info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան ՝ մասնագիտությամբ իրավաբան եմ և աշխատում եմ իմ մասնագիտությամբ: 

Շատ տարիներ առաջ եղբայրներիս ու հայրիկիս հետ որոշեցինք բարձրանալ Եղեգնաձորի ճանապարհից երևացող սարը: Ինչո՞ւ: Հետաքրքիր էր, թե ինչքան ժամանակում կկարողանայինք հասնել գագաթ: Միայն վերջերս ArmGeo-ի շնորհիվ իմացա, որ այն Կարմիրսարն էր: Հիշում եմ, թե որքան ոգևորված էի վերելքի ընթացքում և վերելքից հետո:

Մարիամ Ղազարյան

Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ կան խմբեր, որոնք ամեն շաբաթ վերելքներ են ունենում, այլապես ավելի շուտ կսկսեի արշավել:

«Լեռներն ինձ էներգիա են տալիս…»

Արշավները սովորեցրել են ներկա պահից ստանալ առավելագույնը, լինել ներկայում: Արշավների մասնակցելուց հետո սկսել եմ ավելի արագ կողմնորոշվել և հեշտ որոշումներ կայացնել, դարձել ավելի վճռական, սովորել ոչինչ չհետաձգել և չթողնել վաղվան: Լեռներն ինձ էներգիա են տալիս, հանգստություն, ինքդ քեզ ճանաչելու հնարավորություն: Իսկ լեռների գագաթներից բացվող տեսարանների, աշխարհն այլ անկյունից տեսնելու մասին էլ չխոսեմ:

Ձմեռային վերելքները

Յուրաքանչյուր արշավ տպավորվում է յուրովի, իսկ ինձ համար հատկապես տպավորիչ են ձմեռային, ձյունոտ արշավները, ժայռոտ լեռները: Ամենատպավորիչ արշավներից են եղել Բովաքարի և Արագածի Արևելյան գագաթի վերելքները:

Մարիամ Ղազարյան

Բարձր լեռներ բարձրանալու ցանկություն ևս ունեմ: Հուսամ, որ ժամանակի ընթացքում կսկսեմ ավելի վստահ մտածել այդ նպատակներիս մասին: Կարծում եմ, որ արշավականները մարդիկ են, ովքեր անվերջ բացահայտում են իրենց ու շրջապատող աշխարհը, ովքեր առանց երկար մտածելու պատրաստ են արկածների:

Ես՝ ArmGeo-ում

Մինչ կսկսեի ArmGeo-ի հետ արշավել, մոտ մեկ ամիս հետևում էի էջին, բայց չէի համարձակվում գրանցվել արշավներից որևէ մեկին: Այդ ընթացքում ընկերներիցս մեկը, ում երկար ժամանակ չէի հանդիպել, առաջարկում է գնալ հենց ArmGeo-ի՝ Սառցալի լեռան արշավին: Պատահականություն էր, թե ոչ՝ չգիտեմ, սակայն առանց երկար մտածելու միանգամից գրանցվեցի:

Մարիամ Ղազարյան

Տպավորվել էր արշավի ամբողջ ընթացքը՝  ճանապարհը, Դելիկայի երաժշտությունը (Դելիկա բառն առաջին անգամ էի լսում), ժայռապատկերները, գագաթից բացվող տեսարանները՝ երևում էին Արցախը, Սևանը, Վայոց Ձորը: Արշավից հետո միայն մտածում էի այն մասին, թե ինչու ավելի շուտ չեմ միացել արշավներին:

Անընդհատ ինչ-որ պատճառներ փնտրելու, արշավների չգնալու փոխարեն պետք է ուղղակի գրանցվել առաջին արշավին, և վստահ լինել, որ մնացածը ինքնըստինքյան կստացվի: 

Մեր ակումբի անդամները