Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:
Արմջեոյի ֆեյսբուքյան գովազդը Արարատի վերելքի վերաբերյալ: Իսկ եթե լուրջ, անակնկալի եկա, որ Արարատ բարձրանալու հնարավորություն կա և, առանց երկմտելու արդյոք դա իմ ուժերից վեր է թե ոչ, կամքի ուժիս մարտահրավերն ընդունեցի:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Փոքր արշավական կոշիկներ գնելը, ինչը բավականին լուրջ և խորը վերքեր թողեց ոտքերիս վրա: Արարատ մեկնելու նախօրեին զանազան բժշկական միջոցներ էի որոնում և կիրառում, որ ոտքերիս վերքերը բուժեմ: Սակայն, այդ ամենը անիմաստ էր: Նստեցի Արարատի վերելքի համար նախատեսված ու արդեն հավաքած ուսապարկիս մոտ, հասկանալով, որ չեմ կարողանա այդպիսի ոտքերով հասնել գագաթ: Հուզվեցի, լացեցի, որ ընկերներս մյուս օրը գնալու են Արարատ, իսկ ես՝ բժիշկի:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Դժվար բայց բավականին հետաքրքիր:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Շատ դժվար բայց անչափ հետաքրքիր:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի թե ինչ հաջողակ են այն մի քանի ընկերներս, ովքեր արդեն հասել են գագաթ և վայելում են տեսարանը: Մտածում էի թե ինչպիսին կլինի լուսաբացը 5165 մետր բարձրության վրա: Մտածում էի արդյոք կտեսնեմ Հայաստանը Արարատի գագաթից:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հիացած
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն պահը յուրովի անկրկնելի ու հիշարժան էր, հետևաբար ինձ դժվար է համեմատել և առանձնացնել “ամենա”-ն: Սակայն, կարծում եմ իմ վերելքի ժամանակ կար մի պահ, որը դժվար երբևե որևէ այլ խմբի հետ եղել է, որը իմ Արարատ բարձրանալու փորձը էլ ավելի տպավորիչ դարձրեց: Դա 3200 մետր, առաջին ճամբարում մայրամուտը վայելելն էր Շոտլանդական պարկապզուկի կենդանի երաժշտության ներքո, որը նվագում էր արշավի մասնակիցներից մեկը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Այո: Արարատի վերելքը ստիպեց ինքս ինձ ավելի լավ ճանաչել և վերագնահատել ուժերս: Անշուշտ, առօրյան Արարատի վերելքից հետո չի փոխվում, կրկին վերադառնում ես խենթ ռիթմին և զբաղվածությանը: Սակայն, ընթացքում, երբ հանկարծ նկատում եմ Արարատը, արդեն իրեն ավելի երկար եմ նայում, քանի որ հիշում եմ այն դրախտային տեսարանը, որը բացվեց գագաթից:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Բիբլիական սար, որը ես կարողացել եմ հաղթահարել:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Իհարկե:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Մի երազեք: Գնացեք
Լուիզա Վարդանյան