info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մատենադարան

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտը, որն ավելի շատ հայտնի է պարզապես Մատենադարան անվամբ (այս բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու) գտնվում է Երևանում:

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում (այժմ՝ Ազգային գրադարան)։

Մատենադարան

1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային  Հայաստանի կառավարության որոշմամբ այն վերածվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի։ 1962 թվականին հաստատությունն անվանակոչվում է հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։

2011 թվականին գործունեության ընդարձակման և հավաքածուի աճի պայմաններում կառուցվում է Մատենադարանի նոր և ընդարձակ գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

Մատենադարանում պահվող շուրջ 17 000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու)  ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն:

Մատենադարանում հայերեն ձեռագրերից բացի պահվում են հունարեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարում կատարված հայերեն թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով, հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։

Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու արձանները, իսկ  ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

Հայերեն ձեռագրերի այլ խոշոր պահոցներից է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը (Վենետիկ, Իտալիա, 4000 ձեռագիր), Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (Իսրայել, 4000 ձեռագիր), Վիեննայի Մխիթարյան միաբանությունը (Ավստրիա, 2800 ձեռագիր և պատառիկ), Զմմառի վանքը (Հայ կաթողիկե եկեղեցի, Լիբանան, 1000 ձեռագիր), Նոր Ջուղայի վանք (Սպահան, Իրան, 1000 ձեռագիր) և Սբ. Էջմիածնի վանական համալիրը (Հայաստան, 1000 ձեռագրից պակաս)։

Մատենադարանի ամենահին ձեռագիրը Վեհամորի Ավետարանն է, որը պահվում է 8-րդ դարից ի վեր: Այստեղ կտեսնեք հայկական ամենամեծ գիրքը` «Մշո Ճառընտիրը» (կշռում է 28 կգ), իսկ ամենափոքրը` 190 գ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ