Լոռի Բերդ
Լոռի բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմական ակնարկ
Լոռի բերդ կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք:
Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին միջնադարյան Հայաստանում եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն: Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին:
1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—1930 թվականներին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):
Բերդի տեղադիրքը
Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել:
Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:
Հնագիտական ուսումնասիրություններ
Լոռիում 1966 թվականից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք` մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով:
Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են:
Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով: Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV— XV դդ.): Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: