Երազանք
Դեռ ուսանողական տարիներից երազանքս էր բարձրանալ Իշխանասար: Երևի պատճառն անվան հետ է կապված: Կան լեռներ որոնց անունը կանչում է: Ամեն անգամ Սիսիան-Գորիս մայրուղով անցնելիս հայացքս չէի կտրում Իշխանասարից:
Վերջապես երեք ընկերներով որոշեցինք իրականացնել այս արշավը: Տաթևից վերադառնալիս իջանք մայրուղու վրա և սկսեցինք քայլել դեպի Իշխանասար: Արդեն մթնում էր, բացեցինք վրանն ու նստեցինք վայելելու Իշխանասարի մայրամուտը:
Մենք գտնվում էինք 1950 մ բարձրության վրա և գիտակցում էինք, որ վաղը ծանր վերելք է սպասվում, քանի որ մինչև գագաթ պետք է բարձրանանք 1600 մ:
Վերելք Իշխանասար լեռ
Վաղ առավոտյան սկսեցինք վերելքը դեպի Իշխանասար լեռան գագաթ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղացիների, ովքեր, ինչպես միշտ, տարբեր ճանապարհներ ցույց տվեցին: Մի տարեց հովիվ դեռ 17 տարեկանում բարևրացել էր Իշխանասարի գագաթ և մինչև այսօր հիշում էր, թե ինչ ծանր վերելք էր եղել:
Որոշեցինք չլսել ոչ մեկի կարծիքն ու ցույց տված ճանապարհը, քանի որ դրանք լրիվ հակասական էին, և բարձրացանք մեր ընտրած երթուղով: Վերելքը հեշտերից չէր: Մինչև գագաթ քայլել ենք 12 կմ, որից մոտ 7-8 կմ կտրուկ վերելք էր: Սակայն այդ հոգնած պահին մի տեսակ ուժ տվեց դեպի Սև լիճ բացվող տեսարանը: Արևը կամաց-կամաց մայր էր մտնում սարերին առանձնահատուկ փայլ հաղորդելով:
Գագաթից բացվում էր տեսարան դեպի Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մի կողմում Ծղուկն ու Թրասարը, մյուս կողմում փռված էր Արցախ աշխարհը, ներքևում երևում էին Սյունիքի գյուղերը:
Արդեն մթնում էր, իսկ մենք դեռ պետք է հասնեինք Սև լիճ: Գագաթից իջանք մեր բարձրացածի հակառակ ուղղությամբ՝ դեպի լճեր: Գագաթից Սև լիճ 6 կմ է:
Սև լիճ
Երբ հասանք լիճ արդեն մութ էր և բավականին ցուրտ: Խփեցինք վրանը՝ սպասումով, որ առավոտյան կարթնանանք Սև լճի արշալույսը դիմավորելու: Սակայն առավոտյան երբ արթնացանք արևն արդեն հորիզոնում էր: Լճի ափով սկսեցինք քայլել դեպի վերջնակետ, բայց լճի գեղեցկությունը չթողեց անտարբեր անցնել: Ափից երևում էր ջրի մաքրությունը, քարերը հատիկ հատիկ փայլում էին արևի ճառագայթներից:
Պետք է խոստովանեմ, որ այսպիսի տաք ու հաճելի ջրում երբեք չէի լողացել: Մի քանի ժամ ափին անցկացնելուց հետո շարժվեցինք դեպի մայրուղի, որը հեռու էր լճից 15 կմ: Ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, սակայն սարերի հովն ուղեկցում էր ողջ ճանապարհին:
Աշխարհագրական տվյալներ
Մեծ Իշխանասար լեռն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է: Գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հս.-արլ.: Բարձրությունը՝ 3549 մ: Լեռան հյուսիսային լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հս-արմ.-ից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, իսկ հվ-արմ. լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, հվ.-ից՝ Շամբ գետը: Լեռն ունի հրաբխային ծագում. լանջերը զառիթափ են, մասնատված կիրճերով և ձորակներով:
Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը: Հյուսիս արևմուտքում Իշխանասարը թամքոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը՝ 2666 մ բարձրության վրա: Լիճն ունի 1,6 կմ երկարություն և 1,2 կմ լայնություն: Մակերեսը՝ մոտ 2 քառ. կմ, առավելագույն խորությունը 7,5 մ: Համարյա շրջանաձև է: Սնումը հալոցքային և մթնոլորտային տեղումներից է:
Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը:
Երթուղու երկարությունը՝ 35 կմ
05.08.2014 – 07.08.2014
Արշավի անդամները՝ Տիգրան Վարագ, Մամիկոն Գրիգորյան և Նարե Մկրտչյան
Հոդվածը և լուսանկարները՝ Տիգրան Վարագի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: