info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ոսկեպարի հուշարձանները

Ոսկեպար

Ոսկեպար

Ոսկեպար գյուղը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ձախ եզրին՝ ծովի մակերևույթից 740-920մ բարձրության վրա: Անվան մասին վկայություններ չկան և կարող ենք միայն ենթադրել, որ այն ունի հազարամյակների վաղեմի պատմություն: Սակայն Հայաստանում ոսկի արմատով  հանդիպում ենք նաև այլ գյուղերի՝ Ոսկեբակ՝ Վան-Տոսպ գավառ, Ոսկեվազ և Ոսկեվատ՝ Արագածոտնի մարզ և Ոսկեվան, որը նույնպես գտնվում է Տավուշի մարզում՝ Ոսկեպարից ոչ հեռու:

Ոսկեպարի հայտնի պատմական հուշարձաններից են Բերդավանքը, Սբ. Աստվածածին տաճարը, Բերդ-աշտարակը, Ջուխտակ Եղցի վանքը և Ոսկեպարի հին կամուրջը: 

Բերդավանք

Բերդավանքը հայ քաղկեդոնական վանական համալիր է՝ հիմնված է 13-րդ դարում: Այն տևական ժամանակ եղել է հոգևոր նշանակալի կենտրոն: Գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արև­մուտք` համանուն գետի ձախակողմյան հատվածում՝ ծովի մա­­կերևույթից 1054 մ բարձ­րու­թյան վրա:

Բերդավանք

Վանական համալիրը կազմված է կենտրոնագմբեթ եկեղեցուց, իսկ ամբողջ տարածքը պաշտպանված է բազմանկյուն պարսպապատով: Բերդավանաքի մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ  այստեղ:

Սբ. Աստվածածին տաճար

Ոսկեպարի այս ճարտարապետական բացառիկ արժեքներով և հորինվածքով տաճարը գտնվում է Ոսկեպար գյուղից 400մ հյուսիս-արևելք: Կառուցված է ավազակրային ֆելզիտի կանոնավոր և սրբատաշ քարերով: Տաճարի առանձնահատկությունը կայանում է Մաստարային հորինվածքում, որը բնորոշ է 7-րդ դարի մի շարք հուշարձաններին: Աղոթասրահը քառակուսի է, որից բացվում են երկրի չորս կողմերի ուղղություններով կիսաշրջան խորաններ, որոնց կորության կենտրոնները 65սմ ճակատային գծից ներս են ընկած: Գմբաթատակ քառակուսուց անցում գմբեթին իրականացվում է տրոմպների շնորհիվ:

Վեղարն ու բոլոր լանջերը պատված են եզրերում կիսագլանաձև ավարտվող ծածկասալերով: Ինչպես 7-րդ դարին բնորոշ շատ տաճարներում, այստեղ նույնպես բեմը ցածր է: Ավագ խորանի արևելյան և արևմտյան հատվածներում կան ավանդատներ: Շքամուտքերը բացված են հարավային և արևմտյան ճակատներից: Լուսավորությունն ապահովվում է երեք ճակատներից և ութանիստ  թմբուկից բացված չորս  լուսամուտների միջոցով, իսկ արևելյան ուղղությամբ բացված լուսամուտներն ունեն մեկական ավանդատուն:

Արտաքին հարդարանքում առանձնանում են թմբուկից և ճակատներից բացված լուսամուտների քանդակազարդ պսակները և շքամուտքերը, վերջինիս վրա առկա են ձկնապատկերներ:
Ներսում հարդարանքն անհամեմատ խիստ է և զարմանալի, որ հարդարանքի որևէ տարրից զուրկ են անգամ որմնախոյակները: Աչքի են ընկնում ութանիստ թմբուկի նիստերի անկյունները եզրափակող փոքրիկ տրոմպների վերնամասում քանդակված պարզ օղակաձև զարդերը: 

Տաճարի մասին առաջին գրավոր վկայություններ արել է բանահավաք Ս. Քամալյանը: Իսկ ավելի ուշ կառույցի ճարտարապետական և հորինվածքային առանձնահատկություններն ուսումնասիրել են  պատմաբան Ս. Տեր-Ավետիսյանը, հնագետ Ա. Յակոբսոնը, ճարտարապետ Գ. Շախկյանը, իտալացի արվեստաբան և ճարտարապետ Պ. Կունեոն և այլք:

Բերդ-աշտարակ

Միջնադարյան պաշտպանական նշանակության Բերդ-աշտարակը գտնվում է Ոսկեպար գյուղից 5կմ դեպի արևմուտք՝ համանուն գետի ձախ ձորապռնկին՝ ծովի մակերևույթից 802մ բարձրության վրա: Այն բնակելի շինություն է, որն ունի քառակուսի հատակագիծ:

Ոսկեպարի Բերդ-աշտարակ

Քառահարկ է, որոնցից մի հարկը նկուղային է, մյուս երեքը՝ վերգետնյա: Կառուցված է կրաշաղախով համակցված անմշակ քարից և  թրծված աղյուսից: Եվ ինչպես կարելի է նկատել Բերդավանքում, այստեղ նունպես քնարակապատված աղյուսները ջնարակապատ են: Աշտարակն ունի զույգ մուտքեր՝ մեկը հյուսիսային կողմից, մյուսը՝ հարավային:

Ոսկեպարի Բերդ-աշտարակը թվագրվում է 13-րդ դար, և կա կարծիք, որ այն եղել է հայ քաղկեդոնական դավանանքի պատկանող մի հայ իշխանի: Իսկ հուշարձանի առաջին գրավոր հիշատակության հեղինակը Մակար եպիսկոպոսն է: 

Ջուխտակ Եղցի վանք

Ջուխտակ Եղցի վանք, այսինքն զույգ եկեղեցիներ։ Սակայն ժողովրդական անվանը հակառակ, Ջուխտակ Եղցի վանքն իրենից ներկայացնում է չորս պատմամշակութային կառույց՝ երեք եկեղեցի և մեկ մատուռ: Բոլոր կառույցները դասավորված են միմյանցից փոքր հեռավորությունների վրա՝  հյուսիս-հարավ ուղղությամբ:

Ջուխտակ Եղցի վանք

Եկեղեցիներից ամենամեծը կիսավեր է, իսկ մյուս երկուսը և մատուռը՝ մինչ օրս կանգուն: Կառուցողական առանձնահատկություններն  ու ճարտարապետական լուծումները երեք եկեղցիների դեպքում  էլ նույնն են: Եկեղեցիները կառուցված են հիմնականում անմշակ, տեղ-տեղ կոփածո քարով և կրաշաղախով:

 Առաջինն իրենից ներկայացնում է միանավ երկխորան, երկլանջ ծածկով պաշտպանված թաղածածկով մի շինություն: Մուտքը միակն է, և գտնվում է արևմտյան կողմում, որը լուսավորվում է երկու խորանների և արևմտյան ճակատից դեպի ներս լայնացող լուսամուտների շնորհիվ: Քիվերն ու ոչ այնքան լավ պահպանված կիսագլանաձև ծածկասալերը կերտված են սրբատաշ քարերից: Այս հնարքի շնորհիվ, չնայած հիմնականում անմշակ քարերից կառուցված լինելով, քիվագոտին ասես հանդիսանում է կառույցի ճակատային հատվածները ընդհանրացնող, հավաքող և ընդգծող գեղարվստական տարր:

Այս մոտեցումն առկա է նաև մյուս երկու եկեղեցիներում: Բացի այդ, իրենց հարդարանքով աչքի են ընկնում եկեղեցու արևմտյան ճակատի որմի մեջ ամրեցված երեք գեղաքանդակ խաչքարերը: Ճակտոնի վերնամասում ուշադրության է արժանանում քանդակված ծաղկաթերթ վարդյակը: Չնայած եկեղեցին ճարտարապետական առումով չի արժանացել յուրահատուկ ուշադրության, սակայն  զարմացնում է մեզ իր վիմագրական ժառանգությամբ, որոնց կարող ենք հանդիպել քիվագոտու և ճակտոնների վրա:

Համալիրի երկրորդ՝ այս անգամ միանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք ունեցող եկեղեցին, գտնվում է առաջինից 4-5մ դեպի հարավ: Այն ևս աչքի է ընկնում իր լուսամուտների եզրերով ձգվող գեղաքանդակներով, ինչպես նաև արձանագիր խաչքարերով:
Երրորդ և ամենաընդարձակ եկեղեցին գտնվում է նախորդից ոչ ավել, քան 3մ հեռավորության վրա՝ դեպի հարավ: Այն նույնպես միանավ է, սակայն, ի տարբերություն մյուս երկու եկեղեցիների, տանիքն ամբողջությամբ փլուզված է: Միակ բացված մուտքը արևմտյան  կողմից է, որին կից գտնվում է ուղղանկյուն հատակագծով ավանդատունը:

Ոսկեպարի հին կամուրջ

Հին կամուրջը գտնվում է Ոսկեպար գյուղի համանուն գետի՝ ծովի մակրևույթից 822մ բարձրության վրա: Իր կառուցողական առանձնահատկություններից՝ քարերի շարվածքից, հորինվածքային լուծումներից, կարող ենք վստահաբար ասել, որ այն թվագրվում է 13-րդ դար:

Ոսկեպարի հին կամուրջ

Կամուրջն ունի 6.40մ բարձրություն, 3մ լայնություն, իսկ թռիչքը կազմում է 7.70մ: Հաշվի առնելով կամրջի լայնությունը հասկանում ենք, որ այն նախատեսված չի եղել  սայլերի կամ կառքերի փոխադրման համար: Չունենալով եզրապատեր, այն առավել համապատասխանում է հետիոտներին և հեծյալներին: Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով: Թաղն ունի փռված, անկանոն կամարի տեսք: 

Համալիրի վերջին կառույցը թաղապատ ուղղանկյուն հատակագծով փոքրիկ մատուռն է: Այն մի փոքր կարծես մեկուսացած լինի մյուս երեք եկեղեցիներից և գտնվում է նրանցից 20մ դեպի հարավ: Մատուռն, ի տարբերություն եկեղեցիների, ունի ավելի դամբարանական հորինվածք, որի ճակատին կանգնեցված է եղել մի մեծ ու գեղաքանդակ խաչքար: Վերջինիս ստորին հատվածում առկա է արձանագրություն, որը պարունակում է կարևոր պատմական տեղեկություններ:

 

Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ս. Կարապետյանի «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ