«Մերն է» Լեռնային նախագիծ
Հայաստանի նման ռելիեֆ ունեցող երկրում մեր բնության հետ ծանոթանալու և ակտիվ հանգստի լավագույն միջոցն ենք համարում լեռնային տուրիզմը: Այդ իսկ պատճառով մեր գործունեությունն ուղղված է եղել բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների հետ ծանոթությանը:
Հետևելով մեր որդեգրած լեռնային արշավներին և համախմբելով շատ գաղափարակիցների, ովքեր սիրում են լեռները և կիսում են մեր հայացքները, առաջարկեցինք շարունակել լեռնագնացությունների շարքը` բարձրանալով Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները:
Նախագիծը ստացավ «Մերն է» խորագիրը, քանի որ նպատակն էր իրականացնել վերելքներ Հայաստանի և Արցախի տարածքում, որպեսզի զարգացնենք մեր երկրի լեռնային տուրիզմը: Կազմվեց լեռների ցանկ և սկսվեց ծրագրի իրականացումը:
Հայաստանի լեռնաշղթաների ամենաբարձր կետերը
Մեկնարկը տրվեց 2013 թ.-ին: Բարձրացանք Հայաստանի լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը Ջավախքից մինչև Դիզակ: Ծրագիրը հատկապես հետաքրքրեց արկածներ որոնողներին, քանի որ մեր նախագիծը կրում էր էքսպեդիցիոն բնույթ: Լեռներից շատերի մասին ոչ մի տեղեկություն չկար համացանացում: Ծրագրի ընթացքում բացահայտեցինք մեզ համար նոր բարձունքներ, ծանոթացանք բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին: Ծրագիրը բաց էր բոլոր արշավականների, լեռների սիրահարների համար: Լեռնային վերելքներին միացան հարյուրավոր մարդիկ Հայաստանի տարբեր բնակավայրերից: Ստորև ներկայացնում ենք լեռնաշղթաների և նրանց բարձր գագաթների ցանկը և արշավների ֆոտոհաշվետվությունները:
1. Արագած լեռնազանգված – Հյուսիսային գագաթ 4090 մ
2. Արջանոցի լեռներ – Ձոր լեռ 2628 մ
3. Արջաքարի լեռներ – Արտանիշ 2460
4. Արջուտի թամքոց լեռներ – Նժույգ լեռ 2470 մ
5. Արեգունու լեռներ – Կարկտասար 2743 մ
6. Արևելյան Սևանի լեռներ – Ծարասար 3427 մ
7. Բազումի լեռներ – Ուրասար 2992 մ
8. Բովաքարի լեռներ – Բովաքար 3016 մ
9. Բարգուշատի լեռներ – Արամազդ 3399 մ
10. Գուգարաց լեռներ – Դժարսար 2244 մ
11. Գեղամա լեռնավահան – Աժդահակ 3597 մ
12. Գնդասարի լեռներ – Մկնասար 2947 մ
13. Թեղենյաց լեռներ – Թեղենիս 2851 մ
14. Թեքսարի լեռներ – Սեմասար 3385 մ
15. Իջևանի լեռներ – Սառցապատ 2532 մ
16. Իշխանասար լեռնազանգված – մեծ Իշխանասար 3550 մ
17. Խուստուփ-Կատարի լեռնազանգված – Խուստուփ 3201 մ
18. Ծաղկոտ լեռնաբազուկ – Մակաղաքար 2170 մ
19. Կամատուրի լեռներ – Գլուտ 2101 մ
20. Կարմիր Թևի լեռներ – Կարմիր Թև 2582 մ
21. Կարմրակողի լեռներ – Կարմրակող լեռ 2712 մ
22. Կոտուցի լեռներ – Կոտուց լեռ 2061 մ
23. Կենաց լեռներ – Կենացսար 2138 մ
24. Կենացբլրի լեռներ – Կենացբլուր 2428 մ
25. Մեղրու լեռներ – Բաղացսար 3249 մ
26. Միափորի լեռներ – Միափոր 2993 մ
27. Մենաքարի լեռներ – Գանձակ 2374 մ
28. Շիրակի լեռներ – Ցուլասար 2556 մ
29. Ողջաբերդի լեռներ – Ողջաբերդ 2220 մ
30. Պայտապարի լեռներ – Շունքար լեռ 2079 մ
31. Ջավախքի լեռներ – Աչքասար 3196 մ
32. Սյունիքի բարձրավանդակ – Թրասար 3594 մ
33. Վահագնի լեռներ – Քարհատ 2230 մ
34. Վարդենիսի լեռներ – Վարդենիս 3522 մ
35. Վիրահայոց լեռներ – Լալվար 2543 մ
36. Տասանորդի լեռներ – Տասանորդ լեռ 2535 մ
37. Տավուշի լեռներ – Մեծլանջ 2052 մ
38. Տափերի լեռներ – Վարդուտ 2353 մ
39. Ուրծի լեռներ – Ուրծ 2445 մ
40. Փամբակի լեռներ – Թեժ լեռ 3101 մ
41. Քարհանքի լեռներ – Շիկալիճ 2402 մ
42. Քարկատարի լեռներ – Քարկատար լեռ 2961 մ
43. Արայի լեռ լեռնազանգված – 2557 մ
44. Արցախի լեռներ – Կուսանաց լեռ 2832 մ