info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավը՝ որպես ուղի դեպի հայրենիք

Լուիզա Վարդանյան

Լուիզա Վարդանյան

Մեծ Իշխանասարի բարձրունքից կտավի նմանվող տեսարանները ստիպում են մարդկանց շունչները պահած նայել ներքև ու գնահատել այն ուղին, որով անցել են։ Մենք՝ Armenian Geographic-ի արշավական թիմը, վրաններ էինք խփել ու գիշերել Սև լճի ափին, այնուհետև հաջորդ օրը բարձրացել էինք Մեծ Իշխանասար ։

Սև լիճն Իշխանասարից

Մեծ Իշխանասարը

Մեր խմբի անդամներից Լուիզա Վարդանյանը պատմում է, որ այս արշավն օգնել է իրեն ավել շատ կապվել հայրենիքի հետ․ «Ինչպես և բոլոր արշավները, Մեծ Իշխանասար կատարած գիշերակացով արշավը բավականին հետաքրքիր էր և հիշարժան։ Այս արշավը հատկապես տպավորիչ էր ինձ համար, քանի որ այն օգնեց Հայաստանը տեսնել այլ անկյունից և էլ ավելի շատ բացահայտել հայրենիքս։ Զգում եմ, որ ամեն արշավից հետո էլ ավելի շատ կապված եմ սկսում զգալ հայրենիքիս»։

Լուիզան առաջին անգամ էր Մեծ Իշխանասար բարձրանում․ «Ինձ համար այս լեռը մարտահրավեր էր, ինչը վերելքս էլ ավելի տպավորիչ դարձրեց։ Թվում էր թե իր կտրուկ թեքությունն անվերջ է։ Ողջ ընթացքում արևի տակ եփվելով ինքս իմ հետ լուռ վիճում էի թե «ինչի՞ եկա, որ արդեն սպառվում և համարյա հանձնվում եմ»։ Եւ այդպես համարյա երկու ժամ մտորումների մեջ ցրված ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հասա գագաթ։ Իսկ դժվար վերելքից հետո գագաթից բացվող տեսարանն ագահորեն ես վայելում և ավելի շատ գնահատում։ Նայում էի հեռվում փայլող Սև լճին, սրտիս բաբախումը լռությանը ռիթմ էր տալիս, քանի դեռ աչքերս գծում էին մեր կատարած երկար ուղին»։

Սև լճի ափին

Արշավականը նշում է այն պատճառները, ինչի համար մարդիկ պետք է անպայման բարձրանան այդ լեռը․ «Գագաթից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում, որն անշուշտ պետք է իրականում վայելել։ Ասես կտավ լինի՝ հարթավայրերը ուղանկյունաձև գծած, գունավոր՝ վառ դեղին կամ կանաչ։ Հեռվում լեռները դեպի վեր են ձգվում, իրենց գույները աստիճանաբար ավելի բաց են դառնում և միաձուլվում երկնքի հետ»։

Լուիզան նաև հիշեց, թե որ պահն է առավել տպավորվել իր մեջ այդ երկու օրվանից․ «Հիշում եմ, որ գագաթին մի քանի մետր էր մնացել քայլելու։ Ես կրիայի արագությամբ հասնում էի գագաթ՝ անընդհատ կանգնելով։ Ամեն կանգառիս ընկերներս գագաթից կատակում, բղավում էին՝ «կարո՞ղ ա հետ իջնես»։ Մխիթարող, լավ արշավական թիմ ունենալը վերելքն էլ ավելի հետաքրքիր է դարձնում»։

Մեծ Իշխանասարի գագաթին

Հայացքը՝ դեպի վեր

Լուիզան նշում է, որ ArmGeo-ի թիմի հետ շատ պատահական, «բախտի բերումով» է ծանոթացել․ «Ձանձրացած էի, ֆեյսբուքյան էջն էի թերթում, երբ նկատեցի իրենց Արարատի վերելքի գովազդը։ Այդ օրվանից էլ կյանքս փոխվեց 5165-ով»։

Արշավականը վստահ է եղել, որ Արարատի վերելքը կամփոփի իմ արշավական մեկ տարվա կյանքը․ «Բայց արշավելու դադարն այդ վերելքից հետո երկար չտևեց։ Նկատեցի, որ արշավները միայն դրական հետք են թողել կյանքումս, հակվածություն են առաջացրել, և «սովորական» կյանքին վերադառնալու ուղին անհետացել է։ Հասկացա, որ կարոտում եմ ինձ մարտահրավեր նետելը»։

Լուիզա Վարդանյան

Լուիզան անկեղծացավ, որ լեռնագնացությունն իր համար այնքան էլ հեշտ չէ․ «Երբեմն հետ եմ ընկնում խմբից կամ դանդաղ եմ քայլում՝ ուժերս խնայելու համար։ Սակայն ինձ երբեք չեմ խղճում․ հայացքս միշտ դեպի վեր, դեպի գագաթ է ուղղված։ Յուրաքանչյուր վերելքը կամքի ուժն ամրապնդելու փորձություն է։ Վերելքի ընթացքում ավելի նպատակասլաց եմ դառնում, իսկ գագաթին հասնելուն պես՝ էլ ավելի ինքնավստահ։ Գեղարվեստական կհնչի, բայց ես լեռնագնացության շնորհիվ ինքս ինձ ճանաչեցի»։

Արշավները Լուիզայի համար դրական հիշողությունների շտեմարան են, ինչը նրա կյանքին նոր գույն է հաղորդել․ «Արշավների շնորհիվ ձեռք եմ բերել հետաքրքիր ընկերներ, ում հետ կիսում եմ ուրախ պահեր և հիշարժան պատմություններ։ Արշավներին մասնակցելու շնորհիվ իմ մոտ զարգացավ ֆոտոյի և վիդեոյի հոբբին, բարելավվեցին աշխարհագրական գիտելիքներս, և, ամենակարևորը, սերը բնության, հայրենիքիս հանդեպ ուժեղացավ»։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում