info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները

Ծիրան, դուդուկ, խաչքար, Սևանա լիճ՝ սրանք այն խորհրդանիշներն են, որոնք անմիջապես կապվում են Հայաստանի հետ: Իհարկե, այս բոլոր խորհրդանիշները հատուկ նշանակություն ունեն ինչպես երկրի մշակույթի, այնպես էլ մարդկանց համար: Սրանք այն խորհրդանիշներն են, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին, սակայն Հայաստանն ունի նաև մի շարք յուրօրինակ խորհրդանիշներ, որոնք քչերին են հայտնի: Այստեղ առանձնացրել ենք Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները:

Վիշապաքարեր

Առաջին քիչ հայտնի խորհրդանիշը վիշապաքարերն են: Վիշապաքարերը հազարավոր տարիների պատմություն ունեցող քարակոթողներ են, որոնք գտնվել են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հայկական լեռնաշխարհի տարածքում են հայտնաբերվել մոտ 150 վիշապաքարեր, որոնց մեծ մասը թվագրվում է ք.ա. 3-4 հազարամյակներին:

Գեղամա լեռների վիշապաքարերը

Հին հայկական առասպելաբանության մեջ վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ և ոչ մի կապ չունի Եվրոպական առասպելներում հանդիպող հրեշների հետ: Մի շարք աղբյուրներում վիշապները համարվում են ջուր և հարստություն պարգևող ոգիներ: Երբեմն երաշտների ժամանակ մարդիկ երկրպագում էին այս վիշապներին՝ հավատալով, որ դրանք կարող էին փրկել իրենց երաշտից: Կա կարծիք, որ այս քարերի վրա պատկերված կերպարներն էլ հենց ներկայացնում են այդ առասպելական վիշապներին: Գոյություն ունի նաև որոշակի կապ այս վիշապաքարերի և ջրի միջև: Քանի որ այս քարակոթողները հիմնականում տեղադրված են եղել ջրի աղբյուրների մոտ: Մարդիկ հնում հավատացել են ,որ վիշապաքարերը ջրի աղբյուրների մոտ դնելով նրանք վախեցնում էին վիշապներին, որոնք ցանկանում էին փակել ջրի ակը:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Վիշապաքարեր

Կախված իրենց ձևից և պետկերաքանդակներից՝ վիշապաքարերը բաժանվում են 3 հիմնական խմբի: Առաջին տիպը դրանք ձկանակերպ հսկայական քարակոթողներն են: Երկրորդ տեսակն իրենից ներկայացնում է բազալտե արձան, որի վրա ցլի կամ խոյի գլուխ է քանդակած։ Երրորդ տիպը վերը նշված երկու տեսակների խառնուրդն է: Հայաստանում մեծ քանակությամբ վիշապաքարեր գտնվել են Գեղամա լեռներում:

Այս քարակոթողների հետ կապված կան բազմաթիվ չբացահայտված առեղծվածներ, որոնք չեն խանգարում, որ այս յուրահատուկ հուշարձանները դառնան Հայաստանի այցեքարտ՝ հիացնելով բազմաթիվ օտարերկրացիների: 

Քարերի սիմֆոնիա

Չնայած, որ Արարատը միշտ եղել է Հայաստանի ամենաճանաչված բնական հուշարձանը, բայց կա մեկ այլ բնական հուշարձան, որի մասին նույնպես չպետք է մոռանալ՝ Քարերի սիմֆոնիան: Գառնու տաճարի հարևանությամբ՝ Ազատի կիրճում է գտնվում այս բազալտե հուշարձանը: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ, որոնք իրենց սիմետրիկության շնորհիվ ձեռագործ են թվում: Գետի վրա կախված այս սյուների շարքը հիշեցնում է երգեհոն երաժշտական գործիքը, որը միախառնվում է կիրճով հոսող Ազատ գետի ձայնի հետ՝ ստեղծելով յուրահատուկ սիմֆոնիա:

Քարերի սիմֆոնիա

Այս բնական հուշարձանն անհրաժեշտ է ներառել Հայաստանի խորհրդանիշների ցանկում, քանի որ այն աշխարհում հազվադեպ հանդիպող հուշարձան է: Մեկ այլ նմանատիպ երևույթ, որն ինչ-որ չափով նման է Քարերի սիմֆոնիային, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Հսկաների ճանապարհն» է: Այն նույնպես բաղկացած է երգեհոն հիշեցնող բազալտե սյուներից: Բայց, ի տարբերություն Քարերի սիմֆոնիայի, նրա բազալտե սյուները կարծես վեր են խոյանում գետնի տակից: Եվ միգուցե հենց դրանում էլ կայանում է Քարերի սիմֆոնիայի յուրահատկությունը. կարծես այն ինչ-որ գերբնական ուժով ստեղծված և երկնքից կախված բնության հրաշք լինի: Այսպիսի հուշարձանն անհրաժեշտ է համարել Հայաստանի խորհրդանիշ ՝ Արարատի հետ միասին: 

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը եղջերավորների ընտանիքին պատկանող կենդանի է, որը հանդիսանում է ներկայիս տնային այծի նախնիներից: Սրանք համարվում են նաև լեռնային այծեր, որոնք մեծ մասամբ տարածված են եղել Հայկական լեռնաշխարհում: Բեզոարյան այծերի հիմնական առանձնահատկությունը նրանց եղջյուրներն են, որոնք հիմնականում օգտագործվում են պաշտպանության և պայքարի համար: Արուների եղջյուրի երկարությունը կարող է հասնել մինչև 130 սմ-ի: Բեզոարյան այծը 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:

Բեզոարյան այծ / լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի

Այս տեսակը, ցավոք, ոչնչացման եզրին է գտնվում, քանի որ մարդիկ շարունակում են որսալ դրանց: Բեզոարյան այծի ստամոքսում առկա է կարծրացած մազափունջ, որը հենց կոչվում է բեզոար: Այծերն իրենց անունը ստացել են հենց սրա շնորհիվ: Հայկական մշակույթում բեզոարյան այծերի կարևորությունը հիմնված է առասպելաբանության վրա: Հնագույն ժամանականերում մարդիկ երկրպագել են բեզոարյան այծերին: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ ժայռապատկերներում պատկերված բեզոարյան այծերը: Այս յուրահատուկ այծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն մասնագետների, այլ նաև բազմաթիվ օտարերկրացիների շրջանակներում, ինչն էլ կարող է նրանց դարձնել Հայաստանի խորհրդանիշներից մեկը:

Դաղդղան

Գրեթե բոլոր մշակույթներում էլ կարելի է հանդիպել հատուկ թալիսմաններ, որոնք օգնում են պաշտպանվել չար աչքից: Այս բոլորի մեջ ամենատարածվածը թերևս աչքի ուլունքներն են, որոնք շատ մարդիկ՝ այդ թվում և հայերը, կրում են իրենց պարանոցին կամ կախում իրենց դռներից և պատուհաններից: Սակայն հայերն ունեն իրենց յուրահատուկ չարխափան թալիսմանը, որը կոչվում է դաղդղան: Այն փայտից պատրաստված թալիսման է, որը մարդիկ կրել են որպես զարդ, կախել կենդանիների վզից, ինչպես նաև տան անկյուններում, որպեսզի պաշտպանվեն չար ուժերից: Դաղդղան պատրաստելու համար օգտագործվել է հիմնականում բռինչ կոչվող ծառի փայտանյութը, որն էլ մարդիկ անվանել են դաղդղան: Դաղդղանը պատրաստել են փայտի վրա տարբեր նախշազարդեր փորագրելով:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Դաղդղան

Յուրաքանչյուր դաղդղան յուրահատուկ է և երբեք չի կրկնվում: Վարպետը դաղդղանի վրա պատկերում է նշաններ, որոնցից յուրաքանաչյուրն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունեն: Դաղդղաններ պատրաստում էին նաև նորածին երեխաների համար, որպեսզի նրանց պաշտպանեին չար աչքից: Սակայն երեխաների համար պատրաստված դաղդղաններն ավելի փոքրիկ էին և հաճախ ունեին փոքրիկ ուլունքի տեսք: Հնում մարդիկ հավատում էին, որ դաղդղան կրելով իրենք ամբողջովին պաշտպանված էին չարի ներգործությունից: 

Չնայած որ այժմ՝ կրոնական հավատալիքների փոփոխման արդյունքում, մարդիկ այլևս այս հմայիլներին չեն վերագրում չարխափան հատկանիշներ, բայց միևնույն է դրանք իրենց յուրահատկության շնորհիվ կարող են հանդիսանալ Հայաստանի խորհրդանիշներից մեկը: 

Որդան Կարմիր

Հայկական այս յուրահատուկ ներկանյութը, որը հայտնի է «որդան կարմիր» անունով, միջատ է, որը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում: Ինչպես հնագույն գրավոր աղբյուրներն են վկայում, որդան կարմիր ներկանյութը Հայաստանում օգտագործվել է դեռևս հնագույն ժամանակներից: Երևանի Մատենադարանում պահպանված մի շարք ձեռագրերում կարելի է տեսնել կատարյալ վառ կարմիր գույնով գրվածքներ, որոնց համար օգտագործվել է հենց որդան կարմիրը: Այս կարմիր ներկանյութը մեծապես օգտագործվել է նաև հայկական գորգերի մեջ, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Որդան կարմիր

Միջնադարից սկսած արդեն հայկական որդան կարմիրը մեծ հռչակ էր վայելում ամբողջ աշխարհում՝ ինչպես Մերձավոր արևելքում, այնպես էլ Եվրոպայում: Ք.ա. 3-րդ հազարամյակում Պարսկաստանի թագավորն այս կարմիր ներկանյութը հասցնում է Հռոմ: Նա այն Ավրելիանոս կայսերը ներկայացրեց բրդյա ներկված կտորի տեսքով: Հռոմեացիները հիացած էին ամբողջ աշխարհում հայտնի այս հայկական ներկի հիասքանչ գույնով: Այն բավականին թանկ գնով վաճառվում էր այնպիսի վայրերում ինչպիսին էր՝ Կոստանդնոպոլիսը, և մարդիկ նույնիսկ հեռավոր Եվրոպայից հասնում էին այստեղ, որպեսզի գնեին այն: Այն ժամանակ որդան կարմիրը հանդիսանում էր Հայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը:

Այս միջատն ապրում է հողի տակ: Կարմիր գույնը սովորաբար ստացվում է միջատներին որոշ ժամանակ հատուկ քիմիական միջավայրում պահելու արդյունքում: Որդան կարմիրն այսօր համարվում է վտանգված տեսակ: Դրա պահպանության համար 1987 թվականին Արմավիրում բացվել է «Որդան Կարմիր» արգելավայրը:

Այնպիսի խորհրդանիշներն, ինչպիսիք են նուռը, ծիրանը և Արարատ լեռը, միևնույն է շարունակում են մնալ Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից: Սակայն վերը թվարկված խորհրդանիշները նույնպես դասվում են դրանց շարքին: Այս խորհրդանիշները նույնպես պետք է լավ ճանաչելի լինեն, ոչ այն պատճառով, որ արդեն հայտնիները բավարար չեն, պարզապես դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական մշակութային արժեքների համատեքստում:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին