info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Որպես լեռնային երկիր Հայկական լեռնաշխարհը հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են  մթնոլորտային տեղումների ներծծման  միջոցով: Լեռնային բարձր մասերում սրանք առաջանում են նաև ամռանը՝ գոլորշիների խտացման ճանապարհով: Տաքացած օդը, որը պարունակում է նաև ջրային գոլորշիներ, թափանցելում է քարակարկառների մեջ և շփվելով սառը քարերին՝ ջրի կաթիլները հոսում են  դեպի ցած և սնում ստորերկրյա ջրերին:

Ստորերկրյա ջրեր

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում բազմաթիվ ջրատար շերտեր կարող են առաջացնել: Ամենավերին հորիզոնն անվանում են ՝ գրունտային ջրեր կամ գետնաջրեր: Գետնաջրերի վերին մակերևույթը երկրի մակերևույթին զուգահեռ է: Գետնաջրերի առկայությունը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքով,  կլիմայական պայմաններով:

Հրաբխային ծածկույթների տարածման շրջաններում դրանք առատ են: Հրաբխային լավաները ճեղքատվում են, վերածվում քարակառկառների, որոնք կլանում են մթնոլորտային ջրերը և մակերևութային հոսք չեն առաջացնում: Այդ ջրերը  շրջանառություն են կատարում ամիսներով և դուրս գալիս երկրի մակերևույթ առատ աղբյուրների ձևով:  Եթե չլինեյին լավային ծածկոցները՝ Հայկական լեռնաշխարհը կլիներ ջրազուրկ տարածք: Հրաբխային շրջանների ջրերը աշխարհի լավագուն ջրերի շարքին են դասվում:

Երիտասարդ հրաբխային ապարները ջրի մեջ վատ են լուծվում, դրա համար տարիներով ապարների ճեղքերով շրջանառություն  կատարող ջրերը քիչ են հարստանում լուծված նյութերով:

Վանա լիճը սնվում է ստորգետնյա ջրերով։ Այդ պատճառով էլ լճի մակարդակը անընդհատ բարձրանում է։

Ճնշումնային ջրեր

Հայկական լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում կան ճնշումային ջրեր: Արտեզյան ջրերը գտնվում են 2 ջրամերժ շերտերի արանքում:

Արտեզյան ջրեր կան Արարատյան, Շիրակի, Ալաշկերտի, Մանազկերտի, Բասենի, Սիսիանի, Սևանի, Վանա, Մալաթիայի գոգավորություններում:

Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններում կան կերակրի աղի ու գիպսի հանքեր, այստեղ դուրս եկող  աղբյուրները հագեցած են լինում լուծված հանքային աղերով:

Ստորերկրյա ջրերը քիմիական կազմով հիմնականում պատկանում են հիդրոկարբոնատային-կալցիումային տիպին: Սուլֆատային կամ քլորիդային ջրերը շատ սահմանափակ են:

Գռավի աղբյուր

Հանքային ջրեր

Ձևավորվում են տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից և այլն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և  հրաբխային պրոցեսներից։

ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով (ավելի քան 400 բնական ելքեր)։ Հանքային  ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ:

ՀՀ-ում մթնոլորտային տեղումները ներծծվելով առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։

Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։

Հայկական լեռնաշխարհ