Հայաստանի Լեգենդները / Լեռներ
Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ արթնանալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ:
Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ, և դրանով իսկ պատճառ են հանդիսացել մի շարք լեգենդների առաջացման: Այս լեգենդները, թվում է թե, ամբողջացնում են ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ նաև սիմվոլիկ նշանակություն տալիս լեռներին: Հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ հայոց լեռների մասին: Այնուամենայնիվ այս լեգենդների մեծ մասը հիմնված են իրական պատմությունների վրա և ունեն իրական հերոսներ:
Արա լեռ
Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: Ըստ լեգենդի Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Բայց ինչքան էլ որ Շամիրամը ջանքեր թափեր՝ չէր կարողանում Արայի սիրտը գրավել: Եվ քանի որ Արան մերժել էր իրեն, Շամիրամը պատերազմ է հայտարարում Արային այն հույսով, որ կհաղթի Արային և կնվաճի նրա սիրտը: Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ Արան վիրավորվում է և մահանում: Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային:
Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, ինչի շնորհիվ էլ մարդիկ այն կոչել են Արայի լեռ:
Աժդահակ լեռ
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։
Արարատ և Արագած
Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
Արտոս և Առնոս լեռները
Երբ Նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը նա սկսում է արտասվել: Այսպիսով լեռը անվանվել է Արտոս ՝ արտասվել բառից: Իսկ երբ Նոյան տապանը հասել է Շատախ լեռանը, նա սկսել է կանչել «Տե՛ր Աստված, առ Նոյս», « Առ Նոյս» և լեռը ստանում է Առնոս անունը:
Մեկ այլ լեգենդի համաձայն նոյան տապանը լողալով գնացել է Կոռապաշ լեռան մոտ և կամեցել է նրա վրա հանգչել, սակայն վերջինս կոռվելով (կռանալով) ճանապարհ է տվել նրան դեպի դիմացի լեռը: Նոյը մոտենալով լեռանը ասել է « Առ Նոյս, առ Նոյս» , որից և առաջացել է լեռան Առնոս անունը:
Խուստուփ լեռ
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:
Դիզափայտ լեռ
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կարդացեք նաև մեր հոդվածը Հայաստանի լճերի և ջրվեժների լեգենդների մասին
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: