info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի Լեգենդները / Լեռներ

Հայաստանի լեգենդները

Հայաստանի լեգենդները

Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ արթնանալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Հայաստանի լեռները

Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ, և դրանով իսկ պատճառ են հանդիսացել մի շարք լեգենդների առաջացման: Այս լեգենդները, թվում է թե, ամբողջացնում են ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ նաև սիմվոլիկ նշանակություն տալիս լեռներին: Հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ հայոց լեռների մասին: Այնուամենայնիվ այս լեգենդների մեծ մասը հիմնված են իրական պատմությունների վրա և ունեն իրական հերոսներ:

Արա լեռ

Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: Ըստ լեգենդի Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Բայց ինչքան էլ որ Շամիրամը ջանքեր թափեր՝  չէր կարողանում Արայի սիրտը գրավել: Եվ քանի որ Արան մերժել էր իրեն, Շամիրամը պատերազմ է հայտարարում Արային այն հույսով, որ կհաղթի Արային և կնվաճի նրա սիրտը: Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ Արան վիրավորվում է և մահանում: Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային: 

Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, ինչի շնորհիվ էլ մարդիկ այն կոչել են Արայի լեռ:

Արա լեռ

Աժդահակ լեռ

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աժդահակ լեռ

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Արարատ և Արագած

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Արագած

Արտոս և Առնոս լեռները 

Երբ Նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը նա սկսում է արտասվել: Այսպիսով լեռը անվանվել է Արտոս ՝ արտասվել բառից: Իսկ երբ Նոյան տապանը հասել է Շատախ լեռանը, նա սկսել է կանչել «Տե՛ր Աստված, առ Նոյս», « Առ Նոյս» և լեռը ստանում է Առնոս անունը:

Մեկ այլ լեգենդի համաձայն նոյան տապանը լողալով գնացել է Կոռապաշ լեռան մոտ և կամեցել է նրա վրա հանգչել, սակայն վերջինս կոռվելով (կռանալով) ճանապարհ է տվել նրան դեպի դիմացի լեռը: Նոյը մոտենալով լեռանը ասել է « Առ Նոյս, առ Նոյս» , որից և առաջացել է լեռան Առնոս անունը:

Արտոս լեռ

Խուստուփ լեռ

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

Խուստուփ լեռ

Դիզափայտ լեռ

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։

Դիզափայտ լեռ

Կարդացեք նաև մեր հոդվածը Հայաստանի լճերի և ջրվեժների լեգենդների մասին

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին