Հայաստանի տարածքում դեռևս վաղ ժամանակներում մեծ կիրառություն են ունեցել գունավոր մետաղները, դրանց վառ ապացույցներից են մետաղաձուլարանների վաղուց պահպանված մնացորդներն ու հետքերը: Նշանվոր էր Մեծամորի մետաղաձուլարանի հայտնաբերումը, որտեղ հայտնաբերվել է մետաղաձուլարանի վառարանը, մետաղաձուլության թափոնները՝ խարամը: Մոտակա ժայռի վրա քարի վրա քանդակված է ամբողջ ձուլարանի կառուցվածքը:
ՀՀ-ի տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակություն կարող են ունենալ պղինձը, մոլիբդենը, բազմամետաղներից՝ կապարն ու ցինկը, ոսկին, ալյումինի հումքը և մի քանի այլ մետաղներ:
Գունավոր մետաղներից գործնական նշանակության և տարածվածության տեսակետից առաջին տեղում է պղինձը, որի հայտնաբերված պաշարների գրեթե 80-90 ℅-ը գտնվում է Կապանի, Քաջարանի և Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերում հանքանյութը պղնձից բացի պարունակում է նաև մոլիբդեն և հազվադեպ այլ մետաղներ: Լոռու մարզում նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:
Գործնական նշանակության տեսակետից կարևոր է նաև մոլիբդենի դերը: Հանրապետությունում առկա է մոլիբդենի տասնյակ հանքավայրեր, որոնցից մեծ նշանակություն ունեն Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։
Բազմամետաղների հանքավայրեր հայտնաբերվել են Հայաստանի տարբեր տարածաշրջաններում՝ Մեղրու, Վայքի, Ստեփանավանի և այլն: Մինչ այժմ գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:
ՀՀ տարածքում կան նիկելի, տիտանի, մագնեզիումի, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի և այլ գունավոր ու հազվադեպ մետաղների պաշարներ որոնք հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերի հանքանյութի և հանրապետության տարածքում հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում: Օրինակ՝ տիտանի պաշարներ կան Արաածոտնի, Կոտայքի մարզի տարածաշրջաններում, նիկելի և կոբալտի պաշարներ՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում և այլն:
ՀՀ տարածքում կան նաև մետաղային մագնեզիումի և մետաղային ալյումինի արտադրության համար անհրաժեշտ հումքի խոշոր պաշարներ: Մետաղային մագնեզիումի արտադրության համար բազա կարող են հանդիասանալ դոլոմիտների խոշոր պաշարները, այդ տեսակետից խոշոր նշանակություն կարող են ունենալ Արզկան և Լուսաձորի դոլոմիտային հանքավայրերը: Մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ են հայտնաբերված նաև Շորժայում, Ջիլում և այլն: Մետաղային ալյումինի արտադրության համար հումք կարող են ծառայել հանրապետեությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները: Նշանավոր է Թեժ լեռան հանքավայրը:
Հանրապետությունում կան նաև ոսկու պաշարներ: Հանքավայրերից մեծ նշանակություն ունեն Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերը:
Արծաթի և պլատինի պաշարներն աննշան են, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հանքավայրերում:
ՀՀ տարածքում կան նաև սև մետաղների պաշարներ, նշանավոր են՝ երկաթի հանքաքարի պաշարները, որոնց զգալի մասը գտնվում է Կապուտանի, Սվարանցի, Հրազդանի տարածքում։
Հանրապետության տարածքում սև մետաղներից հայտնաբերվել են նաև մանգանի ու քրոմի պաշարներ: Սակայն արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր դեռևս չեն հայտնաբերվել: