Լեռներն ազգություն չեն ճանաչում
«Լեռներից լավ՝ միայն լեռներն են», — ասել է թիֆլիսաբնակ հայ լեռնագնաց Լև Սարկիսովը և հավելել, որ լեռներն ազգություն չեն ճանաչում: Սարկիսովը բացահայտել է իր սերը լեռնագնացության հանդեպ, երբ աշխատում էր Թիֆլիսի Ավիացիոն գործարանում, որտեղ մի խումբ լեռնագնացներ պարբերաբար կազմակերպում էին գիտարշավներ: Լև Սարկիսովը ծնվել է Վորոնեժում, 1938 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հայրը մեկնել է ռազմաճակատ, իսկ մայրը Լևի հետ տեղափոխվել է Թբիլիսի: Նրա մայրն ու հայրը եղել են քիմիկ – ինժեներներ: Նրա մորական կողմի պապը եղել է Թբիլիսյան բուրժուազիայի վառ ներկայացուցիչ: Մինչև հիմա Հավլաբարում կանգնած է նրա կառուցած տունը:
Լև Սարկիսով լեռնագնացը
Լև Սարկիսովը սկսել է զբաղվել լեռնագնացությամբ, երբ աշխատում էր ավիացիոն գործարանում: Գործարանը շատ հարուստ էր՝ ուներ սեփական խանութները, պոլիկլինիկաներն ու հյուրանոցները: Հենց այնտեղ է ստեղծվում լեռնագնացության խումբ, որին էլ միանում է Լևը: Առաջին մեծ գագաթը, որը նա բարձրանում է գործարանի խմբով լինում է Կազբեկը: Չնայած, այն ժամանակ դեռ բավարար փորձ չունեին, Լև Սարկիսովի խոսքերով գագաթը նրանց հեշտությամբ է տրվել: Դրանից հետո Լև Սարկիսովը միանում է Կովկասում գտնվող լեռնագնացության ակումբներից մեկին, որտեղ էլ սկսում է մասնագիտանալ լեռների հարցում: Այնտեղից նրան ընդգրկում են զինված ուժերի լեռնագնացների թիմի կազմ, որտեղ նա ծառայում է որպես մարզիչ: Դրա հետ մեկտեղ գործարանում մի շարք կարևոր պաշտոններ է հասցնում զբաղեցնել:
«Միանգամից երեք տեղում էի աշխատում, բայց այդպես էլ չստացվեց հարստանալ», – կատակում է Սարկիսովը: Նրա ղեկավարած թիմը լավագույններից է եղել Միությունում:
Սակայն նրա համար երջանկության բանալին նյութական հարստության մեջ չէր: Նա ունեցել է արկածներով և ձեռքբերումներով հագեցած կյանք, հասել ցանկացած լեռնագնացի համար երազանք հանդիսացող մի շարք ձեռքբերումների: Նա Խորհրդային Միության զինված ուժերի լեռնագնացության բազմակի չեմպիոն է, Վրաստանի վաստակավոր մարզիչ, արժանացել է Լեռնագնացության Եվրասիական ընկերության կողմից տրվող «Էդելվեյս» շքանշանի, 1999 թվականին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն նրան պատվո շքանշանի է արժանացրել:
Բայց այս բոլոր տիտղոսները փոշիանում են ամենակարևոր նրա ձեռքբերման՝ «Ձյունե Հովազի» (Снежный барс) առջև: Այսպես էին անվանում Խորհրդային Միության տարածքում գտնվող հինգ ամենաբարձր լեռնագագաթները բարձրացողներին՝ Պիկ Կոմունիզմ (7495մ), Պիկ Պոբեդա (7439 մ) , Պիկ Լենին (7134մ), Պիկ Կորժենեվսկի (7105 մ), Խան-Տենգրի (7010մ) : Սարկիսովը բարձրացել է նշված բոլոր գագաթները: Նա մի քանի անգամ բարձրացել է Ուշբա լեռը, որի վրա սառցե պատերով երթուղիներ են (ամենաբարդ լեռներից է համարվում աշխարհում): Բացի այդ, նա չորս անգամ բարձրացել է Արարատը: Առաջին հայն է, ով բարձրացել է Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր գագաթը (8848 մետր): 1999 թ-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենատարեց մարդ, ով բարձրացել է Էվերեստ:
Եռագույնը Արարատի գագաթին – «Բարձրացնել Հայաստանի դրոշը Արարատի գագաթ իրենից մեծ վտանգ էր ներկայացնում: Ինձ կարող էին կալանավորել, եթե գտնեին եռագույնն ուսապարկիս մեջ: Բայազետում ես գնեցի երեք գույնի կտորներ և հյուրանոցում նրանցից կարեցի հայկական դրոշը», — ասել է Լև Սարկիսովը:
Ադրբեջանի դրոշն Էվերեստի գագաթին
1999 թվականին վրացի լեռնագնաց Բենիամին Կաշակաշվիլիի մոտ մի գաղափար է ծագում՝ կազմել խումբ հայ, ադրբեջանցի, վրացի և աբխազ լեռնագնացներից և «խաղաղության վերելք» իրականացնել Էվերեստ: Վերելքը պետք է ցույց տար, որ թշնամի երկրների ներկայացուցիչները կարող են միասին մի կապի մեջ աշխատել և ընկերներ լինել՝ անկախ պատերազմական իրավիճակներից: Հայերի ներկայացուցիչ է ընտրվում Լև Սարկիսովը՝ չնայած նա Վրաստանի քաղաքացի էր, ոչ թե Հայաստանի: Բանն այն էր, որ Հայաստանում այդ ժամանակ համապատասխան թեկնածու չգտնվեց, ով կունենար անհրաժեշտ հրուշագրերը: Այդ պատճառով թիմը որոշեց, որ հենց Սարկիսովն է համապատասխանում պահանջներին: Էքսպեդիցիայի ողջ գումարը մի հայ գործարար էր ապահովել, ով ցանկացել էր, որ իր անունն անհայտ մնա: Նրա համար կարևոր էր այս գաղափարի խորհուրդը: Դա քիչ գումար չէ, քանի որ միայն վերելքի թույլտվություն ստանալն այն ժամանակ արժեր 25.000 ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր մասնակցի համար: Դա պարտադիր վճարում էր, որն արվում էր Նեպալի կառավարությանը: Վերելքից առաջ Լև Սարկիսովը մի քանի օրով էր երիտասարդ այն մարդուց, ով ամենատարեցն էր Էվերեստի գագաթ բարձրացածներից: Նրա ընկերները հորդորում էին նրան մի քանի օր սպասել նոր սկսել վերելքը, որպեսզի նա գերազանցի ռեկորդը: Սարկիսովը կտրականապես դեմ է արտահայտվում այդ գաղափարին:
«Ոչ մի դեպքում, ռեկորդների ժամանակը չէ: Կարևոր գործով ենք եկել», – ասում էր Սարկիսովը: Նա իրեն չէր ների, եթե իր պատճառով վերելքը ձախողվեր, կամ թիմի հետ ինչ որ բան պատահեր:
Էվերեստի վրա բարենպաստ եղանակային պայմաններ լինում էին կարճատև պատուհաններով և չէր կարելի այդ հնարավորությունները բաց թողնել: Սակայն այնպես է ստացվում, որ եղանակը օրերով չի բացվում և վերելքի օրը հետաձգվում է: Սարկիսովի հետ ճամբարում կար շվեդների խումբ: Նրանք զինված էին նորագույն թանկարժեք գույքով և սարքավորումներով, այդ թվում Erricsson ընկերության արբանյակային հեռախոսով, որի միջոցով կարելի էր ամբողջ աշխարհի հետ կապ հաստատել: Այդպես կարելի էր նաև վճարովի հիմունքներով ստանալ մոտակա օրերի եղանակի տեսությունը: Սարկիսովը և իր խումբը ընկերանում են շվեդների հետ, նրանց նվիրում հայկական կոնյակ, շվեդներն էլ կիսվում են նրանց հետ իրենց տեղեկությամբ: Շվեդներն ասում են, որ մինչև մայիսի 12-ը լավ եղանակ չի լինելու: Այսպիսով մեր թիմը շարժվում է գագաթ մայիսի 12-ին եվ Սարկիսովը ոտք է դնում գագաթ 60 տարեկան և 1 օրեկան տարիքում՝ անցնելով ռեկորդը:
Վերելքի ժամանակ ադրբեջանցի լեռնագնացի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և որոշում է կայացվում, որ նա պետք է ետ շրջվի: Այդպիսի պայմաններում նրա համար վերելքը շարունակելը կարող էր ճակատագրական լիներ:
«Նա շատ վատ էր զգում իրեն և ասաց, որ չի կարող շարունակել, և ես խոստացա նաև ադրբեջանական դրոշը բարձրացնել գագաթ: Նա իմ ընկերն էր դարձել և ես ուրախ եմ, որ արել եմ դա», — ասել է Լև Սարկիսովը:
Էվերեստի չստացված վերելքը
Այս վերելքից հետո՝ 1999-ին հայ մեծահարուստ և բարերար Շանթ Հովնանյանը որոշում է, որ Էվերեստ բարձրանալու համար պետք է կազմվի հայկական խումբ: Նա դիմում է Սարկիսովին այս հարցով: Սարկիսովի օգնությամբ կազմվում է խումբ: Խումբը հավաքվում է՝ Լև Սարկիսով, Հայկ Տոնոյան, Սաշա Մաիլյան, Իգոր Խալաթյան և Շանթ Հովնանյանն ու իր ընկերը Կուբայից: Սարկիսովը խորհուրդ է տալիս մարզումներն անել Դենալի լեռան վրա` Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը (6190 մետր):
Դենալին գտնվում է Ալյասկայում, այդ իսկ պատճառով իր կլիմայական պայմաններով բավական մոտ է Էվերեստին, չնայած գրեթե 3000 մետրով ցածր է: Մասնակիցները հրավիրվում են Նյու-Յորք: Հովնանյանը հոգում է հյուրանոցի, տրանսպորտի, կեցության և թանկարժեք գույքի բոլոր ծախսերը: Դենալիի վերելքի ժամանակ Սարկիսովը մի քանի գիշեր վատ է քնում և սառցադաշտի վրա մի օր նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Հայկ Տոնոյանն իր ուսերի վրա իջեցնում է Սարկիսովին ճամբար: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվում և թիմը պատրաստ է լինում Էվերեստի վերելքին: Սակայն չպարզված պատճառներով վերելքն այդպես էլ չի իրականանում: Չնայած, նույնիսկ հիմա, երբ Լև Սարկիսովը 80 տարեկան է` նա պատրաստ է նոր գագաթների: Հուսանք որ մի օր դա կիրականանա, թեկուզ և այլ կազմով:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2016 թվականին Լև Սարկիսովին շնորհվում է շնորհակալագիր՝ լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: