Այս օրերը ես լավ եմ հիշում, ուրեմն դրանք խիտ էին
– Տղե՛ս, հեռախոսդ չմիացնե՛ս, բեսպիլոտնիկները միացրած հեռախոսների վրա են գալիս, խնդրում եմ, – համոզում է մայրս, որ արդեն հոգնել էր արշավի մտքից ինձ հետ պահելու անարդյունք ջանքերից: Համոզում է մի բան, որից երբեք չի հասկացել՝ տեխնիկա, գաջեթներ: Բայց լսել է, որ էդպիսի վտանգ կա, անհանգիստ է…
Ինձ համար արշավի մոտիվը ոչ միայն կախարդական վայրի բացահայտումն էր
2016-ի ապրիլի վերջն էր, մայիսի սկիզբը: Գնում էինք Արցախ՝ Կաչաղակաբերդ: Ինձ համար արշավի մոտիվը ոչ միայն կախարդական վայրի բացահայտումն էր, այլև Արցախի մթնոլորտին ծանոթանալը: Կռիվ էր: Արշավախմբի մոտ էլ էր նույնը, վստահ եմ: Խմբում կային մարդիկ, ովքեր արդեն հասցրել էին կամավորագրվել ապրիլին բռնկված մարտական գործողությունների, սակայն կամավորների աննախադեպ հոսքի պատճառով հետ էին ուղարկվել անորոշ ժամանակով:
Մտանք Արցախ, մտանք Շուշի, հանգրվանեցինք համեստ հյուրանոցում: Ելանք քաղաք շրջելու: Մնացել էին կանայք, երեխաները, տարեցները․ նույնն այդ օրերին նկատեցինք Ստեփանակերտում: Արցախի երիտասարդության մեծ մասը, էդ թվում մեր արցախցի ընկերները պոստերում էին: Մարդիկ լարված էին, հոգնած, դեմքներին լարվածություն:
Օդը լի էր պատերազմով
Ջդրդուզի մուտքի մոտ պարզվեց, որ արդեն զոհվել է իրենց աշխատակիցը, երեկոյան էլ իմացանք, որ հյուրանոցի հենց կողքի շենքից մի ընտանիք կորցրել է երկու արու զավակներին: Օդը լի էր պատերազմով: Մեր տղերքից մեկը էմոցիոնալ էր այդ պահին, իմ տպավորությամբ իրեն էր մեղադրում: Սկսեց խոսել, որ սենց բան ա եղել, իսկ մենք եկել ենք արշավի․․․ հուզվեց, աչքերը թացացան: Մյուսը, ով այս խոսքերն ասելու իրավունքն ուներ, քանի որ կամավորագրվել ու օրեր անց հետ էր ուղարկվել, հակառակն ասեց․
– Հենց իրանց համար մենք պետք ա ապրենք էլ, արշավի էլ գնանք, ուրախանանք էլ. ես էդպես եմ կարծում: Պետք չէ նման կերպ մտածել:
Մյուսը հավելեց․
– Ժո՛ղ ջան, էս պատերազմը դեռ երկար ա շարունակվելու, վստահ եղեք՝ մեզ էլ, ձեզ էլ, մեր երեխեքին էլ դեռ մեր անելու բաժինը բաժին կհասնի:
Առավոտյան ելանք արշավի
Մեզ միացան մի քանի արցախցիներ: 30 կմ քայլարշավ էր սպասվում: Հենց սկզբից անձրև սկսվեց: Ու էլ չդադարեց: Ժամեր, երկար ժամեր քայլել ենք անձրևի տակ, անտառով, ցեխերով, խոտերով: Ոչ ոք չէր նվնվում: Ինչպես միշտ, ուժեղ թիմ էր: Առույգ էինք, խոսում էինք պատերազմի ընթացքից, քաղաքականությունից, մեզնից, բնությունից, ամեն ինչից: Բնությունը դրախտային էր, դրախտային. խիտ, կանաչ անտառներ, մառախուղ, սնկեր, լեռներ, ժայռեր: Քանիսը քանի անգամ ընկան ցեխերի մեջ: Ծիծաղեցինք, առաջ գնացինք: Երբ հասանք մի վայր, ուր հեռվից երևում էր Կաչաղակաբերդի հսկա ժայռը, նստեցինք հաց ուտելու: Հիշում եմ, որ խնձոր էի կլպում: Արշավականների հետ հաց կիսելը միշտ էլ հալալ է, հաճելի:
Գնացինք առաջ, էլի երկար ճամփա, էլի անձրև․․․
Քայլում էի ու մտածում զինվորների մասին: Գիտեինք, որ ոչ մի զորամաս չի մնացել շենքերում, բոլորը դիրքերում են: Ու սենց անձրև, վեդրոյով անձրև: Մտածում էի, որ մենք ենք սենց գնում, բա տղերքը․․․ տղերքը, որ քանի օր է սենց անձրևի տակ են: Բա որ բլինդաժները, ԴՈՏ-րը փլվեն (ցավոք, էդ օրերին էդպիսի բան եղավ, երկու զինվոր զոհվեց)․․․
Հասանք ժայռի մատույցներին: Դժվարությամբ անցանք ամենավտանգավոր հատվածը, որտեղ ժայռի քարը թաց էր ու սահուն:
Կաչաղակաբերդի ժայռի վրա ենք: Այն այնքան բարձր է, որ Մարտակերտի շրջանի ճամփեքով անցնելիս բոլոր կողմերից երևում է: Սպասում էինք այն տեսարանին, որի մասին շատ էինք լսել: Մեզ ասել էին, որ էդ տեսարանը աշխարհի վերջն է:
Վերջը․․․ տեսարանը փակ էր․ փակ էր մեզանից շա՜տ ներքև մնացած ամպերով: Սպասում էինք Աստծո բարձր դիրքերից տեսնել անտառը, բայց տեսնում էինք ամպեր ներքևում: Տխրել էինք: Գագիկը, որ GoPro էր բերել նկարելու, հիասթափված էր․․․
Հաց կերանք նորից, խմեցինք մի քիչ․․․ Գագիկը Կարենի հետ գնաց նորից ստուգելու անտառի երևալը: Ամպեր էին նորից: Մեկ էլ սկսեցին զուգահեռ տարօրինակ շարժումներ անել, տազով հետ ու առաջ շարժումներ անելով, ինչը շատ էր նմանվում ․․․ չասեմ ինչի էր նմանվում։ ))
«Ցրում» էին ամպերը էդ ձև, մենք էլ ծիծաղում էինք․․․ Մեկ էլ, ա՛յ քեզ բա՜ն, ամպերը սկսեցին ցրվել․․․
Բոլորը թողեցին հացը, սկսեցին գոռալ, վազել, վերցնել հեռախոսներն ու խցիկները, որովհետև տեսարանը, որ բացվել էր աննկարագրելի սիրուն էր: Աննկարագրելի, որովհետև ոչ մի խցիկ, ոչ մի GoPro չկարողացավ, չի էլ կարողանա փոխանցել այդ տեսարանը, այդ խորությունը պատկերի: Հետո, երբ նայում էի ֆոտոները, նույնիսկ իրականին մոտ ոչինչ չէին փոխանցում:
Մենք, իրոք, արտասովոր բարձր էինք ներքևում գտնվող ամեն ինչից, ամեն ինչ, էդ թվում սարեր, բլուրներ, ամեն ինչ էնքան փոքր էր ու մենք էնքա՜ն բարձր էինք: Իրոք, ամեն մարդ, որ հրաշք չի տեսել, որ ուզում է նոր զգացումներ ունենալ, պետք է տեսնի այդ տեսարանը․․․
Ամպերը նորից եկան, փակեցին ամեն ինչ․․․ Ահավոր տպավորված էի․․․
Հետդարձին մտքիս էր անընդհատ․ «Ինչքա՞ն բարձր էին ամպերն անտառից, բա՞ մենք ամպերից»:
Հիմա էլ իջնում էինք ժայռից, կրկին անցանք վտանգավոր հատվածը: Բայց տղերքից նորից փոշմանեցին՝ տեսնելով, որ ամպերը ցրվում են: Վազեցին վերև մի քանիսը․․․ Ավելի ուշ եկան, միացան քայլողներին:
Հիմա էլ 15 կմ վայրէջք: Հետ գալիս «սահում» էինք թեքությունների վրա, քանի որ էնքա՜ն խորը ցեխ էր: Հավես էր:
Պարզվեց, որ շփոթել ենք ճանապարհը, փոխանակ ձախ անելը, ուղիղ էինք գնացել: Տեղից հոգնած էինք, մի հատ էլ դա պարզեցինք: Հիշում եմ, որ նստել էինք անտառում հանգստանալու, կրկին անձրևի տակ, բայց ուժ չկար, հանգստանալ էր պետք: Ես նայում էի ճպճպացող կոշիկներիս ու քթի տակ փնթփնթում, ինչը առաջացրել էր բոլորի ծիծաղը:
– Ինձ թվում ա, որ քիչ անց կոշիկներիս վրա իսկական սնկեր են աճելու, ամեն նախապայման կա, – ասել էի ես: )
Ու՜ֆ, վերջապես մթով հասանք մեր մեքենային: Վա՜յ, ոնց փռվեցինք նստարաններին․․․ Արդեն ճանապարհից ժենգյալով հաց պատվիրեցինք, հասանք տուն ու «խզարինք» դրանք:
Արկածները հագեցնում ու խտացնում են կյանքը: Ամեն վայրկյան կյանքից մի վայրկյան քիչ է մնում, մի վայրկյան գնում է, դառնում անցյալ: Այս օրերը ես լավ եմ հիշում, ուրեմն դրանք խիտ էին: Շնորհակալություն ուժեղ թիմին: