info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ամուսնության առաջարկ Սպիտակասարում

Ամուսնության առաջարկ

Ամուսնության առաջարկ

Սպիտակասարի գագաթին ամուսնության առաջարկ ստացած Տաթև Խաչատրյանն այդ օրը երբեք չի մոռանա: Armenian Geographic-ի կազմակերպած արշավի ժամանակ տեղի ունեցած այդ միջադեպն անակնկալի էր բերել ոչ միայն Տաթևին, այլև մյուս արշավականներին:

Արշավային առաջին փորձը

Մեզ հետ զրույցում Տաթևը պատմեց, որ դա իր առաջին լուրջ արշավային փորձն էր, թեև նախկինում թեթև բարդության արշավների մասնակցել էր. «Նախկինում սարեր բարձրացել եմ, անգամ հետո հիշեցինք, որ 3.5 տարեկանում Կարմիր սարն եմ բարձրացել, դպրոցական տարիքում, ուսանողության ժամանակ նույնպես արշավների մասնակցել եմ, բայց  որպես պրոֆեսիոնալ լեռնագնացություն Սպիտակասարը առաջինն էր։ Սկզբում էլ, չէինք պատկերացնում, որ այդքան բարդ սար է: Սկզբնական փուլում մի քիչ դժվար էր, (առաջին 20 մետրը բարձրանալիս արդեն փոշմանել էինք ու մի քիչ հոգնել), բայց հետո սովորեցինք, մեր օրգանիզմն էլ սովորեց ընթացքին ու ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Երկուսս էլ շատ ենք սիրում արշավներ, էքստրիմներ և ընդհանրապես ճանապարհորդել։ Այս արշավն ընտրեցինք անմիջապես երբ տեսանք դեպի Աժդահակ լեռ 90 հոգանոց վերելքն ու ամենաշատը գրավեց Զիլ մեքենան, որով արշավականները հասան մինչև լեռ՝ ոգևորվեցինք ու ուզեցինք անպայման մասնակցել»:

Տաթև Խաչատրյան

Տաթևը նշում է, որ արշավն ընդհանուր շատ «հավես» է անցել: Ըստ նրա՝ խումբը շատ լավն էր. «Բոլորս իրար հետ ընկերացել էինք, անգամ վերջում անձրևի տակ մնացինք, բայց անգամ այդ անձևի տակ մնալն էլ այնքան հավես ու ուրախ է, որ լրիվ մոռացել էինք, որ ոտքից գլուխ ջուր էինք եղել: Շատ ուրախ էր, ամեն ինչ լավ էր կազմակերպված, մեր ուղեկցորդներն էլ էին շատ ուշադիր ու հետևում էին, որ ոչ մեկ ընթացքից ետ չմնա»:

Անակնկալ առաջարկը

Խոսելով իր ընկերոջ արած անակնկալի մասին՝ Տաթևն ասաց, որ իրենք ուղղակի արշավի էին գնացել, ու ինքը տեղյակ չի եղել, որ նման բան է լինելու. «Ընդհանուր նշանադրության հետ կապված մտածել էինք, որ ամռանը ինչ-որ մի ձև պետք է կազմակերպենք, բայց ո՞նց, ի՞նչ, ե՞րբ, դեռ ոչինչ պլանավորված չէր: Նախատեսել էինք, որ Տաթևի վանք պետք է գնանք, բայց չստացվեց դա, ու այդպես ընկերս ասաց՝ «թող մնա, ես լավ բան եմ մտածել», ու էլ ոչինչ չասեց»:

Տաթև Խաչատրյան

Տաթևը պատմում է, որ ոչ միայն ինքն է անակնկալի եկել, այլև ողջ խումբը. «Իրականում շատ անակնկալի եկա, որովհետև մենք մեծ դժվարությամբ բարձրացանք գագաթ ու հենց սկզբում որոշեցինք, որ կգնանք ամբողջ խմբով հաց կուտենք, հետո կգնանք նկարվելու: Գնացինք՝ հաց կերանք ու ուրախ-զվարթ ուղղակի պատրաստվում էինք նկարվելու, շարվել էինք բոլորով, որ պետք է նկարվենք, մեկ էլ ընկերս ծնկի իջավ ու մատանու տուփը բացեց: Իսկապես բոլորի համար էր դա շոկ, մենակ իմ համար չէր, մյուսներն էլ էին զարմացել, որովհետև մենք կանգնել էինք նկարվելու համար, իսկ Մհերին էլ (հեղինակի կողմից. լեռնային ուղեկցորդին) ընկերս նախապես հեռախոսը տվել էր, որ նկարի»:

Տաթևը շատ ուրախ է, որ իր ամուսնության առաջարկությունը հենց սարերում է եղել: Նշանադրության այդ տարբերակը նրան ավելի հոգեհարազատ է, քան աղջկա տուն գնալը. «Ինձ համար ավելի խորհրդավոր էր հենց ամուսնության առաջարկ անելը, հատկապես սենց էքստրեմալ պայմաններում, ինձ համար դա ավելի հետաքրքիր էր ու օրիգինալ: Հայկական մյուս տարբերակն էլ էլի շատ հետաքրքիր է ու ունի իր խորհուրդը, բայց 3555մ բարձրունքը հաղթահարելուց հետո այս առաջարկը ստանալը կհիշվի ամբողջ կյանքում»:

Ամուսնության առաջարկ

Տաթևը նշում է, որ ինքն ու իր նշանածը շարունակելու են արշավների մասնակցել, քանի որ շատ են հավանել այս փորձը. «Իրականում էդ դժվարությունն ամենասկզբում էր, երբ նոր էինք սկսում բարձրանալ, որովհետև մեր օրգանիզմն էլ երևի սովոր չէր, երևի սկզբի 10-20 մետրն ենք դժվարությամբ բարձրացել, դրանից հետո սովորեցինք արդեն, ու մի հատված կար, որ ընդհանրապես դժվար չէր, շատ հանգիստ քայլում էինք: Երկուսս էլ ոգևորվել ենք, անգամ արդեն լերնագնացության համար անհրաժեշտ հագուստ ենք պատվիրել, որ հետո էլի շարունակենք: Հաջորդն Աժդահակ լեռն ենք ուզում բարձրանալ»:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում