Մարմաշենի վանք վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշեն վանական համալիրը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի զարգացած հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Կառուցվել է Վահրամ Պահլավունու օրոք. 10-րդ դարի կառույց է: Քանի որ Մարմաշենը եղել է Պահլավունիների տոհմային հանգստարանը, վանական համալիրը մեծապես հովանավորվել է նրանց կողմից:
Անվան ծագումը
Մարմաշեն վանական համալիրի անվան հետ կապված տարբերակները շատ են: Ղ. Ալիշան իր «Շիրակ» աշխատության մեջ գրում է, որ վանական համալիրն իր անունը ստացել է ճարտարապետի անունից, իսկ Ն. Ք. Նիկողոսյանը կարծում է, որ համալիրը կրում է սրբի անունը: Կան այլ կարծիքներ, որ անունն առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից՝ «Մարիամաշեն»: Չնայած կարծիքների բազմազանությանը, անպատասխան է մնում այն հարցը՝ վանական համալիրն են կոչել գյուղի անունով, թե հակառակը: Վկայություններում համալիրը հանդիպում է նաև «Մարիամ Նիշի» անունով:
Վանական համալիր
Մարմաշենի վանք վանական համալիրի մասին առաջին վկայություններն արել է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը 11-րդ դարում: Ըստ այդ վկայության՝ Մարմաշենը կառուցել է Գրիգոր Պահլավունու որդին՝ Վահրամ Պահլավունին (965-1045թթ.): Վկայելով այն մասին, որ վանական համալիրը եղել է 10-րդ դարի կառույց: Մարմաշեն վանական համալիրի մասին իրենց աշխատություններում հիշատակել են մի շարք պատմիչներ՝ Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին:
Պատմություն
Մարմաշեն վանական համալիրը բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին: Այն առաջին անգամ ավերածությունների է ենթարկվել 1064թ. սելջուկ-թուրքերի արշավանքների արդյունքում: Այս մասին վկայել է արաբ հեղինակ Իբն ալ-Ասիրը: Ավելի ուշ՝ 1225թ. վերանորոգվել է Պահլավունիների շնորհիվ:
Սակայն 1236թ. վանական համալիրը կրկին ենթարկվում է հարձակման՝ այս անգամ մոնղոլների արշավանքների ժամանակ: Այնուհետև, վանական համալիրը ավելի ու ավելի է կորցնում իր երբեմնի տեսքը:
Եվ միայն 19-րդ դարի 30-ականներին Ղարսի գաղթականները հաստատվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ վանական համալիրը փոքր-ինչ վերականգնվում է՝ դառնալով գյուղական եկեղեցի:
Ճարտարապետություն
Մարմաշենի վանք վանական համալիրը ի սկզբանե կազմված է եղել երկու խումբ վանքերից՝ Մեծ և Վերին, որոնք միավորել են Գրիգոր արքեպիսկոպոսի և Խարիփ Մագիստրոսի ջանքերով: Վանական համալիրի կառուցումն ընդհանուր տևել է 41տարի՝ 988-1029թթ.:
Մեծ վանքը շրջապատված է եղել պարսպապատով և իր մեջ ներառել է չորս եկեղեցի, գավիթ-ժամատուն, զանգակատուն և գերեզմանոց: Վերին վանքը գտնվում է Մեծ վանքից 200մ դեպի հյուսիս գտնվող բլրակի վրա, ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը:
Մեծ վանք
Մեծ վանքի հատվածի գլխավոր եկեղեցին կոչվում է Կաթողիկե եկեղեցի, որը համալիրի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են մեծ՝ մինչև 2 մ բարձրություն ունեցող, տուֆ քարերից: Ներսից՝ ավանդատները աստիճաններով միանում են բեմին :
Եկեղեցին ունի ճոխ արտաքին զարդարանք, որն առավել ընդգծուն են դարձնում հարավային, արևելյան և հյուսիսային պատերի երկուական խորշերը: Արտաքին զարդարանքում առանձնակի տեղ ունի 12 նիստերից բաղկացած թմբուկը, որի վեղարն ունի հովանոցի ձև: Ընդհանուր ճարտարապետական հորինվածքով Մարմաշեն վանական համալիրի Կաթողիկե եկեղեցին նմանեցնում են Անիի Մայր տաճարին:
Վանական համալիրի եկեղեցիները
Կաթողիկե եկեղեցուց 2,5 մ դեպի հյուսիս գտնվում է համալիրի մյուս եկեղեցին, որից պահպանվել են միայն հարավային և արևելյան պատերը, իսկ տանիքից միայն որոշ հատված: Չնայած այս եկեղեցին ավելի փոքր է, սակայն ճարտարապետական ձեռագրով և հորինվածքով կրկնում է Կաթողիկե եկեղեցուն:
Մյուս եկեղեցին կանգուն վիճակում է: Գտնվում է Կաթողիկե եկեղեցուց 11 մ դեպի հարավ: Այն, չնայած մոտ է տեղակայված նախորդ երկու եկեղեցիներին, սակայն ճարտարապետությամբ էապես տարբերվում է նրանցից՝ այն ունի առավել զուսպ, հավաքական տեսք:
Չորորդ եկեղեցին նույնպես տարբերվում է համալիրի մյուս եկեղեցիներից՝ այն արտաքինից ունի կլորավուն հորինվածք, իսկ ներսից՝ խաչաձև է: Եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատից մի հատված և պատերի հիմնային շարվածքը: Առհասարակ կլորավուն հորինվածքով եկեղեցիներն այնքան էլ տարածված չեն եղել հայկական միւավայրում: Ըստ ուսումնասիրողների՝ այս եկեղեցին իր այդ ճարտարապետական հորինվածքով նման է Կարսի մարզի Խծկոնք գյուղի կլորավուն եկեղեցուն:
Զանգակատուն
Չնայած զանգակատնից պահպանվել են միայն հիմքի 2-4 շերտի քարերը, սակայն ուսումնասիրությունների արդյունքում որոշ մասնագետներ պնդում են, որ այն եղել է Պահլավունիների դամբարանը, սակայն մինչ օրս որևէ գերեզմանաքարի հետքեր չեն հայտնաբերվել: Ի դեպ, Մարմաշենի զանգակատան օրինակով է հետագայում կառուցվել Սանահինի զանգակատունը:
Վերին վանք
Վերին վանքը գտնվում է Մեծ վանքի հյուսիսային կողմում՝ Ախուրյան գետի աջ ափին բարձրացող բլրակի վրա: Այն բաղկացած է մեկ եկեղեցուց և գերեզմանոցից: Կան վարկածներ, որ եկեղեցին կառուցվել է Վահան Պահլավունու կնոջ՝ Սոփիայի մահից հետո՝ 1015թ.: Սակայն եկեղեցու կառուցումն ավարտվել է միայն 1029թ.: Վերին վանքի գերեզմանոցում բացի Սոփիայից, թաղված է եղել նաև Վահրամ Պահլավունու որդու՝ Ապուղամր Պահլավունու կինը: Սակայն նրանց տապանաքարերը դարերի ընթացքում ենթարկվել են ավերվածությունների:
Հատկանշական է, որ նրանց ամուսինները թաղվել են Մեծ վանքի գերեզմանոցում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տոհմի կանայք ունեցել են առանձին դամբարան: Չնայած այս երևույթը հայկական միջավայրում տարածված չի եղել, քանի որ ամուսիններին ընդունված էր թաղել մի գերեզմանատանը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: