Գնացեք Արարատ, երբ պատրաստ կլինեք բարոյապես
Էդպիսի անցում չի եղել։ Հազար ու մի անգամներ եմ Արարատով քայլել, եղել գագաթին։ Նույնիսկ չգիտեմ՝ էդ երազանքնե՞րն էին ավելի իրական, թե՞ իրական վերելքն՝ երազային։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Մեր ու մեր միջև գծված սահմանը:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մտածում էի, ինչպես սովորաբար արշավներին։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Իրականությունն այլ էր, իմ պատկերացրածը չէր․ չէի շտապում, քայլերս չէի զգում։ Ցուրտ չէր, տաք չէր, հոգնած չէի, ուղղակի գնում էի բարձրության, խաղաղության, ազատության միջով։ Երևի էդպես են երջանկության միջով անցնում:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Արևի՛։ Հաստատ՝ արևի։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Բառ չեմ գտնի, բայց «Սիրտս լույսի մեջ լվացվեց»:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Գագաթին զգացածս․․․գիտեմ՝ էլ նման բան չեմ ապրելու․․․։ Բայց էդ պահի թանկությունը սրտումս պահել կարող եմ։
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Չգիտեմ՝ ինչ պիտի փոխվեր, սակայն ես նո՛ւյնը մնացի…
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Նույն Արարատն է, մեր Արարատը, իմ Արարատը։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Չգիտեմ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացե՛ք, երբ պատրաստ կլինեք հոգեպես, ֆիզիկապես ու կարևորը՝ բարոյապես, որ իրար չնեղացնեք․․․
Դուք՝ Արարատին, ինքն էլ՝ Ձեզ։
Լիլիթ Հովհաննիսյան