info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատն իմ մի մասնիկն է, Արարատն իմն է

Արարատն իմ մի մասնիկն է

Վերելք Արարատ / Լիաննա Աղաբեկյան

Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:

Ցանկացած երազանք պահանջում է հասունացման որոշակի ժամանակ՝ նախքան այն «քաղելը»: Պարզապես մի օր հասկացա, որ իմ երազանքը հասունացել է, և ես ունեմ բավարար ուժ այն իրագործելու համար:

Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:

Միակ պատնեշը այն կասկածն էր, թե արդյո՞ք ես այն մարդն եմ, ով արժանի է զգալու բիբլիական գագաթին կանգնելու վերերկրային երջանկությունը: Պատնեշը վերացավ այն պահին, երբ հասկացա, որ նույնիսկ երբ խոսքը Արարատի նման անհաս փառքի ճանապարհի մասին է, միևնույնն է՝ ես ինքս եմ որոշում՝ կարող եմ կամ արժանի եմ այդ ճանապարհն անցնել, թե ոչ:

Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:

Վստահ եմ՝ ցանկացած մարդ վերելքից առաջ փորձում է պատկերացնել, թե ինչպես է հասնելու գագաթին, ինչպես է արցունքոտ աչքերով ծածանելու հայկական եռագույնը, ինչպես է երջանկությունից ինքնամոռաց բղավելու, շնորհավորելու ընկերներին և այլն: Այդ ամենը պատկերացնում էի նաև ես: Միաժամանակ նաև հստակ գիտեի, որ վերելքը հեշտ չի լինելու, և ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ես եմ պատկերացնում:

Ինչպիսի՞ն էր այն իրականում:

Արդեն գրեթե երկու ամիս է անցել վերելքից, ու ես հասկացել եմ, որ այն ինչ զգացի վերելքի ընթացքում, երբեք չեմ կարողանա և չեմ ուզում խոսքերով նկարագրել: Ամեն ինչ ուրիշ էր, ոչնչի նման չէր, լրիվ նոր զգացողություններ ու զգացմունքներ, որոնք, կարծում եմ, յուրքանչյուր Արարատ բարձրացողի մոտ տարբեր են, և ես իմ այդ «ուրիշ» զգացմունքմերն էգոիստաբար պահելու եմ իմ սրտի մի տաքուկ անկյունում ու երբեք ոչ ոքի հետ չեմ կիսելու:

Վերելք Արարատ / Լիաննա Աղաբեկյան

 

Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:

Վերջին մի ժամը ես ոչնչի մասին չէի մտածում: Դա մեր վերելքի՝ ինձ համար ամենաքիչ ռոմանտիկ ժամն էր, երբ ցուրտը, քամին, թթվածնի բացակայությունն ու սաստիկ գլխացավը ոչինչ չէին թողնում, քան պարզապես մեխանիկորեն առաջ գնալ: Որքան մոտենում ես երազանքիդ, այնքան հանձնվելու ցանկությունն ավելի մեծանում է, և հենց այդ պահին է որոշվում, թե որքանով ես դու պատրաստ երազանքդ իրականացած տեսնելու երջանկությանը:

Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:

Շատ պարզ՝ ԵՐՋԱՆԻԿ

Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:

Ոչինչ չեմ ուզում և չեմ կարող առանձնացնել, որովհետև վայելել եմ ամեն վայրկյանը:

Փոխվե՞ց կյանքդ  5165-ով:

Փոխվեց… 5165 աստիճանով փոխվեց մոտեցումս անհաս թվազող երազանքներիս նկատմամբ:

Վերելք Արարատ / Լիաննա Աղաբեկյան

 

Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:

Արարատն իմ մի մասնիկն է, Արարատն իմն է…Բայց այդպես էր նաև վերելքից առաջ:

Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:

Ես Արարատից չեմ հեռացել, Արարատը միշտ ինձ հետ է, հետևաբար նրա մոտ վերադառնալու հարց իմ առջև չկա: Իսկ նորից բարձրանալ՝ թերևս ոչ, քանի որ առաջին վերելքի ժամանակ գտա այն, ինչի համար բարձրացել էի Արարատ:

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:

Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է: Համարձակ եղեք, գնացեք երազանքի հետևից և դրա իրականացման ճանապարհին ՎԱՅԵԼԵՔ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ:

 

Լիանա Աղաբեկյան 

Արարատի վերելքի մանրամասներն այստեղ:

Առաջիկա արշավներ