Արարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է
Արարատի վերելքը նվեր եմ ստացել, հինգ ամիս անց (22.09.2024) արդեն գագաթին էի կանգնած։
Առաջին երկու օրերը սովորական ամառային արշավի պես էի պատկերացնում, այդպես էլ եղավ։ Վերջին օրվա վերելքը պատկերացնում էի ցուրտ, մութ ու բարդ։ Տեխնիկախես ամեն ինչ այդպես էր, բայց նախքան Արարատ մեկնելը հաշվի չէի առել մի գործոն՝ խմբի էմոցիոնալ ֆոնը, երբ յուրաքանչյուրիս ապրումները միավորվելով դառնում են մի հզոր ուժ։ Հնարավոր է հենց դա է խմբային ոգին, չգիտեմ։ Բայց վստահ եմ, որ շատերիս հենց այդ ընդհանուր հուզմունքի ուժն էր, որ հասցրեց գագաթ։
Արարատն ինձ համար ուրիշ նշանակություն ունի
Ոչնչի հետ չէի ասոսացնում, Արարատն Արարատ է, ինքնաբավ գեղեցկություն է։ Ես ընկալել եմ Արարատը և ցանկացել եմ գագաթ հասնել ոչ թե որպես հայ ժողովրդի համար նշանակալի սար, կամ որպես կրոնական տեսակետից կարևոր օբյեկտ, առավել ևս` ոչ որպես ալպինիստական ձեռքբերում։ Արարատն ինձ համար ուրիշ նշանակություն ունի, որն ինքս ինձ համար էլ չեմ ձևակերպել։ Կարծում եմ՝ դրա կարիքը չկա էլ։ Դա իմ ու սարի հարաբերություններն են, որոնք վերելքից հետո նոր փուլ մտան։
Ճիշտ մարդիկ սարի վրա շատ կարևոր են
Ամենամեծ դժվարությունը հուզմունքս էր, որը գագաթ գնալու օրը մի պահ կարող էր վտանգել վերելքս, բայց ինձ արագ օգնեցին հաղթահարել այն։ Մնացածը դժվարություններ էին, որոնք բնորոշ են 5000+ սարերին։ Ակնկալիքներ չունեի, որ հեշտ է լինելու, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե լավ ես պատրաստվել ու ճիշտ մարդկանց հետ ես բարձրանում։
Ճիշտ մարդիկ սարի վրա շատ կարևոր են։ Երևանում ինձ սպասում էին մարդիկ, որոնք գրեթե իմ չափ ուզում էին, որ գագաթ հասնեմ։ Քանի ի վիճակի էի, պետք է քայլեի։ Եվ ինչպես ասել էր մեր ուղեկցորդ Հրաչը՝ «գագաթ հասնելու միակ միջոցը քայլելն է, ուրիշ տարբերակ չկա»։
Դե ճանապարհին էլ բնականաբար Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգն էի լսում։ Կարծում եմ՝ մեկնաբանությունների կարիք չկա)):
Գագաթ հասնելու միակ միջոցը քայլելն է, ուրիշ տարբերակ չկա
Սպասում, ձգտում, վախ, հիացմունք, անհանգստություն, տագնապ, երջանկություն, ու նորից սպասում, ու նորից հուզմունք. նախաարարատյան և արարատյան շրջանում հույզերը ծայրահեղ խտանում են, դժվար կառավարելի են դառնում։ Երևի այդ պատճառով էր, որ գագաթին միակ բանը, որ կարող էի անել, լաց լինելն էր։ Ուղղակի չէի հավատում, որ Արարատի գագաթին եմ, դեռ երկար չէի կարողանում հավատալ։ Հիմա՝ գագաթ հասնելուց ուղիղ երեք շաբաթ անց նոր գիտակցել եմ, որ դա իրականություն էր։
Ու մնացել է անվերջ երախտագիտությունն այն գեղեցիկ մարդկանց, որոնց շնորհիվ իմ կյանքում պատահեց Արարատը։ Ու մի քիչ էլ (իրականում շատ) հպարտանում եմ, որ կարողացա դա անել։
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ ցնցված բառով
Ամենավառ հիշողությունն իհարկե Արարատի գագաթից է։ Վստահ եմ, որ երբեք չեմ մոռանա այդ զգացողությունը։ Արարատի ճանապարհը քարից ու փոշուց է։ Բնության առումով Արարատը քար ու փոշի է։ Այդքան էլ գեղարվեստական ու հրապուրիչ չի հնչում, բայց պետք է եղած լինես Արարատի վրա, որ զգաս, թե այդ քարն ու փոշին քեզ ինչ կարող են տալ։
Մեկնելուց առաջ մտավախություն ունեի, որ եթե Արարատն այդքան մոտիկից տեսնեմ, բառացիորեն հայտնվեմ այդ քարերի ու փոշու մեջ, սարը կարող է կորցնել իր հրապուրանքը, վսեմությունը, կարող է չափազանց իրական դառնալ։ Շատ ուրախ եմ, որ չարաչար սխալվում էի։
Կարծում եմ՝ տարիներ անց կվերադառնամ Արարատ
Կյանքս փոխվեց 5165-ով, բայց դժվարանում եմ բնութագրել այդ փոփոխությունները։ Որպես այդ փոփոխությունների խորհրդանիշ ձեռքիս Սիսն ու Մասիսը պատկերող դաջվածք եմ արել՝ այն սարի, մարդկանց ու սիրո մասին է։
Նարե Մկրտչյան
Առաջիկա արշավներ