info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան ՝ մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, ArmGeo ակումբի անդամ։

Արշավների սկսեցի մասնակցել, քանի որ ցանկանում էի Հայաստանը ճանաչել ոչ թե նկարներով, այլ տեսնել սեփական աչքերով։ Այդպես էլ սկսեցի ամեն շաբաթ արշավների գնալ ու ստացվեց այնպես, որ առաջին 2 տարում մոտ 100 արշավի մասնակցեցի։

Լենա Զաքարյան

Լեռները սովորեցնում են այնպիսի պարզ բաներ, որոնք մինչ այդ չէիր էլ նկատում, քեզ խաղաղություն ու մի շարք հարցերի պատասխաններ են տալիս, էլ չեմ խոսում գաղափարակից մարդկանց մասին։ Լեռները յուրօրինակ երաժշտություն ունեն ու հոգիդ հրճվում է դրանից։

Սատանի կամուրջն ու ArmGeo-ն

Մինչև ծանոթներիցս մեկը կպատմեր ArmGeo-ի մասին, ես գաղափար չունեի, որ Հայաստանում կարելի է ակտիվ հանգստով զբաղվել։ Միանգամից գրանցվեցի մոտակա շաբաթ օրվա արշավին դեպի Սատանի կամուրջ։ 

Շատ լավ հիշում եմ՝ օգոստոս ամիսն էր, Երևանում խայտառակ շոգ էր, իսկ Տաթևում՝ +12 ու անձրև։ Իհարկե ինչպես բոլոր սկսնակները, ես նույնպես պատրաստված չէի, իսկ իմ մասին հոգ տարան ու օգնեցին մյուս արշավականները։ Նրանք այն մարդիկ էին, որոնց ես փնտրում էի, մարդիկ, ովքեր երեխայի պես ուրախ էին բնության գրկում լինելուց։ Եվ այդ օրվանից միշտ արշավում եմ միայն ArmGeo-ի հետ։

Լենա Զաքարյան


Դժվար է բնութագրել արշավականներին, բայց իմ համար նրանք այն մարդիկ են, ովքեր իմ մասին գիտեն ավելին, քան ես, ու ստիպված մինչև կյանքիս վերջ պիտի շփվեմ իրենց հետ կամ սպանեմ :)

Լեռների մարտահրավերները

Ինձ ավելի շատ գրավում են բարդ լեռները, այն արշավները, որոնք նոր մարտահրավեր են եղել իմ համար։ Այդ արշավներն ամենաշատն են տպավորվում։ Միանգամից հիշեցի Խուստուփի վերելքը՝ Վերին Վաչագանի կողմից։ Ինձ թվում էր, որ արշավն արդեն մի հավերժություն էր տևում ու չէր վերջանա։ Իսկ եղանակն ու բուսական աշխարհը շատ արագ փոփոխվում էին, ու ես արդեն չէի հասկանում՝ որտեղ եմ։

Դժվարության տեսանկյունից լավ տպավորվել է նաև Սաբալանի վերելքը, որի ամբողջ ընթացքում ինձ տիեզերքում էի զգում ու առանձնապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց որ աշխարհն ու զգացողություններդ 4500 մետրից հետո փոխվում են՝ դա հաստատ։

Յուրաքանչյուր մարդ, ով առաջին անգամ արշավի է մասնակցում, ինքն իրեն հարց է տալիս, թե ինչի ավելի շուտ չի սկսել արշավել։ Այնպես որ՝ վե՛ր կաց ու արի՛ արշավ, բնությունը սպասում է քեզ։

Մեր ակումբի անդամները