հնարավոր անհարմարությունները: Վրանում գիշերելու առաջին փորձս համարում եմ հաջողված: Եթե էլի մարդիկ կան, ովքեր ինձ նման մրսկան են, պարզապես պետք է մի փոքր ավելի պատրաստված գան, բայց անհնար ոչինչ չկա»:
Հասմիկը նշում է, որ այդ արաշավի ընթացքում շատ հետաքրքիր դրվագներ եղան. «Առաջին օրը Ալ լճի մոտ խարույկ վառեցինք, երգեցինք, ազգային պարեր պարեցինք, իսկ երբ օրը փոխվեց, տորթ բերեցին, հոբելյարներով հերթով փչեցինք: Հաջորդ օրը՝ վերելքի ընթացքում, տղա-աղջիկ տարանջատում արվեց բնական կարիքները հոգալու համար: Տղաներն աղջիկներից հետ էին ու երբ սկսեցին մեզ մոտ բարձրանալ, հեռվից երկար հորիզոնական գիծ երևաց: Դա պատերազմների ժամանակ հակառակորդ բանակի ճակատային գրոհի էր նման: Աղջիկներն էլ հետ չմնացին, շարվեցին մի գծով ու բեմականացրեցին երկու բանակների կռիվ: Շատ զվարճալի ստացվեց»:
Խոսելով ստացած փորձառության մասին՝ Հասմիկը նշեց, որ արդեն գիտի, թե ինչ է նշանակում քնել վրանում. «Իսկ Սանդուխտասար լեռ տանող ճանապարհի շնորհիվ ես գրեթե ամբողջությամբ հաղթահարեցի վախը, որն առաջացել էր երկու տարի առաջ Արագածում ինձ վրա գլորված քարից»:
Հասմիկը նշում է, որ շարունակելու է արշավել. «Մարդը միշտ գեղեցիկի և ինքն իրեն հաղթահարելու կարիք ունի: Բացի այդ, արշավներն ինքնաճանաչության ու հայրենաճանաչության լավ միջոց են: Մեր սարերը «Դելֆյան տաճարներ» են, որոնց վրա ասես գրված լինի «Ճանաչիր ինքդ քեզ»»:
Արարատի ճանապարհը մտերմացրեց
Անցյալ տարի Արարատ բարձրացած խմբի անդամներից Լիաննա Առաքելյանն էլ նշում է, որ իրենց խմբից յուրաքանչյուրի համար կարևոր էր, որ մեկ տարի անց նորից միասին էին:
Խոսելով Սանուխտասարում տեղի ունեցած արշավի մասին՝ Լիաննան նշեց, որ այն անցավ հիանալի. «Երևի որովհետև երբ նման տեսարաններ ունես առջևումդ, այլ կերպ չի կարող լինել: Ամեն արշավ իր առանձնահատկությունն ունի, ու բոլորը միավորվում են ընդհանուր գծերով՝ անվերջ գեղեցիկ տեսարաններ, ընկերներ, ճանապարհներ ու ճանապարհների խենթություններ»:
Խոսելով մեկ տարի առաջ Արարատ բարձրացած իրենց խմբի մտերմության մասին՝ Լիաննան դժվարացավ պատասխանել, թե ինչպես մտերմացան. «Երևի շատերս նույնիսկ չհասկացանք, թե ինչպես ու կոնկրետ ինչ քայլերով մտերմացանք՝ ոչ մեկս ժամ ու պահ չի ֆիքսել: Կամ էլ միգուցե Արարատի գագաթին, միմյանց գրկելու, շնորհավորելու ու նույնիսկ աչքերով միմյանց ուրախությունը տեսնելու ու կիսելու ընթացքում գտանք միմյանց՝ չգիտեմ: Մեզ ուղղակի կապեցին ճանապարհները, խոսակցությունները, ընդհանուր երազանքն ու նպատակները: Հիշում եմ՝ երբ Արարատի ճանապարհին էինք, գրեթե ոչ մեկին չէի ճանաչում, իսկ հետդարձի ճանապարհին Հայրենիքի մասին իմ պատկերացումները հենց այդ նույն մարդկանց հետ էի կապում: Հետո, իհարկե, այդ ճանապարհներն իրենց կիլոմետրերն ավելացրին՝ ամեն անգամ գումարվելով Արարատի կիլոմետրերին ու երկարացնելով մեզ կապող այդ ուղին»:
Սանդուխտասարն ու Արարատը
Անդրադառնալով Արարատի վերելքի նշանակությանը՝ Լիաննան ասաց. «Արարատի վերելքի ու դրա կարևորության մասին շատ ենք խոսել, բայց հիմա՝ երբ արդեն մեկ տարի անցել է, ու զգացմունքները քիչ թե շատ խաղաղվել են (երևի պետք է նորից գնալ) հստակ մեկ բան կա, որ պետք է նշել՝ մարդիկ: Արարատում գտած մարդիկ Արարատի վերելքի նշանակությունն ուղղակի եռապատկում-քառապատկում են: Ու իհարկե, մեր խմբից ամեն մեկիս համար յուրովի կարևոր էր, որ մեկ տարի անց նորից միասին էինք, ընդ որում՝ նաև օնլայն»:
Սանդուխտասարը Լիաննայի համար այն սարերից էր, որ սկզբում ոչ մի առանձնահատուկ էմոցիա չի առաջացնում. «Բայց, այ, վերջո՜ւմ՝ գագաթ հասնելու ճանապարհին, ինքն իրեն ցույց է տալիս, մի տեսակ քիչ հասանելի է դառնում ու միևնույն ժամանակ հետաքրքիր, կանչող, գերող»:
Լիաննայի համար հիշարժան են իրենց մեկամյակի տորթն ու դրա մոմերի ընտրությունը, «առաջին անգամ դելիկայում քնելն ու արթնանալը Ալ լճի հիանալի պատկերն առջևումդ, Սանդուխտասար լեռ հասնելու ճանապարհն ու գագաթի թվացյալ խորթությունը, որ մի փոքր հարմարվելուց հետո այնքա՜ն հարազատ էր թվում»:
Սանդուխտասարի ու Արարատի վերելքների միջև զուգահեռներ անցկացնելով՝ Լիաննան ասաց. «Նմանությունը՝ մարդիկ էին, մթնոլորտը, նույն երգերը, կամ՝ նմանատիպ նախատրամադրությունը, որ ունեինք Արարատ բարձրանալուց առաջ»:
Սանդուխտասարի արշավը վառ տպավորություններով խորհրդանշական ուղևորություն էր, որի ընթացքում ևս մեկ անգամ վերաարժեվորվեց այն ճանապարհը, որով քայլում ենք առաջ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: