«Սուրբ և բարեպաշտ» Մարաթուկը
Մարութա սար – գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել:
Մարաթուկ լեռ կամ Մարութա սար
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:
Մարաթուկի ավանդությունը
Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութուկ լեռանը մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
Հաղորդումը նվիրվում է Մարաթուկ լեռին և նրա գագաթին գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցուն:
Տեսանյութը՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի