Նժույգ լեռ
Նժույգ լեռը գտնվում է Լոռու մարզում: Հանդիսանում է Փամբակի լեռների ճյուղավորումներից մեկի՝ Արջուտի թամքոցի, ամենաբարձր կետը: Բարձրությունը 2470 մ է: Լեռը գտնվում է Սպիտակ և Պայտաջուր լեռների միջև, Լեռնանցք գյուղից 3 կմ հարավ –արևելք: Լանջերը ծածկված են մերձալպյան բուսականությամբ:
Նժույգ և Կամար լեռների միջև է գտնվում Սպիտակի լեռնանցքը, որը շատ լավ երևում է գագաթից:
Սպիտակի լեռնանցք
Ժողովրդի մեջ տարածված է հաճախ սխալմամբ Սպիտակի լեռնանցք անվանել դեպի Սպիտակ տանող ոլորանները, սակայն Ապարան-Սպիտակ ճանապարհի լեռնանցքը կոչվում է Փամբակի լեռնանցք:
Սպիտակի լեռնանցքն անցնում է Լեռնանցք գյուղով, որի նախկին անունը հենց Սպիտակ էր: Հետո ներկայիս Սպիտակ քաղաքը Համամլույից վերանվանվեց Սպիտակ, իսկ Սպիտակ գյուղի անունը դարձավ Լեռնանցք: Սպիտակի լեռնացքը կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով: Լեռնանցքը ունեցել է ռազմավարական նշանակություն, այստեղով ժամանակին անցել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմամթերքը տեղափոխող սայլերը։ Այդ ճանապարհի մասին դեռևս տեղեկություններ են հասել 1804-1805 թթ. ռուս-պարսկական պատերազմից։
Համամլու-Ալագյազ ճանապարհը կտրել անցել է 2375 մ բարձրություն ունեցող Սպիտակի լեռնանցքով, որը մի քանի մետրով ավելի բարձր է քան Որոտանի լեռնանցքը (Սյունիքի դարպասներ):
Այժմ լեռնանցքի ճանապարհը գրեթե չի օգտագործվում: