Գոմշասար / Արիության լեռ
Արցախի ամենաբարձր գագաթը՝ Գոմշասար
Գոմշասար լեռը (հանդիպում են նաև Գոմեշ, Կեամուշ, Գյամիշ անունները) Մռավի լեռնաշղթայի բարձրագույն կետն է և հանդիսանում է Արցախի ամենաբարձր գագաթը: Գագաթի բարձրությունը` 3724 մետր է։ Գոմշասարն անվանում են նաև Արիության լեռ: Ներկայումս Մռավի լեռնաշղթան համարվում է Հայաստանում բարձրությամբ երրորդ շղթան, թերևս մեկ-մեկ հանդիպում է Գեղամա լեռնաշղթայի մասին հնացած տեղեկատվություն՝ որպես երրորդ շղթայի։ Պարզաբանեմ, թե ինչու:
Օմարի ճակատամարտը
Ուղիղ 20 տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերի վերջին, սկսվեց Արցախյան պատերազմի ամենաարյունոտ ճակատամարտերից մեկը` Օմարի ճակատամարտը։ Թշնամու զորքերն անցնելով Օմարի լեռնանցքով (որն, ի դեպ, գտնվում է Գոմշասարից 7 կմ հեռավորության վրա)՝ գրեթե մոտեցան ազատագրված Քարվաճառին, սակայն հետ շպրտվեցին մեր զորքերի կողմից։ Այս ճակատամարտն ավարտվեց 1994-ի փետրվարին թշնամու ջախջախիչ պարտությամբ և Մռավի լեռնաշղթայի կատարային մասով ճակատի գծի կայունացմամբ ։ Ներկայումս Մռավի շղթայի ամենակարևոր կետերը գտնվում են Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ (Գոմշասարի և Օմարի լեռնանցքներ, Գոմշասար, Օմար, Մռավ լեռնագագաթներ)։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են Մեծ Հինալ (3367 մ) և Քյոռողլուդագ (3462 մ) գագաթները։ Այսպիսով՝ զինադադարից հետո Մռավի լեռնաշղթան դարձավ Հայաստանում երրորդ ամենաբարձր շղթան։ Առաջին տեղում է Արագածի հրաբխային զանգվածը (ամենաբարձր կետը` Արագած` 4090 մ), երկրորդ տեղում` Զանգեզուրի լեռնաշղթան (իր Կապուտջուղ գագաթով` 3905 մ), երրորդում` Մռավի լեռնաշղթան, չորրորդում` Ծռասարի լեռնաշղթան (իր Ծռասար գագաթով`3616 մ), հինգերորդ տեղում` Գեղամա հրաբխային զանգվածն իր ամենաբարձր կետով` Աժդահակով (3597 մ)։
Հեղինակ` Վահե Մարտիրոսյան
Հայաստանի 5 ամենաբարձր գագաթների մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները» հոդվածում: