Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Որպես լեռնային երկիր Հայկական լեռնաշխարհը հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով: Լեռնային բարձր մասերում սրանք առաջանում են նաև ամռանը՝ գոլորշիների խտացման ճանապարհով: Տաքացած օդը, որը պարունակում է նաև ջրային գոլորշիներ, թափանցելում է քարակարկառների մեջ և շփվելով սառը քարերին՝ ջրի կաթիլները հոսում են դեպի ցած և սնում ստորերկրյա ջրերին:
Ստորերկրյա ջրեր
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում բազմաթիվ ջրատար շերտեր կարող են առաջացնել: Ամենավերին հորիզոնն անվանում են ՝ գրունտային ջրեր կամ գետնաջրեր: Գետնաջրերի վերին մակերևույթը երկրի մակերևույթին զուգահեռ է: Գետնաջրերի առկայությունը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքով, կլիմայական պայմաններով:
Հրաբխային ծածկույթների տարածման շրջաններում դրանք առատ են: Հրաբխային լավաները ճեղքատվում են, վերածվում քարակառկառների, որոնք կլանում են մթնոլորտային ջրերը և մակերևութային հոսք չեն առաջացնում: Այդ ջրերը շրջանառություն են կատարում ամիսներով և դուրս գալիս երկրի մակերևույթ առատ աղբյուրների ձևով: Եթե չլինեյին լավային ծածկոցները՝ Հայկական լեռնաշխարհը կլիներ ջրազուրկ տարածք: Հրաբխային շրջանների ջրերը աշխարհի լավագուն ջրերի շարքին են դասվում:
Երիտասարդ հրաբխային ապարները ջրի մեջ վատ են լուծվում, դրա համար տարիներով ապարների ճեղքերով շրջանառություն կատարող ջրերը քիչ են հարստանում լուծված նյութերով:
Ճնշումնային ջրեր
Հայկական լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում կան ճնշումային ջրեր: Արտեզյան ջրերը գտնվում են 2 ջրամերժ շերտերի արանքում:
Արտեզյան ջրեր կան Արարատյան, Շիրակի, Ալաշկերտի, Մանազկերտի, Բասենի, Սիսիանի, Սևանի, Վանա, Մալաթիայի գոգավորություններում:
Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններում կան կերակրի աղի ու գիպսի հանքեր, այստեղ դուրս եկող աղբյուրները հագեցած են լինում լուծված հանքային աղերով:
Ստորերկրյա ջրերը քիմիական կազմով հիմնականում պատկանում են հիդրոկարբոնատային-կալցիումային տիպին: Սուլֆատային կամ քլորիդային ջրերը շատ սահմանափակ են:
Հանքային ջրեր
Ձևավորվում են տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից և այլն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխային պրոցեսներից։
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով (ավելի քան 400 բնական ելքեր)։ Հանքային ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ:
ՀՀ-ում մթնոլորտային տեղումները ներծծվելով առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։
Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։