Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Ունեմ թարգմանչի մասնագիտութուն, աշխատում եմ մարքեթինգի ոլորտում:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Արշավներն ինձ վաղուց էին հետաքրքիր՝ դեռ դպրոցական տարիքից շատ էինք ճամփորդում/կազմակերպում արշավներ: ArmGeo-ի հետ առաջին անգամ որոշեցի մասնակցել, որովհետև նկատել էի, թե ինչքան տարբերվող ուղղություններ կան ներառված ու ինչքա՜ն անհայտ վայրեր կան, որ բացահայտում է ArmGeo-ի թիմը: Առաջին արշավս եղել է 2016 թվականին, ուղղությունը՝ Թեժքար լեռ և Դժոխքի ձոր: Հիշում եմ, երբ ավտոբուսից իջանք ու բոլոր մասնակիցները սկսեցին զինվել իրենց արշավական գույքով (ավելի հարմարավետ կոշիկներ հագնել, բացել ձեռնափայտերը և այլն) մի պահ խառնվեցի իրար: Մտածեցի՝ ես իմ տեղում չեմ, եթե հնարավորություն ունենայի, երևի թե, կնստեի ավտոբուս ու հետ կգնայի քաղաք: Հետո խառը զգացմունքները փոխարինվեցին գեղեցիկ տեսարաններով, հանգստությամբ ու մի տեսակ… մի տեսակ ուրիշ Հայաստանով:
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Բնության մեջ ու լեռներում ես հավասարակշռություն եմ գտնում: Աղմուկի ու լռության, ակտիվ անցուդարձի ու խաղաղության, հարցերի ու պատասխանների հավասարակշռություն: Լեռներում ամեն ինչ մտնում է հարմոնիայի ու բալանսի մեջ՝ ոչինչ քեզ չի անհանգստացնում, միակ բանը, որ մտածում ես՝ քո իսկ ուժերն ու ինքդ քեզ հաղթահարելն է:
Լեռներում ես չեմ շտապում, չեմ հոգնում, չեմ անհանգստանում այն մանրուքների ու կեղծ կարևորությունների մասին, որոնք արհեստականորեն այնքա՜ն շատ են մեր կյանքում, երբ մենք քաղաքում ենք:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Տարածություններով ու ժամանակով չչափվող ինչ-որ տարածք են դառնում լեռները, որտեղ կարող ես ուզածդ ժամանակով ու տարածությունով ճամփորդել, ուզածդ տեղում հայտնվել: Ուզածդ կետում քեզ համար կարևոր բացահայտումներ կարող ես անել, ուզածդ վարկյանին քեզ հզոր զգալ ու ուզածդ հենց նույն կամ հաջորդ վայրկյանին էլ՝ փոքր ու անէական: Բայց երևի ամենակարևորը՝ լեռներում դու քեզ մի մասն ես զգում՝ աշխարհի, երկրի, մարդկանց, ամբողջի…: Այդ ամբողջության զգացողության մեջ ինչ-որ հզորություն կա, որ բառերով փոխանցել չի լինի:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Ստեղծագործությունները շատ են, բայց այս մեկը լեռների, մանկության ու պարզության համադրությունն է ինձ համար, որ ամեն անգամ կարդալիս լեռների օդն եմ քթիս մոտ առնում:
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Բոլորն ու ամեն մեկը՝ հատիկ-հատիկ: Մեկի ժամանակ՝ ոտքերիդ առաջ սպիտակավուն մանր-մանր ծաղիկներ են սփռվում ու ամբողջ ճանապարհդ քայլում ես ու փորձում գտնել այնպիսի ուղիներ, որ չտրորես «ոչ մեկին»: Մյուսի ժամանակ՝ աչքիդ առաջ ես պահում հեռվում երևացող ժայռերն ու անհասանելի թվացող գագաթները ու մտածում, որ մի օր իրենց գագաթին էլ կհասնես: Մյուսին (իմ ամենասիրելիներն են)՝ բառերի և/կամ դրանց բացակայության մեջ գտնում ես մարդկանց ու սարընկեր դառնում:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Ես երբեք չեմ ընտրում, թե որ սարերը պետք է բարձրանամ: Ինձ նույնիսկ մեկ-մեկ թվում է, թե իրենք են ինձ ընտրում: Ու այդտեղ է, որ մենք իրար շատ լավ ենք հասկանում՝ իրենք գիտեն ճիշտ ժամանակը, ճիշտ ճանապարհները…
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հանգստություն, երջանկություն, հպարտություն (լինում են չէ՞ գագաթներ, որոնց հասնելուց հետո նայում ես ներքև՝ անցածդ ուղուն ու հպարտություն ես զգում…)
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Մարդիկ, ովքեր փնտրում ու ձգտում են ավելիին, քան իրենց տրված է:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Էստեղ միայն մի բառ կարող է լինել՝ Արարատ:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Հիշեք, որ ձեզ միշտ մի քայլ է բաժանում գագաթից, ու եթե մի քայլ էլ անեք կհայտնվեք ամենասիրուն տեսարաններով ինչ-որ հրաշալի մի տեղում: Մի՛ նայեք գագաթի բարձրությանը, որովհետև գագաթը միշտ էլ հասանելի է, եթե դուք ևս մեկ քայլ անեք:
Հ.Գ. Դե, կամ էլ վերցրեք հեռախոսը ու ուղղակի զանգեք, համ էլ թույն ինստագրամի նկարներ կունենաք, բա…)
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: