Միափոր լեռ
Միափորի լեռնաշղթա
Միափորի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին: Ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Երկարությունը 54 կմ է: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Վարագի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ են առնում Վարագաջուր, Տավուշ, Խնձորուտ գետերը: Լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:
Միափորի լեռների ամենաբարձր կետը Միափոր լեռն է
Միափոր լեռնագագաթը գտնվում է Տավուշի և Գեղարքունիքի սահմանագլխին, Մարտունի գյուղից 5 կմ հս.: Բարձրությունը 2993 մ է: Միափորի հս. լանջից է սկիզբ առնում Խնձորուտի ձախ՝ Թիթեղաջուր վտակը, հս. արմ. լանջից՝ Վարագաջուր գետի աջ վտակ Խոռոչը, իսկ հվ. լանջից՝ Գետիկի աջ վտակ Մեծ Արքայունը: Սրագագաթ, ժայռոտ լեռ է, լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ, արմ. լանջը ժայռապատ է: Միափորը կազմում է «Գետիկ» արգելավայրի մասը:
Միաձոր
«Փոր», «փորակ» բառերը հայերենում հոմանիշ են «ձոր», «ձորակ» արտահայտություններին։ «Փոր», «փորակ» բառերով կազմված տեղանունների հաճախ ենք հանդիպում Հայաստանի պատմաաշխարհագրական անունների մեջ (օրինակ՝ Բերդաց փոր, Ծոբոփոր, Ասեաց փոր, Զորոփոր, Յոթնփորակեան բագինք)։
Հետևաբար Միափորն այստեղ կրում է Միաձոր իմաստը: Այս ձորով է հոսում Աղստևի աջ վտակ Գետիկը: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գետիկ գետի ավազանը համապատասխանում է պատմական Միափոր գավառին:
Միափոր գավառի մասին պատմող ֆիլմ