info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մարգարիտ Սարգսյան

Մարգարիտ Սարգսյան

Մարգարիտ Սարգսյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ: Աշխատում եմ «Նորֆոլկ Քոնսալթինգ» մաքսազերծում իրականացնող ընկերությունում:

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց:

2004թ-ին մի խումբ ուսանողներով որոշեցինք բարձրանալ Արտենի լեռը, դա իմ առաջին վերելքն էր: Շատ լավ եմ հիշում ոգևորությունս, ուզում էի առաջինը հասնել գագաթ, վայելել գագաթից բացվող տեսարանները. այն ինչ տեսա շատ հուզիչ էր… մի սքանչե՜լի տեսարան. մի կողմում քառագագաթն էր, մյուս կողմում Արևմտյան Հայաստանը, Արարատը… հուզմունքս մեծ էր… այդ օրվանից Արտենին դարձավ իմ ամենասիրելի լեռը Հայաստանում:
Բնության գրկում «հարմարավետության գոտուց» դուրս ինձ երբեք չեմ զգացել, քանի որ մանկությունս անցել է գյուղում, բնությանը շատ մոտ եմ եղել միշտ:

Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Անվերջ կարելի է խոսել այս հարցի շուրջ… Բարձրանում եմ լեռներ, որովհետև սիրում եմ զգալ բարձրությունը, սիրում եմ գագաթից վայելել տեսարանները, նայելով հորիզոնին երազել: Մեծ ազատություն կա լեռներում, գնում եմ, որ օգտվեմ այդ ազատությունից, լեռներում անսահման ուժ կա, որ փոխանցվում է ինձ՝ ուժեղանում եմ… լեռներում «մաքրություն» է տիրում, այնտեղ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ: Լեռներում ես հանգստանում եմ:

Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին

Երջանկությունը լեռների ետևում չէ, այլ հենց լեռներում է:

Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Շատ կուզեի Արևմտյան Հայաստանում որևէ լեռ բարձրանալ: Եվ անչափ ուզում եմ բարձրանալ Դիզափայտ լեռը… Կարծում եմ մոտ ապագայում կունենամ հնարավորություն իրականացնելու ցանկություններս :)

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Դժվարանում եմ առաձնացնել մեկը, որը մյուսից ավելի քիչ եմ սիրել… Ինձ համար հիշարժան են Armenian Geographic-ի բոլոր արշավներն անխտիր, քանի որ մեկը մյուսից տարբեր են, գեղեցիկ ու հետաքրքիր յուրովի: Հիշում եմ բոլոր արշավները, բոլոր վերելքները, հատկապես Արցախյան գիշերակացով արշավները… բայց ինչևէ, փորձեմ նշել մեկը, որն էլի շատ տպավորիչ էր, դա Սվանեթում իրանականացրած արշավն էր… ես երբևէ այդքան մոտ չէի եղել Կովկասյան լեռներին, այդքան չէի փնտրել Ուշբա լեռը մի երազանքով, որ անպայման տեսնելու եմ գոնե հեռվից… գիշերել մի լեռան լանջին, որտեղից տեսնում ես ողջ Կովկասյան լեռնաշղթան, քեզնից ցած՝ ամպեր, ամպերից ներքև մի գողտրիկ քաղաք ու մենք վայելում էինք գիշերային այս հրաշալի տեսարանը, որ լուսավորում էր մեզ համար լիալուսինը… Այդ արշավը ես երբեք չեմ մոռանա…

Սվանեթ / մարգարիտայի ամենահիշարժան արշավը

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Մոտ եղեք բնությանը մարդիկ :) սկսեք քայլել, առանց վախենալու լեռներ գնացեք, այնտեղ ամեն ինչ այնքա՜ն մաքուր է, այնքա՜ն գեղեցիկ: Վստահ եմ` մեկ անգամ լեռներում ձեր օրն անցկացնելուց հետո այլևս դառնալու եք լեռների գերին:

 

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.