Արարատը հասանելի է` մեզ միշտ սպասող ու կանչող
Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:
Երբ ուրիշ աշխարհում ես ապրում ու չես տեսնում մարդկանց, ովքեր բարձրանում են Արարատը, իրականություն են դարձնում իրենց երազանքները, մտածում ես, որ այդ աշխարհը պարզապես չկա։ Հետո ծանոթանում ես այդ աշխարհի ու մարդկանց հետ, ովքեր ստիպում են հավատալ, որ դու էլ կարող ես Արարատին որպես նպատակ նայել ու մի օր նայել նաև Արարատի գագաթից։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ինքս իմ ուժերին չհավատալն ու կասկածները, որ մինչև գագաթ ընկած ուղին անհաղթահարելի կլինի։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Ավելի բարդ, քիչ հաղթահարելի։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Հեշտ՝ ֆիզիկական տեսանկյունից, հետաքրքիր ու լի բազմաթիվ զրույցներով, պատմություններով ու ծանոթություններով, որոնք ամբողջ վերելքն այնքա՜ն հաճելի ու բովանդակալից են դարձնում։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Չգիտեմ՝ Արարատի եղանակից էր, թե՞ ոչ, բայց ինչ-որ պահ կարծես քամին ու ցուրտը սառեցրել էին թե՛ միտքս, թե՛ սիրտս։ Այդ պահին ոչնչի մասին չես մտածում, ենթագիտակցաբար միայն մի միտք է գալիս՝ որքան հնարավոր է շուտ ու արագ պետք է հասնել գագաթին։ Իսկ հետո՝ գագաթին, արդեն ոչ մի ցուրտ ու քամի չի խանգարի ընկերանալ Արարատի հետ ու զրուցել միասին։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Երջանի՜կ։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Հիշարժան պահերն այնքա՜ն շատ են, որ դրանցից միայն մեկն առանձնացնելը շա՜տ բարդ է։ Մարդիկ, ովքեր այլևս ուժասպառ են, բայց շարունակում են վերելքը, մարդիկ, ովքեր երգեր են երգում ու փորձում հասկանալ «հային», քննարկումներն ու խաղերը, որոնք մթնոլորտն այնքա՜ն ջերմ են դարձնում, միմյանց օգնելն ու քաջալերելը։ Ամենը միասին կարելի է դարձնել մի հիշարժան պահ ու այդպես պահել հիշողությունների դարակում։
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Հետաքրքիր է՝ երբ իջնում էի Արարատից ինքս այդ մասին էի մտածում։ Պատասխանը կարծես դրական չէր։ Իսկ հետո, երբ վերադառանում ես Հայաստան ու Արարատին նայում ես այս կողմից․․․ միայն այդ ժամանակ է գիտակցությանդ հասնում, թե որքա՜ն է փոխվել կյանքդ, միայն այդ ժամանակ ես սկսում հասկանալ, որ արդեն կարոտել ես Արարատին ու 5165 մ բարձրության վրա լինելուն։
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Սար, որին կարելի է անվերջ նայել, ու եթե առաջ նայելիս կարելի էր պարզապես հիանալ ու տխրել նրա անհասանելիությունից, հիմա պարզապես կարելի է նայել անվերջ ու ամեն անգամ երջանկանալ։ Երջանկանալ, որ մենք միմյանց ճանաչում ենք։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Եթե Արարատը նորից կանչի՜․․․։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Պարզապես երազանքների արկղիկից տեղափոխե՛ք նրան նպատակների արկղիկ։ Հավատացե՛ք, որ ճիշտ պատրաստվածության դեպքում Արարատը հասանելի է, իրական է, մեզ միշտ սպասող ու կանչող է։ Ու պատրաստվե՛ք նրա հետ հանդիպմանը։
Լիաննա Առաքելյան