Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ ճանապարհներից
Արարատ բարձրանալու որոշումն այդքան էլ դժվար չենք կայացրել, Ֆելիքսը՝ ամուսինս, արդեն փորձ ուներ, մենք էլ վաղուց արշավում ենք ու վերելքի մասին լիքը պատմություններ էինք լսել ընկերներից։ Բայց որոշումից հետո նախապատրաստական պարապմունքներ ու ավելի ակտիվ արշավներ ենք ունեցել, որ ամբողջ ճանապարհը վայելենք ու ֆիզիկապես չտանջվենք։ Ես էլ երկընտրանքի առաջ էի՝ Արարատ, թե այլ ճամփորդություն, բայց երբ հասա գագաթ, հասկացա, որ Արարատ բարձրանալս ամենաճիշտ որոշումն էր։ Կարելի է ասել՝ ես, ի տարբերություն մյուսների, մի ուղեկցորդ ավել ունեի՝ Ֆելիքսը։
Ամեն նման ճամփորդությունից էլ ավելի ենք «ընտանիք» դառնում
Արշավելուց սիրում եմ միշտ մտերիմ մարդու հետ լինել, գոնե մեկի, հատկապես Ֆելիքսի, իսկ երբ ցանկանում եմ առանձնանալ, հանգիստ ու աննկատ հետ եմ մնում, բայց Արարատն ուրիշ էր, էնտեղ մտերիմները նոր-նոր են սկսում ձևավորվել, ու արդեն մտերիմ մարդիկ էլ ավելի հարազատ են դառնում։ Ես ու Ֆելիքսն էլ ամեն նման ճամփորդությունից ավելի «ընտանիք» ենք դառնում։
Զուգընկերոջ հետ ճամփորդելն էլ ավելի պարտավորեցնող է, որովհետև միայն քեզ համար չես պատասխանատու։ Արշավի մեջ էլ շատ կենցաղ կա՝ հատկապես գիշերայինների դեպքում, երբ նախապատրաստական գործը կիսում եք ու հետո իրար շնորհակալություն ասում կամ մեղադրում, որ մյուսն իր գործը կիսատ կամ լավ էր արել)):
Հրաչի խոսքերն առաջ մղող ուժ են սարերում ու կյանքում
Արարատի վերելքը պատկերացնում էի երևի այնպիսին, ինչպիսին եղավ…մի բան էլ ավել եղավ։ Գիշերը, երբ պետք է բարձրանայինք գագաթ, մեր ընկեր ու ուղեկցորդ Հրաչը մի քանի խորհրդով էր կիսվում: Արդեն դեպի գագաթ տանող ճանապարհին հիշում էի Հրաչի այս խոսքերը, որ կարծում եմ միայն սարերի ու ձորերի համար չէ, ասում էր՝ «Հիշե’ք, լույսը բացվելու է, ուղղակի առաջ հրեք ձեզ ու քայլեք»։
Արարատում երկարատև հիշողություններ ենք հավաքել
Ամենագեղեցիկը միասին վերելքի ամբողջ ճանապարհն անցնելն է: Տեսնելը, թե զուգընկերդ ինչպես է շփվում բնության հետ, մարդկանց հետ: Ե՞րբ է ուզում մենակ քայլել, ինչի՞ց է ուզում խոսել, կամ ի՞նչ սիրունություններ է տեսնում։ Նաև երկարատև հիշողություններ են հավաքվում դրանցից, որոնք թոռներին պատմելու դրվագներ են։ Իսկ Արարատն ուղղակի ֆանտաստիկ էր։
Մասիսը միշտ Սիսի կողքին էր
Քանի որ սա իմ առաջին ճամփորդությունն էր դեպի Արևմտյան Հայաստան ևս, ես Արարատը տեսա նաև մյուս կողմից։ Մինչ այդ ինձ համար Մասիսը միշտ Սիսի կողքին էր ու աննկարագրելի, անհասանելի մի բան։ Ես ինչ հետ եմ վերադարձել, դեռ Մասիսին Հայաստանի կողմից չեմ նայել: Վախենում եմ, ուզում եմ դեռ հիշեմ էնպիսին, ինչպիսին թողել ու եկել եմ. երևի հենց աչքս բարձրացնեմ ու նայեմ, շատ ուրիշ բաներ էլ կզգամ։ Ի դեպ, առաջ ծեր մարդ էի պատկերացնում Արարատին, հիմա ինձ համար երիտասարդ աղջիկ է, երևի ընկերացել ենք։
Ֆելիքսի «դու կարող ես»-ները դժվարությունները հաղթահարելու բանալիներից էին
Չեն եղել առանձնակի դժվարություններ: Ամենամեծը երևի այն էր, որ հասանք հատվածը, որտեղ լուսադեմին Մասիսի ստվերը պետք է տեսնեինք, բայց եղանակը թույլ չտվեց: Իսկ մենք սպասում էինք այդ պահին՝ որպես մեր ճամփան կիսող մի բան։ Վանա լճում լողալու ցանկությունն էր դժվարություններս հաղթահարելու բանալիներից մեկը, իսկ եթե անկեղծ, Ֆելիքսի «դու կարող ես»-ները ևս։ Մեզ Արարատի գագաթին կարող եմ բնութագրել «ընտանիք» կամ «լավ ես, չէ՞» (սա ամեն պատեհ-անպատեհ պահի իրար հարցնում էինք) բառերով։
Ճանապարհին մտքիս անդադար «Բինգյոլը» ու Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգերն էին, գագաթին Scorpions-ի «Wind of Change»-ը եկավ-գնաց երևի եղանակով պայմանավորված։
Արարատն ուղղակի սար չէ
Ինձ թվում է 5165-ով կյանքս փոխելը կամ կյանքումս ինչ-որ բան ավելացնելն առջևում է, երբ համարձակություն կհավաքեմ ու Արարատին կնայեմ այս կողմից: Բայց այն ինձ տվեց իմ կյանքում դժվարություններին այլ կերպ նայելու ու դրանց ուրիշ կողմից մոտենալու նոր հմտություններ։
Արարատը չեմ կարող էմոցիաներով նկարագրել, ինձ թվում է այլ սարերին նկարագիր տալը մի քանի անգամ ավելի հեշտ գործ կլինի, քան Արարատին։ Արարատն ուղղակի սար չէ հայերի համար, Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ պատուհաններից ու ճանապարհներից։ Չկա սահմանված էմոցիա կամ մեխանիզմ, որով Արարատի էմոցիաները կկարողանամ նկարագրել։ Լավ, զգում էի ինձ այդ կտավի մեջ։
Մի քանի վայրկյան ու պարզվեց գագաթն էր․ մենք արդեն հասել էինք
Մեր վերելքի լուսաբացին մառախուղ էր ու մռայլ, ու գրեթե 50 րոպեն մեկ կանգառ ունեինք անելու ու հանգստանալու։ Երբ տեսա, որ մեր ու այլ խմբից մարդիկ կանգնած են վերևում, Ֆելիքսին հարցրի՝ «այստեղ կանգնում ենք, հանգստանա՞նք»: Մի քանի վայկյան ու պարզվեց դա գագաթն էր, ու մենք արդեն հասել էինք։ Այդ դրվագը երևի ամենահիշվողներից էր՝ չհաշված էմոցիաները, որ զգացել եմ գագաթին։
Ցանկցած նպատակ ունենալիս, եթե նախապես պատրաստ լինես ճանապարհին, մարզես քեզ ֆիզիկապես ու հոգեպես, երզանաքիդ կամ նպատակիդ ավելի վայելքով կհասնես: Արարատն էլ այդպիսինն էր՝ վայելում էի։
Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ
Ասել, որ լավ չէր անցնի, եթե առանց Ֆելիքս լինեի Արարատում, սուտ կլինի, բայց Ֆելիքսի հետ ես միշտ էլ ավելի ուժեղ եմ զգում ինձ։ Չգիտեմ, Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ։ Արարատ հաստատ կվերադառնանք, երևի արդեն ընդլայնված ընտանիքով՝ տարիներ կամ դարեր անց։
Ես ինքս ավելի շատ ոչ թե բարձրությունների սիրահար եմ, այլ քայլարշավների։ Իմ սիրելի արշավային ուղղությունը Մթնաձորն է։ Չկա սար, որ լինի հստակ նպատակ, ուղղակի ցանկություն կառաջանա, կմարզվենք, կգնանք։
Մի քանի բան կա, անեմ, նայեմ Արարատին, հանդիպեմ Արարատի մեր խմբին, նոր կյանքս կփոխվի 5165-ով։
Մանյա Մարտիրոսյան
Առաջիկա արշավներ