info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի Լեգենդները / Լճեր և Ջրվեժներ

Լեգենդենր լճերի և ջրվեժների մասին

Լեգենդենր լճերի և ջրվեժների մասին

Հայաստանի լեգենդներն առանձնանում են իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ և բովանդակությամբ, և հանդիսանում են հայերի պատմության և կենցաղի անբաժան մասը: Հայ ժողովուրդը միշտ սիրել է լեռների, լճերի և տարբեր աշխարհագրական օբյեկտների անվան ծագումները կապել լեգենդների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանում հանդիպող գրեթե բոլոր աշխարհագրական օբյեկտներն ունեն իրենց անվան հետ կապված որևէ լեգենդ կամ առասպել: Այժմ կներկայացնենք Հայաստանի լճերի և ջրվեժների մասին լեգենդները:

Սևանա լիճ

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը. Երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը): 

Սևանա լիճ

Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Այղր լիճ

Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ: Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանը անհետացել է: Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է Այղր լճում: Շալակում է մի պարկ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ: Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Այղր լճում:

Սև լիճ 

Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եկել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի: Աստծո հրամանով ՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից: Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել և ցրիվ եկել չորս կողմը:

Սև լիճ

Վանա լիճ

Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները:  Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին: 

Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում և երկնքից մոխիր է թափվում:

Վանա լիճ

Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորւմ , որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա:

Շաքիի ջրվեժ

Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:

Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:

Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Շաքիի ջրվեժ

Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Ջերմուկի ջրվեժ

Ըստ լեգենդի ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում:

Ջերմուկի ջրվեժ

Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Թռչկանի ջրվեժ

Տեղի ժողովուրդն ասում է որ Չիչխան գետը հարուստ է իշխանով և լեգենդի համաձայն նրանք թռչում են ջրվեժի վրայով ավելի քան 20 մետր բարձրությունից: Այդ իսկ պատճառով էլ ջրվեժը կոչվել է Թռչկան, թռչել բառից:

Թռչկան

Կարդացեք նաև Հայաստանի լեռների մասին լեգենդները

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին